Հներին փոխարինում են «նագլի»-ները

Հներին փոխարինում են «նագլի»-ները

Իշխանությունները շարունակում են «համայնքապետեր, հեռացեք» օպերացիան, որն իրականացնում են մարզպետաց դասի եւ իրավապահների հետ համատեղ ջանքերով։ Մարզպետները սկզբում «լավով» զգուշացնում են համայնքապետերին՝ հեռանալ, եթե վերջիններս դիմադրում են, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, կամ էլ իրավապահներն են այցի գնում։ Երեկ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Արամուսի 18 տարվա համայնքապետն անսպասելի հրաժարական է տվել։ Համայնքապետը չնայած մեզ փոխանցեց, թե ազատման վաղաժամ դիմումը գրել է առողջական խնդիրների պատճառով, բայց ընդամենը 4 օր առաջ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում այսօր այլեւս նախկին համայնքապետ Հրայր Նիկողոսյանի «ապօրինությունների» առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։

Ըստ քրեական գործի՝ համայնքապետը, իբր, 2007-2018 թվականների ընթացքում համայնքապետարանում որպես վարորդներ եւ քարտուղարուհի է հրամանագրել մի շարք անձանց, ինչպեսեւ կնքել է աշխատանքային պայմանագիր՝ աղբահանություն կատարելու համար, բայց այդ մարդիկ փաստացի չեն հաճախել աշխատանքի, սակայն նրանց անվամբ հաշվարկվել եւ դուրս են գրվել «առանձնապես խոշոր չափերի»՝ ընդհանուր առմամբ շուրջ 7 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ եւ պարգեւավճարներ, որոնք «յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել են համայնքի ղեկավարի կողմից»: Համայնքապետի կողմից այլ չարաշահումներ էլ է բացահայտել ՔԿ-ն։ Իշխանությունները մտադիր են ամենուր ազատվել նախկիններից, նշանակել յուրայիններին եւ դրանով պատրաստվել առաջիկա համապետական ընտրություններին։ Տեղեկացանք նաեւ, որ մայիսին նույն ձեւով վաղաժամ դիմում ներկայացրած Լոռու մարզի խոշորացված Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանի հրաժարականից հետո համայնքի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Նագլի» մականունով Արման Վարդանյանը, ով նախարար Սուրեն Պապիկյանի փեսայի ընկերն է եւ արդեն երկու ամիս է՝ խոշորացված համայնքում ոչ յուրային աշխատակիցների զտման գործընթաց է իրականացնում։