Ինչպես եւ սպասվում էր

Ինչպես եւ սպասվում էր

Օգոստոսի 10-ն է, Սեւերի պայմանագրի 100-ամյակը: Հրավիրվել է գիտաժողով: Ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բոլոր լրատվամիջոցներն անդրադառնում են թեմային: Դե իսկ սոցիալական «մեդիան» պարզապես մոլեգնում է: Բոլորը խոսում են փաստաթղթի կարեւորությունից: Ինչպես եւ սպասելի էր՝ ոչինչ չի ասվում երկու կարեւոր հանգամանքի մասին:

Նախ, Սեւրի պայմանագիրն ստորագրելու օրը Հայաստանը մեկ այլ, ավելի առարկայական, համաձայնագրով իր տարածքների մի մասը՝ Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչում էր «վիճելի» եւ բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից «ժամանակավորապես զբաղեցված»: Այսինքն, Սեւրի պայմանագրով Հայաստանին պատկանող տարածքների մի մասն արդեն իսկ փաստացի մերը չէին: Չխոսած Արեւմտյան Հայաստանի մասին, որտեղ թուրքական «միլլի» շարժումը վերջին մաքրագործումներն էր անում: Սեւրում պայմանագիր ստորագրող պատվիրակությունը տեղյա՞կ էր, որ Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչները նույն օրը Թիֆլիսում զինադադարի համաձայնագիր են ստորագրում բոլշեւիկյան կառավարության հետ:

Թիֆլիս մեկնող պատվիրակությունը տեղյա՞կ էր Սեւրի պայմանագրի գոնե Հայաստանին վերաբերող հոդվածներին: Սրանք  երկրորդական-երրորդական հարցեր են: Փաստն այն է, որ Սեւրի պայմանագրից հազիվ չորս ամիս անց Հայաստանի կառավարությունն Ալեքսանդրապոլի պայմանագրով հրաժարվել է դրանից: Այսօր ավելի շատ պետք է խոսել ռուս-հայկական զինդադարի 100-րդ տարելիցի մասին: Առնվազն այն իմաստով, որ դրանով երաշխավորվում էր, որ Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի պատկանելիության հարցը կկարգավորվի այն սկզբունքներով, որ կոմղերը՝ Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանը կհամաձայնեցնեն խաղաղության վերջնական բանակցություններում: Պատմությունը որեւէ իմաստ ունի, եթե կարող է ազդել ներկայի զարգացումներին: Հայ-ռուսական զինադադարի մասին համաձայնագրից ուղղակիորեն բխում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը հայ-ռուսական կամ ռուս-հայկական համաձայնության առարկա է:

Խոսել այդ մասին, չի նշանակում լինել ռուսատյաց: Բարձրացնել այդ խնդիրը, չի նշանակում վնասել հա-ռուսական դաշնակցային հարաբերություններին: Դրանից միայն մի բան է հետեւում՝ Հայաստանը տեր է կանգնում իր իրավունքին եւ Ռուսաստանի հետ քննարկում մի հարց՝ ինչպե՞ս է, որ Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը հայտնվել են խորհրդային Ադրբեջանի կազմում՝ առանց Հայաստանի հետ համաձայնության, մի բան, որ նախատեսված է 1920թ. օգոստոսի 10-ի ռուս-հայկական զինադադարի մասին փաստաթղթով: Բայց մենք նման գոնե հանրային  դիսկուրս ծավալելու քաջություն ունե՞նք: Երեւում է՝ ոչ: Այլապես Երեւան-Մոսկվա տեսակապով մի քննարկում էլ կնվիրվեր այդ թեմային: Եւ գոնե կիմանայինք, թե ինչ են մտածում ռուս փորձագետները, պատմաբանններն ու քաղաքագետները: Չէ, Սեւրի մասին խոսելն ավելի անվտանգ է: Միեւնույն է, աշխարհի ոչ մի մայրաքաղաքում ոչ ոք չի անհանգստանալու: Որովհետեւ խոսքը մեռելածին եւ վաղուց հուղարկավորված թղթի մասին է: «Բարոյական հաղթանակի»: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հարցը կենդանի է: