«Հրապարակ». Քոչարյանի թիմն այսօր կհավաքվի. մարտի 1-ով նոր տեսանյութեր կան

«Հրապարակ». Քոչարյանի թիմն այսօր կհավաքվի. մարտի 1-ով նոր տեսանյութեր կան

Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբն այսօր «Էրեբունի պլազայում» կազմակերպել է «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսը, որի ընթացքում կներկայացվեն նյութեր, որոնք մինչ այժմ չեն ներկայացվել։ Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու են եւ զեկույցներով են հանդես գալու փաստաբաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Սարգիս Գրիգորյանը։ Կլինեն նաեւ այլ բանախոսներ, որոնք կխոսեն քաղաքական թեմաներով։ Արամ Օրբելյանն ասաց, որ իր տեղեկությամբ՝ Մարտի 1-ի իրադարձություններից նոր տեսանյութեր կան, որոնց մի մասը համացանցում արդեն ցուցադրվել է, այնտեղ երեւում է, թե ինչպես են ցուցարարները մարտական զենքով կրակում, դրանք այսօր կցուցադրվեն։ «Բացի դրանից, քննարկելու են «Վիքիլիքսի» նյութերը եւ դրանց ազդեցությունն էդ պրոցեսի վրա, փաստաբաններն էլ ներկայացնելու են հարցեր, այդ թվում՝ զորքի օգտագործման օրինականության, ՀՀ Քրեական օրենսգրքի 300 եւ 300.1 հոդվածները, անձեռնմխելիության հետ կապված օրենքները, թե ինչու պետք է գործը կարճվի եւ այլն»,- ասաց նա։ Մասնագետները ներկայացնելու են նաեւ Մարտի 1-ի գործում փաստերի խեղաթյուրման հետ կապված հարցերը։