Շվեյցարիայում էլ են պայքարում կանանց իրավունքների համար

Շվեյցարիայում էլ են պայքարում կանանց իրավունքների համար

Ժնեւում տեղադրված այս աղջկա արձանը բռնության եւ դրա դեմ պայքարի խորհրդանիշն է։ Տարիներ առաջ մի 17-ամյա պորտուգալացի աղջկա նկատմամբ խմբակային բռնաբարությունը մեծ հասարակական ընդվզում է առաջացրել, եւ մարդիկ հասկացել են, որ բռնությունը մարդկության ամենամեծ չարիքներից է։ Նրա արձանը տեղադրվել է քաղաքի կենտրոնում, որ մարդիկ միշտ հիշեն եւ երբեք չհանդուրժեն բռնությունը՝ ո՛չ իրենց, ո՛չ կողքինների նկատմամբ։ Բայց այսօր Շվեյցարիայում՝ աշխարհի ամենաբարձր կենսամակարդակը եւ ամենաբարձր ՀՆԱ-ն ունեցող երկրներից մեկում, որտեղ սոցիալական բարձրորակ քաղաքականություն է տարվում, բռնությունը դեռ առկա է, եւ մարդիկ խոսում են այն մասին, որ շվեյցարական ընտանիքներում կա քողարկված բռնություն, որի մասին  բացահայտ չի խոսվում։

Շվեյցարիայում նաեւ կանանց իրավունքների ոտնահարման մասին են խոսում, եւ չնայած ֆեդերալ խորհրդում՝ երկրի կառավարման բարձրագույն մարմնում, այժմ 2 կին կա, իսկ 2010-ին Շվեյցարիայի նախագահի պաշտոնում ընտրվել է կին՝ Միշլին Քալմի-ռեյը, սակայն շվեյցարացիները կարծում են, որ իրենց երկրում կանանց իրավունքները պատշաճ պաշտպանված չեն։ Նրանք պարբերաբար պատմում են, որ միայն 1971 թվականից են կանայք իրենց երկրում ընտրելու եւ ընտրվելու իրավունք ստացել, իսկ այսօր դեռեւս շատ կանայք չեն աշխատում՝ երեխաների եւ ընտանիքի խնամքով են զբաղվում։ Այս երկրում երեխաների խնամքին ու դաստիարակությանը շատ լուրջ են վերաբերվում՝ երեխաներ ունեցող կանայք ողջ օրը զբաղված են իրենց զավակներին տարբեր խմբակների ու պարապմունքների տանելով։ Բացի այդ, մեզ պատմեցին, որ իրենց երկրում ընդունված է, որ երեխաները ճաշին դպրոցից գալիս են տուն՝ ճաշում, ապա վերադառնում դպրոց՝ ուսումը շարունակելու։ Իսկ դա նշանակում է, որ ընտանիքի մայրը կամ հայրը պետք է գոնե մանկահասակ երեխաներին դիմավորի, կերակրի, հետո նորից ճանապարհի դպրոց։ Մանավանդ եթե դպրոցը տնից հեռու է, ապա դա նշանակում է, որ ինչ-որ մեկը չպետք է աշխատի՝ գոնե ծանրաբեռնված գրաֆիկով։

Թերեւս կանանց կարգավիճակի այս առանձնահատկություններն են պատճառը, որ Շվեյցարիայում քիչ են երեխա ունենում եւ շարունակ պայքարում են կանանց իրավունքների համար։ Մոտ 2 ամիս առաջ Շվեյցարիայում մեծ բողոքի ակցիա է կազմակերպվել ֆեմինիստների կողմից։ Նրանք մանրակրկիտ նախապատրաստվել են այդ միջոցառմանը՝ կոչ են արել կանանց այս կամ այն կերպ անպայման մասնակցել բողոքի ակցիային՝ մեկ օր չաշխատել, դուրս գալ փողոց, մանուշակագույն ժապավեններով պատել ողջ երկիրը։ Իսկ այն կանայք, որոնք չեն կարող ողջ օրը բացակայել աշխատանքից կամ տնից, գոնե մի քանի րոպեով միանան ակցիային՝ թեկուզ հենց իրենց աշխատավայրերում աշխատանքը դադարեցնելով։ Մեզ պատմեցին, որ կանանց մեծ մասը գործատուներից թույլտվություն էստացել եւ մասնակցել ակցիային, քայլել են փողոցներով, ելույթներ ունեցել ու մանուշակագույնով պատել ողջ երկիրը։

Շվեյցարիայում պատմում էին, որ զարմանալի համախմբված ու կազմակերպված ակցիա է իրականացվել կանանց կողմից։ Մի քանի ժամում ամբողջ երկիրը դարձել է մանուշակագույն՝ պաստառներով ու ժապավեններով է պատվել ամեն ինչ՝ կառավարական շենքերը, արձանները, փողոցները, անգամ մասոնների գրասենյակի վրա են փակցրել մանուշակագույն ժապավեններ, հուշարձանների ու տաճարների վրա, եւ ոչ ոք չի խանգարել նրանց։ Շվեյցարական բոլոր 26 կատոններում ընթացել են այդ ակցիաները, եւ մարդիկ հասկացել են, որ կանայք մեծ ուժ են, ու նրանց ցանկությունների հետ պետք է հաշվի նստել։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