Մեծ աղետն անխուսափելի է դառնում

Մեծ աղետն անխուսափելի է դառնում

Ես այնքան բարձր կարծիք չունեմ գերտերությունների մասին, որ ապրեմ վարդագույն երազներով, թե նրանցից մեկնումեկը, կամ մի քանիսը կճանաչեն Արցախի անկախությունն ու խաղաղություն կհաստատեն մեր հայրենիքի այդ մասում: Ինձ մի բերեք ոչ Կոսովոյի օրինակը, ոչ Թունիսը և ոչ էլ որևէ այլ օրինակ առհասարակ: Գերտերությունները գիտեն միայն խաղաղության կոչեր անել, իսկ խաղաղություն (կարճատև կամ տևական) հաստատվում է միայն այն բանից հետո, երբ նրանք որոշակի համաձայնությունների են գալիս: Արցախի անկախությունը, իսկ ապագայում նաև Հայաստանի հետ միավորումը, թույլ տվեք ասել, ոչ բոլոր գերտերություններին է «ձեռնտու» այսօր:

Ես չգիտեմ, թե Պոմպեոն էլի ինչ կարող է անել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ բանակցությունների սեղանին նստեցնելու համար, բայց մի բան հաստատ է, որ նա այնպիսի բան չի անի, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը դույզն-ինչ վնասվեն այդ քայլից: Նույնը, թերևս, կարելի է ասել նաև մյուս գերտերությունների՝ օրինակ, Ռուսաստանի մասին:

Եթե Հայաստանը (ներառյալ Արցախը) Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը կճանաչի Արցախի անկախությունը՝ ի հաշիվ Ադրբեջանի հետ իր հարաբերությունների: Ռուսաստանը կսպասի մինչև այն պահը, երբ վերջնականապես հայտնի կդառնա, որ Ադրբեջանն իր համար դարձել է Ուկրաինա, Վրաստան կամ Մոլդովա: Ահա այդ դեպքում միայն կգա Բաքվի վճարելու ժամանակը, և Բաքուն չի կարող խուսափել Կիևի, Թբիլիսիի կամ Քիշնևի ճակատագրից: Մերձբալթիկայի օրինակով Ռուսաստանից պոկվել և ՆԱՏՕ-ի ռազմակայաններ տեղակայել իր տարածքում Ադրբեջանին ոչ ոք այլևս թույլ չի տա, Ալիև հայրն ու որդին այլևս կորցրել են այդ ժամանակը և ստիպված կլինեն վը-ճա-րել: Առավել հասկանալի լեզվով ասած՝ Չի կարելի Ռուսաստանի շնորհիվ պետականություն ձեռք բերել, 70 տարի շարունակ ուտել-խմել ԽՍՀՄ ռեստորանում, իսկ հետո թռնել՝ առանց հաշիվը փակելու:

Իսկ եթե այնքան հանդուգն ես, որ ուզում ես ձեռքի հետ էլ ռեստորանից մի բան տանել, ապա անմիջապես կարող է առաջ գալ փրկագնի հարցը: Մոլդովան կիսատ-պռատ մի բան է այսօր, Ուկրաինան վճարեց Ղրիմով, Դոնեցկով ու Լուգանսկով, Վրաստանը՝ Աբխազիայով և Հարավային Օսիայով: Ինչպես տեսնում եք՝ Ռուսաստանը շատ էլ մեծ փրկագին չի պահանջում: Նա վերցնում է ընդամենն այն, ինչ պատկանում է «ռեստորանին», կամ թունդ քեֆի ժամանակ է տվել նվեր: Եվ ուրեմն, ինչո՞ւ պետք է ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) պարագլուխներից մեկը՝ Ադրբեջանը խուսափի իր բաժին տուրքից: Այդ շարքի մեծ էշը, ինչպես ասում են, դեռ ախոռում է և այնքան թրքոտ, որ ոչ մի շանս չունի աննկատ ծլկելու:

Չէի ցանկանա, որ խորհրդային բզկտված սահմաններով Արցախը դառնար Ադրբեջանի փրկագինը: Եթե այդքանով պրծնի, Ալիևը կարող է համարել, որ մի բան էլ լավ գործարք է կատարել: Բանն այն է, որ նա ցանկանում է տակով անել Ռուսական մի ամբողջ նահանգ՝ Ելիզավետոպոլի նահանգը՝ այդ տարածքում ապրող զանազան ազգերի հայրենիքներով հանդերձ, Ադրբեջանում իր մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գանձակը, ռուսական ռազմակայանը՝ Գաբալան, Վրաստանի հետ արհեստծին սահմանն իր էներգատարներով ու երկաթուղիներով, Նախիջևանը: Եվ վերջապես՝ թռնելուց առաջ ո՞վ պետք է պատասխան տա Բաքվի, Սումգայիթի, Արցախի տարածքներում հայկական կոտորածների համար: Թե՞ Ալիևը կարծում է, որ կկարողանա իր թուրք հովանավորների օրինակով անպատիժ մնալ հայկական ջարդեր կազմակերպելու համար:

Այս ամենն Արևմուտքում ևս հասկանում են և «ըմբռնումով» են մոտենում խնդրին: Արևմուտքի համար, սակայն, կարևորն Ալիևը չէ, և ոչ էլ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»: Ուկրաինան և Վրաստանը ասվածի վառ ապացույցն են: Արևմուտքին թույլ տվեք թալանել կասպյան ավազանի հարստությունները և Արևմուտքն առաջինը կախաղան կհանի Ալիևին, ինչպես դա արեց Իրաքում՝ Սադդամ Հուսեյնի հետ: Արևմուտքի բուն «պրոբլեմն» ուժեղ Ռուսաստանն է և այս տարածաշրջանում նրա դաշնակիցները՝ մասնավորապես Իրանը և Հայաստանը: Ճանաչել Արցախի անկախությունը՝ կնշանակի ավելի ուժեղացնել Ռուսաստանի դաշնակիցներին, իսկ դրա հետ մեկտեղ նաև Ռուսաստանին: Եվ ուրեմն ի՞նչ կարող է անել Պոմպեոն Արցախում կրակի դադարեցման համար, որպեսզի չտուժի իր երկիրը: Միակ խելամիտ քայլն այս պարագայում թերևս Թուրքիային զսպելը կլիներ, բայց երբ արդեն կան հազարավոր զոհեր ու անչափելի ավերածություններ, երբ հստակ է նաև Արևմուտքի մեղսակցությունն այս ամենին (թեկուզ զենքի մատակարորումներն ու կրակի դադարեցման սուտ հորդորները), Արևմուտքի համար հեշտ չի լինելու կանգնեցնել իր արթնացրած հրեշին:

Մենք գերտերություններին ասում էինք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմը  հղի է համաշխարհային աղետի վերածվելու հեռանկարով: Սա մեր նախազգուշացումն էր ողջ մարդկությանը, որին այսօր էլ դեռ թվում է, թե ինքն ավելի կարևոր գործով է զբաղված, քան Արցախյան խնդրի խաղաղ կարգավորումն է կամ Արցախի անկախության ճանաչումը: Կարծում եմ՝ այդ թվացյալ վիճակին շատ չի մնացել: Շուտով ուշքի կգան բոլորը: Եվ միաժամանակ:

Առաջն Աստված: