Վաղաժամ հրապարակումները խոչընդոտում են գործի քննությանը․ ՔԿ նախագահի տեղակալ

Վաղաժամ հրապարակումները խոչընդոտում են գործի քննությանը․ ՔԿ նախագահի տեղակալ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, պատասխանելով հարցին, թե որքանով էր նպատակահարմար հրապարակել Հայկ Հարությունյանի ինքնասպանության վերաբերյալ այն տեղեկությունը, ըստ որի` նա ալկոհոլ է օգտագործել, ասաց, որ թեև ինքը գործի քննության հետ կապ չունի, սակայն կարծում է, որ վաղաժամ հրապարակումները խոչընդոտում են գործի քննությանը․

«Թեև ես Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն եմ, բայց ես այդ քննության հետ կապ չունեմ, նշեմ, որ Քննչական կոմիտեի նախագահն ունի մի քանի տեղակալներ, և կա աշխատանքի բաժանում։ Ես այդ գործի հետ կապված որևէ հսկողական գործողություն չեմ իրականացնում, շատ մանրամասների չեմ տիրապետում, իսկ եթե անգամ տիրապետեմ, թույլ տվեք չարտահայտվեմ, որովհետև ի պաշտոնե ես նման լիազորություններ այս պահին չունեմ, որովհետև չեմ զբաղվում այդ գործի քննությամբ։ Զուտ դատավարական տեսանկյունից հրապարակել ալկոհոլի առկայությունը, մյուս-մյուսը։ Հարգելիներս, նույն Ամուլսարի քրեական գործի հետ կապված, խնդրում եմ՝ ընդունեք մի հայտնի իրողություն՝ կապված իրավական համակարգի և քրեական գործերի քննության հետ. վաղաժամ հրապարակումները խոչընդոտում են քրեական գործի հետագա ընթացքը , հետևաբար, եթե այսօր ինչ-որ մի տվյալ հրապարակվի, ապա մենք կարող ենք ուղղակի ձախողել քննության հերթական ընթացքը։ Պայմանական ասեմ․ եթե այսօր ինչ-որ մեկը ցուցմունք է տալիս «Ա»-ի վերաբերյալ, հրապարակվում է, որ նման ցուցմունք կա, ի՞նչ եք կարծում՝ վաղը «Ա»-ն գալու է, ի՞նչ ցուցմունք տա. նա պատրաստված է գալու՝ շատ լավ իմանալով, թե նախորդ քննվողն իր վերաբերյալ ինչ ցուցմունք է տվել։ Նույնը` պարոն Հարությունյանի ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Այնպես որ, եկեք չակնկալենք այս փուլում նախաքննական տվյալների հրապարակում, որովհետև այնտեղ մի շարք քննչական-դատավարական գործողություններ պետք է կատարվեն»։

Իսկ ինչպե՞ս կարելի է բացատրել, երբ նախաքննություն իրականացնող մարմինն է հրապարակում այդպիսի տվյալներ։ 

«Գործի վարույթն իրականացնող մարմինն է որոշում, թե ինչ ծավալի տեղեկատվություն հրապարակի։ Եթե այս պահին որոշակի տեղեկատվության հրապարակումը չի խոչընդոտելու վաղվա քննությանը կամ քննության շարունակությանը, ապա, բնականաբար, ցանկացած տեղեկատվություն կարելի է հրապարակել»։