Ալիեւյան քարոզչության «պերճանքը» եւ թշվառությունը

Ալիեւյան քարոզչության «պերճանքը» եւ թշվառությունը

Երեւի շատերն արդեն մոռացել են Իլհամ Ալիեւի վերջին խնդրանքը՝ թող Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ճիշտ է, այդ միտքը նա ձեւակերպել էր «սպառնալիքի»  լեզվով, բայց դրանից իմաստը չի փոխվում. Ալիեւի համար մեծ նվեր կլիներ, եթե Հայաստանը գնար նման հուզական քայլի: Ալիեւին դա կտար ոչ թե «հաղթական պատերազմի» առիթ, ինչպես ադրբեջանցի վարձկան գրչակներն են տարփողում, այլ՝ սեփական դեմքը փրկելու հնարավորություն:

Չէ՞ որ նա մեկ անգամ խոստովանել է, որ միջնորդներն իրեն պարտադրում են ճանաչել ԼՂ անկախությունը: Դա առաջին փորձնական քայլն էր, որի դեմ  ադրբեջանական հանրությունն սկզբունքորեն  չընդվզեց: Ներկայումս Ալիեւը փորձում է նենգափոխել տավուշյան ռազմագործողությունների քաղաքական նշանակությունը: Քարոզչամեքենան օրնիբուն աշխատում է այն ուղղությամբ, որ միջազգային հանրությունը «պաշտպանում է Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը»: Իսկ Հայաստանն, իբր, չի «կողմնորոշվում նույնիսկ սեփական սահմանների հարցում»: Այսինքն՝ Հայաստանի սահմանները ներառնու՞մ են հակամարտ զորքերի շփման գիծը, թե՞ ոչ: Նենգամտությունն ակնհայտ է: Եւ արժե փոխադարձել՝ իսկ որո՞նք են Ադրբեջանի սահմանները: Այդ երկիրն իրեն հռչակել է 1918-20թ.թ. գոյություն ունեցած՝ Ադրբեջանի ժողովրդական հանրապետության իրավահաջորդ: Իսկ այսպես ասած՝ առաջին ադրբեջանական հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններ չի ունեցել:

Ի մասնավորի, նրա ճանաչված եւ անգամ փաստացի իրավազորությունը երբեք չի տարածվել Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի վրա: Այդ տարածքները խորհրդային Ադրբեջանին են բռնակցվել ռուս-թուրքական, ավելի ճիշտ՝ բոլշեւիակ-քեմալական պայմանավորվածությամբ: Կրկնենք՝ Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղ «ի տնօրինություն» են հանձնվել Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությանը, որի իրավահաջորդությունից ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է 1991թ. հոկտեմբերի 18-ի՝ «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական Ակտով: Պետական-իրավական-քաղաքական առումով ներկայիս Ադրբեջանը 1918-20թ.թ. գոյություն ունեցած Հանրապետությունն է, ուստի չի կարող տարածքով լինել Ադր. ԽՍՀ: 21-րդ դարում հիմք ընդունել Ռուսաստանի կոմկուսակցության Կովկասյան բյուրոյի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը «թողնվել է» Ադրբեջանին, իրավական առումով նոնսենս է: Իսկ այլ փաստաթուղթ, որ կարգավորում է ԼՂ պատկանելիությունը, գոյություն չունի:

Այնպես որ՝ Հայաստանի սահմանների հարց բարձրացնելուց առաջ Իլհամ Ալիեւը նախ ինքը պիտի կողմնորոշվի, թե որո՞նք են իր երկրի օրինական սահմանները: Իսկ այսօր եւ այժմ կճանաչի Հայաստանը ԼՂ անկախությունը, թե՝ վաղը, դա արդեն Հայաստանի խնդիրն է: Հայկական կողմն Ադրբեջանին հնարավորություն է տալիս պատվով հաղթահարել իրավիճակը, ճանաչել Արցախի անկախությունը եւ անցնել սահմանազատման, կոմունիկացիոն եւ մարդասիրական հարցերի քննարկմանը: Եթե Բաքուն այդ հնարավորությունը բաց թողնի, ապա օպտիմալ լուծում Հայաստանը եւ Արցախւ կգտնեն՝ հենվելով միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա: