«Այբ»-ին մերժում են, «Այբ»-ից՝ օգտվում

«Այբ»-ին մերժում են, «Այբ»-ից՝ օգտվում

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի սուպերնախարարությունը տեւական ժամանակ է՝ փորձագիտական խմբեր է ձեւավորել, որոնք զբաղվում էին հանրակրթության պետական չափորոշիչների մշակմամբ։ Խմբերում ներգրավված են եղել ամենատարբեր կրթական հաստատություններից ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ։ Եվ կարծես թե հսկայական վարկային միջոցների ներգրավմամբ ընթացող այդ պրոցեսն ավարտին է մոտեցել, ԿԳՄՍՆ-ն հայտարարեց, որ չափորոշիչների նախագիծը պատրաստ է, հիմա ընթանում է դրանց քննարկման փուլը։ Եվ շատ մեծ քննադատություն ու աղմուկ կա նոր չափորոշիչների շուրջ․ «Հրապարակն» առնվազն մեկ տասնյակ հոդվածներով անդրադարձել է չափորոշիչներին, ներկայացրել մասնագետների կարծիքը՝ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական։ Բայց այժմ այլ բանի մասին ենք ուզում գրել․ մեզ ասացին, որ չափորոշիչների խմբերում նաեւ հայտնի «Այբ» դպրոցից կան ներգրավված ուսուցիչներ։

ԿԳՄՍ նախարարությունից մեր հարցին ի պատասխան հաստատեցին սա։ Այս հանգամանքն ուշագրավ է նրանով, որ դեռ երկու տարի առաջ նորանշանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընկել էր «Այբ» կրթական հիմնադրամի հետեւից, որի կազմում գործում է «Այբ» դպրոցը։ Հարությունյանը դեռ 2018-ին հայտարարել էր, որ «էլիտար» դպրոցներին ԿԳ նախարարությունը չի աջակցելու, հարյուրավոր միլիոն դրամների գումարներ տերմեսրոպներին չեն գնալու։ Խոսքն «Այբ»-ի մշակած «Արարատյան բակալավրիատի» կամ կրթության գերազանցության ծրագրի մասին էր, ինչին, ի դեպ, արդարացիորեն շատերն էին դեմ, որովհետեւ անհասկանալի եւ բյուջեից միլիարդների հասնող միջոցներ մսխող ծրագիր էր։ Այս ծրագրի ֆինանսավորումը կրթության նախարարության կողմից հաստատվել էր դեռ Արմեն Աշոտյանի օրոք, երբ «Այբ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Տեր-Մեսրոպ քահանա Արամյանը, օգտագործելով նախագահականում իր կապերը, կարողացել էր Աշոտյանի միջոցով պետությունից մոտ 2.5 մլրդ դրամ «կպցնել» իր անհասկանալի ծրագրի իրականացման համար։ Այն այդպես էլ ավարտին չհասավ, որը թերեւս Արայիկ Հարությունյանի կայացրած եզակի կարեւոր ու սթափ որոշումներից մեկն էր։ Սակայն ծրագիրն ու դպրոցը տարբեր հասկացություններ են․ մեկին խփելով՝ նախարարը վարկաբեկում էր նաեւ մյուսը՝ դպրոցը, որը բավականին լավ համբավ ունի եւ մասնավոր դպրոցների շարքում լավագույններից է համարվում։

Ու հիմա հանկարծ իմանում ենք, որ նույն այդ «Այբ» դպրոցի մասնագետները, որոնց ժամանակին նախարարը համարում էր բյուջեից փող ուտողներ, մասնակցել են հանրակրթության պետական չափորոշիչների մշակմանը։ Իհարկե, սա չի նշանակում, որ պետք էր անտեսել «Այբ»-ի ուսուցիչների պրոֆեսիոնալ հատկանիշները եւ նրանց դուրս թողնել ամեն ինչից։ Բայց նաեւ տարակուսանք է հարուցում նախարարության պահվածքը․ մի կողմից՝ դեմ են արտահայտվում «Այբ»-ի մշակած գերազանցության ծրագրին, մյուս կողմից՝ «Այբ»-ից մարդ են հրավիրում, որ հանրակրթության չափորոշիչները մշակեն։