Գրատնակներն ապամոնտաժեցին բարբարոսաբար՝ ջարդելով դրանք

Գրատնակներն ապամոնտաժեցին բարբարոսաբար՝ ջարդելով դրանք

Երեւանի քաղաքապետարանը՝ որպես ՀՀ իշխանությունների ամենաակտիվ օղակ, զբաղված է ամեն ինչ քանդելով՝ կառուցելու փոխարեն։ Վերջերս հերթական քանդման օպերացիան են իրականացրել քաղաքապետարանի քաջ «շինարարները»։ Քանդել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տեղադրված այն գեղեցիկ գրատնակները, որոնք ժամանակին մեծ ուրախություն պատճառեցին երեւանցիներին։

Դրանք թվով վեցն էին։ Առաջին գրատնակի բացումը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսին, պետական սուբսիդիայով։ Այն ժամանակ մշակույթի նախարարն Արմեն Ամիրյանն էր, հենց ում նախաձեռնությամբ էր նաեւ, որ այս գաղափարը կյանքի կոչվեց։ Հիմա քաղաքային իշխանությունները, չգիտես ինչու, որոշել են քանդել, ավիրել՝ անունը դնելով, թե ապօրինի կառույցներն են ապամոնտաժում։ Քաղաքապետարանը համարել է, որ օրենքի խախտմամբ էին տեղադրված այս գրատնակները, որոնք նաեւ սկսել էին այլեւս իրենց նպատակին չծառայել՝ գրքերի փոխարեն որոշ տեղերում հեռախոսներ ու հեռախոսի աքսեսուարներ էին սկսել վաճառել։ Եվ քաղաքապետարանը, փոխանակ վերականգներ այդ տնակների բուն նշանակությունը, որոշել է ապամոնտաժել դրանք։

Մեր տեղեկություններով, որոշ անհատներ այս գրատնակները մտադիր էին վարձակալությամբ վերցնել եւ աշխատեցնել՝ ծառայեցնելով բացառապես գիրք վաճառելու նպատակին, անգամ պատրաստ էին դրանք տեղափոխել մարզեր, եթե Երեւանի քաղաքապետին դրանք դուր չեն գալիս։ Սակայն քաղաքապետարանը վճռական է տրամադրված եղել՝ առանց երկար-բարակ մտածելու այնպես է քանդել այդ երկաթե կոնստրուկցիաները, որ այլեւս հնարավոր չէ օգտագործել կամ վերականգնել։ Մինչդեռ գրատնակներն աշխատեցնող ընկերությունն ասում է, որ կարելի էր գոնե կռունկի միջոցով բարձել բեռնատարն ու անվնաս տեղափոխել այլ վայր՝ առանց կոնստրուկցիաները վնասելու։ Մեզ ասացին, որ գրատնակներն աշխատեցնող «Լիթըլ սթորի» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ քաղաքապետարանի ապօրինությունների։

Մենք փորձեցինք խոսել ՍՊԸ-ի՝ Աշոտ անունով տնօրենի հետ, սակայն նա ասաց, որ զբաղված է, ուշ կզանգահարի, ու այդպես էլ անհետացավ։ Չխոսեց նաեւ Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը, ով, դեռ նոր նշանակված, արդեն յուրացրել է հնուց մնացած չինովնիկական-բյուրոկրատական վատ սովորույթները՝ առաջարկելով հարցերը գրավոր ուղարկել։ Պողոսյանին փորձեցինք բացատրել, որ արդյունավետ չէ մեկ-երկու հարցի համար գրավոր հարցում անել, բայց նա չընկալեց այդ պարզ ճշմարտությունը։

