«Հայաստան» դաշինքը մարզերում կարող էր այլ արդյունքներ գրանցել, եթե…

«Հայաստան» դաշինքը մարզերում կարող էր այլ արդյունքներ գրանցել, եթե…

Հայաստանում երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել: Բայց քանի որ Հայաստանը երբեւէ այսպիսի խայտառակ պարտություն չի կրել եւ այսպիսի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում չի եղել, ակնկալվում էր, որ այս ընտրությունը կտարբերվի նախորդներից:  Մինչդեռ՝ ուզում էինք լավ, եղավ՝ ինչպես միշտ: Պատճառների մասին շատ ենք գրել. Փաշինյանի պոպուլիզմ, իրականությունից կտրված ու խաբված հասարակություն, ընտրակեղծիքներ, խախտումներ եւ այլն: 

Այս արդյունքների պատճառներից մեկն էլ այն էր, որ երկրորդ տեղը զբաղեցրած հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, ընտրությունների դուրս եկավ ոչ այնքան պատրաստ վիճակում: Քաղաքական իրադարձությունները շատ արագ զարգացան, նորաստեղծ դաշինքը չկարողացավ մոբիլիզացնել իր ուժերն ու մարդկային ռեսուրսները մարզերում: Եղածներն էլ անպատրաստ էին եւ ճիշտ մարտավարություն չէին ընտրել: Եթե «Պատիվ ունեմ» դաշինքը շատ արագ մոբիլիզացրեց ՀՀԿ-ական իր լծակները, գործի անցան ՀՀԿ-ական համայնքապետերը, որոնք 3 տարի առաջ իշխանություն էին եւ պրոֆեսիոնալ ընտրակազմակերպիչներ, ապա Քոչարյանն ու իր թիմը 13 տարի Հայաստանում իշխանություն չունեին եւ կորցրել են այն բոլոր «թելերն» ու մարդկանց, որոնց հետ կարող էին արդյունավետ ընտրություն կազմակերպել: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որը հիմնականում կազմված է սյունեցի համայնքապետերից, քաղաքական եղանակ կարող էր ստեղծել հիմնականում միայն Սյունիքում: Իսկ ՀՅԴ մարզային ու տարածքային կառույցներից շատերը սրտացավ չէին աշխատում. անհատներն էլ խանդով էին վերաբերվում իրենց՝ ընտրացուցակում չլինելուն եւ, ասենք, Իշխան Սաղաթելյանի՝ առաջին եռյակում լինելուն: Ուստի ՀՅԴ-ական որոշ գրասենյակներ գլուխ էին պահում, շտաբներում ժամանցի էին գալիս, ոչ թե աշխատելու: Դաշինքը շատ տեղերում հույսը դրել էր ՀՅԴ-ի վրա եւ շտաբներ չէր բացել: 

Տարածքային որոշ շտաբների ղեկավարների ընտրության հարցում էլ դաշինքը ճիշտ ընտրություն չէր կատարել. որոշ տեղերում նշանակվել էին հասարակության կողմից անընդունելի մարդիկ: Օրինակ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի շտաբը վստահվել էր Հովիկ Աբովյանին: Իսկ Տավուշի նախկին մարզպետ, Բագրատաշենի մաքսատան նախկին պետ, հետո՝ Վանաձորի մաքսատան նախկին պետ Աբովյանը մարդկանց  հիշեցնում է մաքսային «տեռորի» տարիները, երբ մաքսակետերում մարդկանց կլպում էին այնպես, որ նրանք հրաժարվում էին դրսից ապրանք ներկրելուց: Իրենց ընտանիքի օրվա հացը հոգացող մանր բիզնեսները կուլ էին գնում խոշորներին. մարդիկ՝ ստիպված, խոշոր ներկրողներից էին գնում ապրանքը եւ վերավաճառում: Ոչ բոլորն իրավունք ունեին ներկրել ամեն ինչ, կար մոնոպոլիա, որը հովանավորվում էր հենց մաքսայինի կողմից: Տավուշի մարզպետարանի աշխատողները հիշում են, որ մարզպետ եղած տարիներին Աբովյանը հաճախ էր ցավով ու ափսոսանքով հիշում իր՝ մաքսատան պետ եղած տարիները: Հովիկ Աբովյանին շատ լավ հիշում են ոչ միայն Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները, այլեւ՝ ամբողջ Հայաստանի ներկրող-արտահանողները: Աբովյանը մերժված նախկիններից էր, ուստի մարդիկ, որոնք ուզում էին համախմբվել «Հայաստան» դաշինքի շուրջ, որեւէ կերպ չէին ուզում առնչվել նրա հետ, իսկ նրա եւ նմանների վերադարձի հեռանկարն ընտրողներին վանում էր «Հայաստան» դաշինքից։ «Եթե սրանք են նորից հետ գալու, ավելի լավ է՝ թող ոնց կա, այնպես էլ մնա»,- ասում էին նոյեմբերյանցիները: Ռոբերտ Քոչարյանի՝ Նոյեմբերյան այցի ժամանակ հանդիպման եկածների սակավությունը նույնպես վկայում էր դրա մասին:

