Եթե մի երկրում Սահմանադրությունը խախտվում է ամեն օր, ի՞նչ իմաստ ունեն սահմանադրական փոփոխությունները

Եթե մի երկրում Սահմանադրությունը խախտվում է ամեն օր, ի՞նչ իմաստ ունեն սահմանադրական փոփոխությունները

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որը ձեւավորվել է այս տարվա փետրվարին եւ շաբաթը մեկանգամյա ռեժիմով փակ նիստեր է հրավիրում, հուլիսի 14-ից սկսել է նաեւ հանրային քննարկումներ, որոնք նույն պարբերականությամբ են հրավիրվելու։ Հայտարարում են, որ մասնագիտական հանձնաժողովն այս ամիսների ընթացքում աշխատել է սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա։ Հայեցակարգը դեռեւս պատրաստ չէ, եւ սահմանված ժամանակացույցով այն կներկայացվի հոկտեմբերին, սակայն հանձնաժողովը որոշել է երկու ամիս շուտ սկսել հանրային քննարկումները, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, նիստերը կլինեն հեռակա եւ, բնականաբար, նախատեսվածից ավելի երկար ժամանակ կպահանջեն։ Այսպիսով՝ իշխանությունը փորձելու է հրամցնել, թե բաց է ու թափանցիկ, հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, եւ որ այդ քննարկումների արդյունքում է ծնվելու բարեփոխումների հայեցակարգը։ Մինչդեռ, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, իրական տեքստն ու «կլյուչեւոյ» փոփոխությունների փաթեթը մշակվում է բոլորովին այլ տեղում՝ սորոսական հայտնի ՀԿ-ների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն ընդամենը «ֆասադն» է՝ լեգիտիմացնող կառույցը։

Եվ այսպես․ առանցքային փոփոխություններ են սպասվում հատկապես «եկեղեցի-պետություն» գլուխներում։ Քննարկվում է կառավարման մոդելը «ծյունինգ» անելու տարբերակը՝ «սուպերվարչապետական» համակարգը փոքր-ինչ թոթափելու,  «կայուն մեծամասնության» մասին խնդրահարույց դրույթից ազատվելու եւ այլ դրույթներ, ինչպես նաեւ սահմանադրական ու վճռաբեկ դատարանների միավորման եւ ԱՄՆ-ի օրինակով Գերագույն դատարան ստեղծելու տարբերակը։
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, սակայն երեկ պարզեցինք, որ ԲՀԿ քվոտայով հանձնաժողովի անդամ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բոյկոտում է մասնագիտական հանձնաժողովի նիստերը եւ հետագայում էլ չի պատրաստվում մասնակցել գործընթացին։ «Ես չեմ պատրաստվում մասնակցել մի հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ Դանիել Իոաննիսյանը որոշող է հանդիսանում։ Մի մարդ, որ իրավագիտության այբուբենին չի տիրապետում, բայց էս երկրի համար սահմանադրություն է գրում՝ դժբախտություն է։ Իսկ ես աշխատում եմ դժբախտություններին չմասնակցել»,- բացատրեց Պետրոսյանը։

Հայաստանում այս պահին Սահմանադրությունը չի գործում, ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ գործում է մեկ անձից կառավարվող համակարգ․ «Եթե մի երկրում Սահմանադրությունն անիմաստ է, ամեն օր խախտվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնարար իրավունքները՝ ազատ կարծիք հայտնելու, ազատ տեղաշարժի մարդու իրավունքը եւ առողջության պահպանման իրավունքը, ապա անիմաստ են նաեւ սահմանադրական փոփոխությունները։ Եթե մի երկրի Սահմանադրության երրորդ հոդվածում ամրագրված է, որ մարդը  բարձրագույն արժեք է, բայց անհայտ շարժառիթներով մարդկանց այսօր կապել են դիմակին, իսկ որ ավելի ճիշտ է՝ դնչկալին, եւ այս շոգին մարդկանց առողջությունը քայքայվում է, բայց երկրի իշխանությանը դա չի հետաքրքրում, ես անելիք չունեմ»։

