Մարիա Կարապետյան, միգրացիոնի պետ և «ֆեմինիստ, սոցիալ- դեմոկրատ»․ ովքեր են Թուրքիայի հետ համատեղ գիրք կազմողները

Մարիա Կարապետյան, միգրացիոնի պետ և «ֆեմինիստ, սոցիալ- դեմոկրատ»․ ովքեր են Թուրքիայի հետ համատեղ գիրք կազմողները

Հայկական և թուրքական ՀԿ-ները 2 երկրներում պատմության դասավանդման վերաբերյալ համատեղ գրքեր են հրատարակել, որոնց վերաբերյալ բանակցությունները գաղտնի են պահվել։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը։ Ըստ Մովսիսյանի՝ թուրքական կողմի հետ աշխատած խմբի մեջ է եղել նաև Լիլիթ Մկրտչյանը, որը ղեկավարել  է պատմության դասավանդման աղմկահարույց  չափորոշիչների կազմման աշխատանքները․

«Առարկայական չափորոշիչները այս տարի հանձնարարեցին որոշ խմբերի, և պատմության ու հասարակագիտության խմբի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն էր՝ մեր նախկին ուսանողը, մեր գործընկերը՝ համաշխարհային պատմության ամբիոնից։ Եվ գաղտնի պայմաններում մեկ էլ նախարարությունը կայքում տեղադրում է չափորոշիչները, որոնք խայտառակ չափորոշիչներ էին։ Բոլորս պատրաստակամ էինք օգտակար լինելու՝ առանց որևէ վարձատրության։ Գաղտնիությունը շատ կասկածելի էր, կասկածելի ևս մեկ բան կար․ «Հայոց պատմությունը» 6 դասագիրք էր, համաշխարհային պատմությունը՝ 6, հասարակագիտությունը՝ ևս 6, ևս 2 դասագիրք հայրենագիտությունից։ 20 դասագրքի չափորոշիչների կազմումը տրվում է ղեկավարելու մի անձնավորության։ Մենք մտածում էինք, որ «ԵՊՀ Ռեստարտի» անդամ է, և քանի որ մեր իշխանությունները «սիրո հեղափոխություն» անելուց հետ այդ բաժանումները անընդհատ դնում են՝ «հներ- նորեր, սև սպիտակ» և այլն, նաև ասում էին, որ Արևիկ Անափիոսյանի մտերիմ ընկերուհին է ․․․։ Ասում էինք՝ ոչինչ, ով էլ լինի, թող լավ չափորոշիչ կազմի, որովհետև դրանց հիման վրա վաղը դասագիրք է կազմվելու։ Սակայն համացանցում փնտրելով գտել էինք մի շատ խայտառակ բան, որի մասին մենք չենք իմացել։ Նախագծին Թուրքիայի կողմից մասնակցել է «Պատմություն» կոչվող մի ՀԿ, մեր կողմից մասնակցել է «Երիտասարդ պատմագետների ասոցիացիան», որի նախագահը ինքը՝ Լիլիթ Մկրտչյանն է, և եթե դուք բացեք իրենց կայքը, ոչինչ չեք գտնի այդ մասին, այսինքն՝ իրենք էլ են դա գաղտնի պահել։ Հիմա եթե լավ բան ես անում, ինչո՞ւ ես գաղտնի պահում»,- ասաց Մովսիսյանը։

Նա նաև ներկայացրեց մյուս համահեղինակների, իր բառերով ասած, էկզոտիկ ցանկը, որից ընդամենը 2 հոգին են պատմաբաններ, ևս 2-ը պատգամավորներ են՝ Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը․

«Այդ գրքի՝ «Պատմության ուսուցումը Թուրքիայում և Հայաստանում․ քննադատություն  և ալտերնատիվներ», հեղինակները 13 հոգի են, որոնցից 7-ը՝ հայ։ 7-ից պատմաբան է միայն 2 հոգի՝ Լիլիթ Մկրտչյան և Հայկ Բալասանյան։ Հետաքրքրիր է, թե ովքեր են մյուս 5-ը․ Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյան, Սոս Ավետիսյան։ Պատգամավորներից մեկը «Ռոմանոյի» իսպաներենի բաժինն է ավարտել, մյուսը՝ «Բրյուսովն» է ավարտել։ Եվրոպական լեզուների մասնագետները իրենք իրենց իրավունք են վերապահել Հայոց պատմությունը՝ մեր դասագրքերում և Թուրքիայի պատմությունը՝ նրանց դասագրքերում քննարկել, քննադատել, ցույց տալ սխալները և կանխորոշել այն սկզբունքները, որոնցով 2 երկրների դասագրքերը պետք է փոխվեն։ Որպես գիտական կոնսուլտանտ էր հանդես եկել մեր միգրացիոն ծառայության պետ Արմեն Գասպարյանը, որն ավարտել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Նվարդ Մանասյան, որը չկարողացա գտնել՝ թե ով է, սակայն տեսա, որ «Յունիսեֆ»-ի մեջ է, և այս գրքում որպես մասնագիտություն Նվարդ Մանասյանի համար գրված է «ֆեմինիստ և սոցիալ- դեմոկրատ»։ Արարատ Շեկոյանը՝ հաջորդ հեղինակը, պոլսահայ երիտասարդ է, ռուսաց լեզվի և գրականության մասնագետ է, սովորել է Ստամբուլի համալսարանում և Պուշկինի համալսարանում։ Կարինե Փալանջյանը քաղաքագիտությամբ է զբաղվում Արիզոնայի համալսարանում»,- ասաց Մովսիսյանը։ 

Պատմաբանը նաև նշեց, որ դասագրքերում ամեն ինչ արվում է հայերին և թուրքերին հավասարեցնելու համար, Հայաստանին վերագրվել է ստալինիզմը, բացի այդ մեղադրում են հայ պատմաբաններին՝ ազգայնականություն և միլիտարիզացիա քարոզելու, ապա նաև ազգամիջյան թշնամանք սերմանալու մեջ․

«Գրքում ամեն ինչ արված է, որ մեզ ու թուրքերին հավասարեցնեն, նույնիսկ վերնագրերը նույնությամբ կրկնվում են, միայն Թուրքիա բառը փոխված է Արմենիա բառով։ Որպեսզի սուլթանականներին ու քեմալականներին մեզ հավասարեցնեն, մեզ վերագրել են «ստալինյան» պիտակը, որը այլանդակ սուտ և կեղծիք է, երբ Խորենացին գրում էր Հայոց պատմությունը, Ստալինի ծնվելուն դեռ 1500 տարի կար, մեզ վերագրում են ստալինիզմը, որպեսզի մեզ հավասարեցնեն թուրքերի հետ»։