Գրատնակների դիզայնի հեղինակը, ի դեպ, հայտնի դիզայներ, նկարիչ Նուռն է՝ Արման Դավթյանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց՝ քանդելը հեշտ է, կառուցելն է բարդ։ «Եվ երեւի թե ժամանակն է՝ արդեն կառուցել, քանդելու փոխարեն։ Ես չգիտեմ, թե ովքեր են էդ ամեն ինչի գլխին կանգնած, ինչքանով է էդ ամեն ինչն օրինական եղել կամ ոչ, էդ ամեն ինչը ես չգիտեմ։ Ես ընդամենը դիզայնն եմ արել։ Եվ եթե անգամ անօրինական էր, ապա երեւի թե գույք էր, որը կարելի էր տեղափոխել, տանել ուրիշ քաղաքներ, որտեղ դրա կարիքը կա, այսինքն՝ դա գույք էր, որ կարելի էր վերջիվերջո պետականացնել եւ աշխատեցնել գիրք վաճառելու համար»,- ասաց Նուռը։ Նա, որպես գրատնակների դիզայնի հեղինակ, ափսոսանքով է խոսում, որ իր աշխատանքը մի օրում այդպես ջուրը լցրեցին։

«Իհարկե, ափսոս է, որովհետեւ ինքը քաղաքային ինչ-որ բան էր, որը ոչ մի տեղից վերցված չէր։ Սա մեր քաղաքի ինչ-որ յուրահատուկ մի բան էր, որը ես հորինել էի ու մտածել էի, որ կարելի է դրա շարունակությունը հորինել։ Օրինակ՝ սուրճի կրպակը լինի սուրճի բաժակի տեսքով։ Այսինքն՝ դա կտար քաղաքին որոշակի գույն, իմաստ, տեսակ։ Ես նոր եմ իմացել ապամոնտաժման մասին, ընդ որում՝ ապամոնտաժել են բարբարոսաբար՝ ջարդելով, քանդելով, այսինքն՝ չվերականգնվելի են ապամոնտաժել։ Դա կարելի էր կռանով վերցնել ու տանել մի ուրիշ քաղաք՝ Գյումրի, Վանաձոր, Ապարան, ու էնտեղ դնել։ Եվ գաղափարախոսությունն այն էր, որ ամեն հեղինակի անունով կրպակն իր փողոցի վրա էր՝ Իսահակյան, Չարենց, Նալբանդյան։ Այսինքն՝ ցուցանակ էին նաեւ դրանք»,- ասաց նկարիչ-դիզայները։

Խոսեցինք նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի հետ, որը համակարգում է մշակութային ոլորտը։ Նա ասաց, որ հարցն իր համակարգման ոլորտում չէ, ուստի իրավասու չէ պատասխանել։ «Հարցը մշակութային չէ, շինությունների մոնտաժում-ապամոնտաժում՝ էդ հարցերն իմ ոլորտի հետ չեն առնչվում, եւ ես կոմպետենտ չեմ պատասխանել»,- ասաց փոխքաղաքապետը, որի համար, փաստորեն, միեւնույն է՝ կցակառո՞ւյց են ապամոնտաժում, թե՞ գրախանութ։ Ի վերջո, խոսքը մշակույթի՝ գիր-գրականության հետ կապ ունեցող օբյեկտների ապամոնտաժման մասին է, ի վերջո՝ Դուք կո՞ղմ եք, որ այդ գրատնակներն այդպես քանդուքարափ արվեն, ավերվեն։

«Ես չեմ մասնակցել էդ քննարկումներին, ինչպես գիտեք, նշված էր նաեւ հայտարարության մեջ, որ երկար ժամանակ այդ տաղավարներն օգտագործվել էին ոչ մշակութային նպատակով, դրա համար էլ ես չեմ կարող պատասխանել, եւ նույնիսկ իմ հետ չի քննարկվել։ Չէր կարող մի հարց քննարկվել ինձ հետ, որն իր մեջ մշակութային բաղադրիչ չի պարունակում»,- պնդեց փոխքաղաքապետը։ Ապա նշեց, որ եթե մի գործընթացում մեր քաղաքացիներն իրենց գործունեությունը ծավալելու ընթացքում իրավական բոլոր նորմերը պահպանած են լինում, Երեւանի քաղաքապետարանը չի խոչընդոտում այդ մարդկանց։