«Հայաստան» դաշինքը ժամանակ չունեցավ հանդիպելու եւ շփվելու գյուղացիների հետ, ժամանակը բավարարեց միայն խոշոր համայնքների բնակչությանը հանդիպելու համար: Հեռավոր մարզերի բնակիչները Քոչարյանի կողմից իրենց անտեսված զգացին, չլսեցին, որ այս թիմն ամեն մարզում ռեալ ծրագրեր ունի գյուղատնտեսության, տուրիզմի զարգացման ուղղությամբ, ջրամբարներ կառուցելու եւ ոռոգման ջրի հարցերը լուծելու: Մինչդեռ հենց գյուղացիների վրա շեշտը դրեց Փաշինյանը, ով նրա միամտության վրա հույս դնելով՝ գնաց գյուղեր ու գյուղացուն ասաց, որ նա ամենալավն է, ինքը սիրում ու խոնարհվում է նրա առաջ, որ հարկ եղած դեպքում մուրճով մեխելու է, շինելու է, փռելու է, ծեփելու է բոլոր նրանց, ովքեր կնեղացնեն գյուղացուն: Գյուղացին իրեն շոյված ու գնահատված զգաց եւ գնաց քվեն տվեց իր «դարդերը հասկացող» Նիկոլին: Իսկ քվեարկությունից մեկ շաբաթ անց տեսավ, որ առուն նորից անջուր է, այգիներն ու ծառերը ծարավից չորանում են, նորից դուրս եկավ՝ ճանապարհ փակեց ու սկսեց իր ընտրյալից պահանջել, որ ոռոգման ջուր տա…

«Հայաստան» դաշինքը չկարողացավ հստակ բացատրել, թե ինչու չպետք է ընտրել այս իշխանությանը, ինչ հետեւանքներ կարող է ունենալ սրանց վերարտադրությունը: Հեռավոր մարզերում մարդկանց ինֆորմացիայի հիմնական աղբյուրը Հ1-ն է, իսկ բոլոր ժամանակների իշխանամետ Հանրային հեռուստաընկերությունն իրականությունը երբեք օբյեկտիվ չի ներկայացնում, եւ ընդդիմության ձայնը, քննադատությունը հասանելի չի դառնում գյուղացուն: Շատերն էլ անվերապահորեն հավատում են համացանցի իշխանական ֆեյքերին:

Օրինակ՝ Տավուշի մարզը, որն ամենից շատ վտանգված մարզերից է եւ կարող է կորցնել որոշ համայնքներ, իսկ դրա հետեւանքով՝ նաեւ կարեւորագույն ճանապարհներ, չգիտակցեց Փաշինյանի վերընտրության վտանգն իր կյանքում: Դրա համար պետք էր մոբիլիզացնել մարզի պատմության եւ աշխարհագրության մասնագետներին, որոնք առանձին խմբերով կհանդիպեին մարդկանց հետ եւ կիրազեկեին առկա աշխարհաքաղաքական իրավիճակը, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանին տրվեն մարզի 6 գյուղերը, ինչ դժվարությունների ու վտանգների առաջ կկանգնի ինքը: Նույնը վերաբերում է Արարատի մարզին՝ Տիգրանաշենի, Գեղարքունիքի մարզին՝ Վարդենիսի մարտահրավերներով: Մինչդեռ շտաբների պատասխանատուները նստում էին շտաբներում, կանչում իրենց համախոհներին, ասում-խոսում, շաշկի-բլոտ խաղում, իրենց մտերիմներից ցուցակ պահանջում, թե ով քանի հոգու քվե կարող է ապահովել: Այդ մարդիկ էլ իրենց մտերիմների մոտավոր ցուցակ էին կազմում՝ տալիս «վերադասին»: Շտաբներն աշխատում էին ոչ թե հասարակության հետ, այլ՝ նրանց մերձավորների: 

Որոշ ընտրատեղամասերում «Հայաստան» դաշինքը չուներ վստահված անձինք: Կամ՝ ընտրական գործընթացը վերահսկելու համար այնպիսի անձանց էին նշանակել, ովքեր չէին համարձակվում բարձրաձայնել իշխանականների սանձարձակ բացահայտ քարոզչության եւ ուղղորդումների դեմ: Այս սխալները պետք է հաշվի առնել ոչ հեռավոր ապագայում կայանալիք արտահերթ ընտրությունների ժամանակ: