Բոլոր երկրներում էլ նիկոլների թիվը մեծ է

Բոլոր երկրներում էլ նիկոլների թիվը մեծ է

Էդիկ Անդրեասյանը գրում է. «Փաշինյանին պետք է հայտարարել օրենքից դուրս, պատահական լաքա, որ հայտնվել է ՀՀ վարչապետի աթոռին՝ այս, այս, այս հանգամանքներում, այս, այս, այս պատճառներով, այս, այս այս մարդկանց, այս, այս, այս գործակալությունների միջոցով»:
Ինչպե՞ս կարելի է այսպես արտահայտվել երկրի ղեկավարի հասցեին` լաքա: Իսկ եթե պարզվի, որ 3 մլն առանձնյակներն են լաքա ու կառչել են ինչ-որ հողակտորի, որից նրանց պոկել չի լինում՝ չնայած «համաշխարհային հանրության» գործադրած ահռելի ջանքերին, չնայած «փափուկ» ու «կոշտ» ուժերի գործադրմանը: 

«…Այս, այս, այս գործակալությունների միջոցով» արտահայտությունը հուշեց, որ, ենթադրաբար, գործ ունենք օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ: 
ԹԱՆԿԱԳԻՆ ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, Вам и теперь не надлежит ничего знать, кроме того, что вы ничего не должны знать. Ничего! Այս արտահայտությունը «Վահան եւ սուր»՝ հետախույզներին նվիրված խորհրդային կինոնկարից է («Щит и меч», 1967): Խորհրդային հետախույզ Յոհան Վայսն (իրականում խորհրդային հետախույզ Ալեքսանդր Բելովը, ով պատերազմից հետո մեկնեց ԱՄՆ՝ շարունակելու իր գործունեությունը) այդ խոսքերն ասում է Հենրիխ Շվարցկոպֆին:
Այժմ դրանք ուղղում եմ Էդիկ Անդրեասյանին, ով հիասթափված, թե հուսահատված՝ գրում է. «Երեք տարում մեր մեջ չգտնվեց մեկը, որ կանգներ ու հստակ ասեր, թե ինչ է կատարվել Հայաստանում 2018 թվականի ապրիլին, որտեղից եկավ Նիկոլը, ով բերեց նրան, ով բեմադրեց, այսպես կոչված, «թավշյա հեղափոխություն»»:

Մի՞թե կարծում եք, որ որեւէ մեկն ինչ-որ բան կասի: Չեն ասի մի պարզ պատճառաբանությամբ. նրանց այնպիսի ահ տված կլինեն, որ ճշմարտությունն ասելու համար կպահանջվի անձնազոհություն. բարեկեցության կորուստ, գուցե՝ իրենց կամ իրենց ընտանիքի ոչնչացման սպառնալիք: Թեպետ, երբ ինչ-որ մեկը ստանձնում է բարձրագույն պաշտոններ, պետք է գիտակցի, որ կարող են առաջանալ նաեւ նման իրավիճակներ. պաշտոնը միայն արտոնություններ չեն, արտաքին փայլ չէ, այլեւ անձնազոհություն է, նախ, ընտանիքին քիչ ժամանակ է մնում, նրա հոգսերը դառնում են երկրորդական, հակառակը, սկսում ես ապրել ավելի մեծաթիվ մարդկանց հոգսերով:

Ոչ բոլորն են պատրաստ դրան, եւ դա մարդկայնորեն, բայց ոչ պետական գործիչների առումով, հասկանալի է: Թերեւս, Հայաստանի նորագույն պատմության մեջ եղել են երեքը, ովքեր գնացել են դրան: Այժմ նրանք բոլորովին այլ չափումներում են…

Եվս մեկ նկատառում: Սովորաբար, այսպես կոչված, «թավշյա հեղափոխություններ» բեմադրվում եւ իրականացվում են այն երկրներում, որտեղ առկա է պարարտ հող: Այստեղ խնդիրը «նիկոլները» չեն: Ուշադիր դիտարկումների դեպքում կարելի է համոզվել, որ Նիկոլից ավելի նիկոլների թիվը սարսափելի մեծ է: Գուցե բոլոր երկրներում էլ այդպես է: Տարբերությունն այն է, որ պետությունը թույլ չի տալիս դրանք գլուխները բարձրացնեն այնպես, ինչպես մոլախոտն է բարձրանում ինչ-որ մշակաբույսի դաշտում, երբ այն խնամքից զուրկ է լինում: Իսկ ինչո՞ւ Նիկոլը երկրորդ անգամ հաղթեց: Որովհետեւ նա լավ է ուսումնասիրել հայ մարդու վարքագիծը, նրա հոգեկերտվածքը, ըմբռնել է հայ մարդկանց իռացիոնալ պահանջմունքները, սպասելիքները: Ընդամենը: 

Այդ իսկ պատճառով կարելի է համաձայնել Անդրեասյանի հարցադրմանը. «Փաշինյանին հեռացնել նոր արտահերթ ընտրություններո՞վ… Իրատեսակա՞ն է, արդյոք, այս սցենարը»: Ոչ, իրատեսական չէ: Իրատեսական չէ ոչ թե այն պատճառով, որ Նիկոլը հզոր է, այլ այն պատճառով, որ մարդկանց իռացիոնալ պահանջմունքներն (այս պարագայում «ազգային արժանապատվություն», «ազգային պետություն» ու նման հասկացությունները ոչ մի արժեք չեն ներկայացնում) ավելի ուժգին սոցիալական լարվածություն են գեներացրել ու դեռ կգեներացնեն, քանի դեռ պետությունը նրանց գլխին չի «բամփել» ՕՐԵՆՔԻ ողջ ուժով:

Գուցե ոչինչ էլ պետք չէ՞ անել, այլ պետք է հանգիստ նստել (ինչպես պատվիրել են հեղափոխականները) ու վերջ:

Գագիկ Վարդանյան