Մեր ճշտող հարցին՝ վերջե՞րս եք բոյկոտի որոշում կայացրել, թե՞ ամենասկզբից, Պետրոսյանը պատասխանեց․ «Ի սկզբանե ես հավաստիության կանխավարկածից ելնելով էի վերաբերվում հանձնաժողովի լրջությանն ու առաքելությանը, բայց ես հիմա տեսնում եմ, որ երկրում օրենքներն ու սահմանադրությունը չեն գործում, երկրում կա մեկ անձի կամքով գործող կառավարություն, նման դեպքում սահմանադրական փոփոխությունները հեքիաթին հավասարեցված կարգավիճակ են, իսկ ես արդեն 47 տարեկան եմ, 45 տարի ինձ հեռու եմ պահել հեքիաթներից»։ Գեւորգ Պետրոսյանը, այնուհանդերձ, սկզբում մասնակցել է մի քանի նիստի, անգամ ԲՀԿ-ի անունից առաջարկ է ներկայացրել՝ Սահմանադրության մեջ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հատուկ կարգավիճակն ամրագրելու վերաբերյալ, սակայն չի ընդունվել այդ առաջարկը․ «Դրանից հետո իրենք ավելի են թիրախավորում հայ ավանդական ընտանիքը, եկեղեցին, իսկ նման դեպքում այդ հանձնաժողովում մասնակցության անհրաժեշտություն չեմ տեսնում»։ 

Մինչդեռ, հանձնաժողովի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի փոխանցմամբ, մասնագետների խումբը կառուցողական քննարկումների փուլում է, եւ հանձնաժողովում հավաստիացրել են, որ ապագա Սահմանադրությունը «վեր է լինելու քաղաքականությունից»։ «Հույս ունեմ՝ մասնագիտական կարծիքը կգերակայի, որովհետեւ հանձնաժողովի կազմում կան մասնագետներ, գիտնականներ, որոնք որեւէ ուժի չեն հարում»,- ասաց Տարոն Սիմոնյանը։
«Կարծես թե համաձայնություն ունենք, որ կառավարման մոդելը  չի փոխվելու՝ մնում է խորհրդարանական համակարգը։ Պառլամենտական լծակներն են ավելանալու, եւ հրաժարվելու ենք կայուն մեծամասնության դրույթից, ինչը նշանակում է սուպերվարչապետական կառուցակարգերից հրաժարում»,- նշում է պատգամավորը եւ հիշեցնում, որ համաձայնությունը քննարկումների մակարդակում է կայացել, այդ տեսլականը կընդգրկվի՞ արդյոք հայեցակարգում, պարզ կդառնա ամիսներ անց։ «Հայեցակարգում առաջարկները կընդգրկվեն հանձնաժողովականների քվեարկությամբ»։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա առիթով հնչեցրած շնորհավորական ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն։ Կա՞ արդյոք նոր Սահմանադրության անհրաժեշտություն․ մեր հարցին Տարոն Սիմոնյանը պատասխանեց, թե որոշակի փոփոխությունները դեռ նոր Սահմանադրություն չեն ստեղծում․ «Նոր Սահմանադրություն կլինի, եթե փոխվում է ամբողջ կոնցեպտը, այդ թվում՝ բոլոր անփոփոխելի հոդվածները։ Մեր Սահմանադրությունը դեռեւս 95 թվականի Սահմանադրությունն է, որը խարսխված է Անկախության հռչակագրի վրա, նախաբանը չի փոխվում, 1-ին եւ 2-րդ հոդվածներն են անփոփոխելի»։ Կունենա՞նք արդյոք նոր Սահմանադրություն՝ պարզ կդառնա ամիսներ անց։ Նախագիծը, որը պատրաստ կլինի դեկտեմբերին, հանրաքվեի կդրվի հաջորդ տարի։