Մակրոնը մի անգամ ասա՞ց՝ ինչու՞ եք իմ քաղաքացու արձանը ապամոնտաժում

Մակրոնը մի անգամ ասա՞ց՝ ինչու՞ եք իմ քաղաքացու արձանը ապամոնտաժում

Դեռևս երկու տարի առաջ արդեն հայտնում էին, որ Ֆրանսիան ու Հայաստանը զուգահեռ պատրաստվում են Ազնավուրի 100- ամյակին։ Համատեղ ծրագրեր էին առաջ քաշվում։ Նախատեսվում էր, որ Ֆրանսիայում մինչև 2024-ը կտեղադրվի Ազնավուրի արձանը, քննարկվում էր նաև Հայաստանում արձանի տեղադրման հարցը։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանում արդեն Հուշարձանի նախագծի հաղթող տարբերակը կա։ Իմացանք նաև, որ Հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում: Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Մի շատ հասարակ օրինակ եմ ուզում բերել։ Տարիներ առաջ զոհվածի հուշաղբյուը  էին  ծնողները տեղադրել էին  իրենց բակում և փոքրիկ այգանման հատված էին ստեղծել։ Քաղաքապետարանը որոշել էր այդ տարածքը վերցնել և օգտագործել երեխաների համար։ Ինքս մասնակից եմ եղել ծնողների հերոսամարտին։ Զոհվածի հարազատները մի այնպիսի աղմուկ էին բարձրացրել, մի այնպիսի ողբ ու կական, որ թաղամասը հավաքվել ու թույլ չէր տվել, որ զոհվածի անկյունը քանդեն։ Հիմա անցնեմ աշխարհի փառք Ազնավուրին։ Հայտնի դարձավ, որ Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շառլ Ազնավուրի հուշարձանը, որն կանգնեցվել է անվանի երգչի 100- ամյակի կապակցությամբ 2022 թվականին։ Ազնավուրը  ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրում էր ֆրանսիական մամուլը։

Շառլ դը Գոլը գրում էր․ «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»։ ․․․Եվ Շառլը նվաճեց աշխարհը։ Աշխարհը նվաճած Շառլի համար  Մակրոնը մի անգամ ասա՞ց՝ ինչու՞ եք իմ աշխարհահռչակ քաղաքացու արձանը Ստեփանակերտում  ապամոնտաժում։ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի մասին հարկ չկա անգամ ասել, որովհետև ցանկացած օտար պետության ներկայացուցիչ նրանից ավելի հայ է։  

Անուններ չեմ հրապարակում՝ ցավը չքրքրելու համար, բայց երբ ադրբեջանցիները գերի էին վերցրել այլ պետության քաղաքացու, այլ պետությունը միջամտեց իր քաղաքացու համար,   ու Ադրբեջանը վերադարձրեց այդ կնոջը։ Բոլորդ լավ ճանաչում եք նրան։ Ազնավուրը մի գերի կնոջ չափ չկա՞ր։ Նա ոչ միայն Ֆրանսիայի, այլ աշխարհի քաղաքացի է։ Շառլը  ողջ աշխարհինն է։  Ինչու՞ Մակրոնը մի անգամ արձանն ապամոնտածելու մասին աշխարհով մեկ  չբարձրաձայնեց։ Չէ՞ որ Մակրոնի խոսքերն են, որ  Ազնավուրը մինչև հոգու խորքը ֆրանսիացի էր, ով շատ ամուր թելերով կապված էր իր հայկական արմատներին։ Չէ՞ որ Մակրոնն էր ասում, որ Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում։ Չէ՞ որ Մակրոնի համար Ազնավուրը Ֆրանսիայի լեզուն էր, ասում էր, որ Շառլը երգեց ութ լեզուներով, բայց հանրությանն ամենուրեք ֆրանսերեն լեզվով մատուցեց իր երգերը, քանի որ ֆրանսերեն լեզուն հույսի, սիրո, պոետների, արտիստների և փիլիսոփաների լեզուն է։ 

Մակրոնասերները կասեն՝ Ադրբեջանը չէր անի, չէր լսի նրան։ Թող ասեր ու չանեին։ Թող աշխարհով մեկ ձայն բարձրացներ ու չանեին։ Եթե մի փոքրիկ ու նորաստեղծ  պետություն՝ Ադրբեջան անունով, չէր լսի Ֆրանսիային, Ֆրանսիան ինչպե՞ս է Ադրբեջանից պաշտպանելու «Ռուսաստանից ձեռքերը լվացած» Հայաստանին։