«Բայց եթե կատարվել է ապամոնտաժման գործընթաց, ուրեմն եղել են բավարար հիմքեր տվյալ գործընթացը կազմակերպելու համար։ Եթե ինքը ծառայեր իր բուն նպատակին՝ որպես գրախանութ, գուցեեւ այստեղ ասելիք լիներ։ Բայց ես նաեւ չեմ ընդունում, երբ որ մի տաղավարի հետնամասում գրված է «Ավետիք Իսահակյան», եւ էդ տաղավարի ներսի մասում վաճառում են սիգարետ»,- քաղաքապետարանի գործողությունները փորձեց արդարացնել մշակութային փոխքաղաքապետը։
Հետո նշեց, որ պատշաճ ծանուցումներ են ուղարկվել կրպակների ղեկավարին, որքանով ինքն ինֆորմացված է, եւ վստահ է, որ եթե գործընթացը բերեին իրավական տիրույթ, որեւէ խնդիր չէր առաջանա։ Այսինքն, քաղաքապետարանն «ինադի» է ընկել, որ սեփականատերն իրենց չի մոտեցել, խնդրել, համոզել։

Նկատեցինք՝ վերջապես, հնարավո՞ր չէր այնպես ապամոնտաժել, որ կոնստրուկցիան չվնասվեր, եւ հնարավոր լիներ հետո դրանք այլ վայրերում տեղադրել։ «Գործընթացը կազմակերպելուց առաջ՝ մինչեւ տարածքը տաղավարներից ազատելը, ես ուզում եմ, որ Դուք վստահ լինեք, որ էդ գործընթացը կազմակերպող մարդուն առաջարկվում է, որպեսզի ինքն իր շինությունն ինքնակամ հեռացնի տարածքից։ Ապամոնտաժման գործընթացը սկսվում է այն ժամանակ, երբ տնօրինող կողմը հրաժարվում է կազմակերպել դա։ Եվ ես առավել քան վստահ եմ, որ եթե շատ սրտացավ լիներ տվյալ կողմը՝ Երեւանում ունենալու էդ տաղավարները, ինքը կկազմակերպեր էդ գործընթացը»,- ասաց նա։

Այս ամենի մեջ, ըստ էության, նաեւ քաղաքական ենթատեքստ կա, քանի որ գրատնակները նախկինների օրոք են տեղադրվել, եւ քաղաքապետարանը կասկածներ ունի, որ կազմակերպությունը փոխկապակցված է Արմեն Ամիրյանի հետ։ Ի դեպ, Տիգրան Վիրաբյանի առաջխաղացման մեջ Ամիրյանը ժամանակին  դերակատարում է ունեցել։ Նա ասաց․ «Ինքս Գյումրիի թատրոնի ղեկավար եմ նշանակվել պարոն Ամիրյանի օրոք, մինչեւ այժմ էլ ունեմ շատ ջերմ հարաբերություններ նրա հետ, մեծ հարգանքով եմ վերաբերվում Արմեն Ամիրյանին եւ իր կատարած աշխատանքին, մինչեւ հիմա էլ կապի մեջ եմ պարոն Ամիրյանի հետ, անընդհատ հեռախոսային խոսակցությունների մեջ ենք իրար հետ, եւ ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ, անկախ նրանից՝ ով է կազմակերպիչը եւ հեղինակը, եթե ինքն իրենից ներկայացնում է իրավական հիմքերով գործընթաց, մնում է կայուն»։

Սակայն, մեր տեղեկություններով, նույն քաղաքապետարանից շահագրգիռ կողմին ասվել է, որ կրպակների ետեւում «քրեական հետապնդման ենթարկվող անձ է կանգնած», եւ հապճեպ ապամոնտաժվել են ոչ միայն այդ պատճառով, այլեւ այն, որ դատարանը մոտ օրերս հայցը վարույթ կընդուներ եւ հայցի ապահովման միջոց կկիրառեր՝ արգելելով ապամոնտաժումը։