Ինչ 600 հազար դոլարի կտակի մասին է խոսքը

Ինչ 600 հազար դոլարի կտակի մասին է խոսքը

«Հրապարակը» երեկ էլեկտրոնային նամակ էր ստացել՝ Հայր Կորյունի ստորագրությամբ, ով հայ հանրությանը հայտնի է «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումից: Նամակում երկու խնդիր է ներկայացված՝ մեկը վերաբերում է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան օրվան, երկրորդը՝ 600 հազար դոլարի կտակին, որը, ըստ նամակի հեղինակի, Մայր Աթոռի՝ այժմ հանգուցյալ վարդապետ Մաղաքիա Ամիրյանը ստացել է մի արգենտինացի կնոջից, գումար է վճարել Վեհափառին, որ դառնա եպիսկոպոս, սակայն մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, եւ կտակի ողջ գումարը յուրացրել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Նշենք, որ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան առնչությամբ նամակագիրը ծանր մեղադրանքներ է հնչեցնում, որ նրան կաթողիկոսն է «լիկվիդացրել»` եկեղեցուն պատկանող «Իզմիրլյան» հիվանդանոցում։ Նամակում նշվում է, որ «կորոնավիրուսից մահացել է նաեւ մեկ այլ երիտասարդ միաբան՝ Մամբրե աբեղա Տաշչյանը։ Սակայն նրա մասին, բացի նրա մահվան լուրը տարածելուց, Մայր Աթոռն ու կաթողիկոսը որեւէ այլ կերպ չեն անդրադարձել այդ անձին, հակառակը՝ Մաղաքիա վարդապետի մահվան մասին Մայր Աթոռի գրեթե բոլոր կառույցները՝ սկսած հեռուստաընկերությունից, ֆիլմեր, միջոցառումներ ու տարատեսակ հիշատակի օրեր են կազմակերպել հենց կաթողիկոսի հրամանով։ Մտածելով, որ հնարավորինս տխուր պետք է ներկայացնել մահվան փաստը եւ ցուցադրել, որ կաթողիկոսը խոր ցավ է ապրում՝ քողարկելու 600 հազար ԱՄՆ դոլարը եւ սպանության փաստը»։

Ըստ նամակագրի՝ կաթողիկոսը չմասնակցեց խաղողօրհնեքին հենց այդ պատճառով. «Օգոստոսի 13-ին Հայ եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Սուրբ Գայանե վանքում կատարվեց Սուրբ պատարագ, որի ավարտից հետո եկեղեցական թափորը ուղղվեց դեպի բաց խորան, որտեղ կատարվեց Խաղողօրհնեքը»: Տաղավար տոնին Գարեգին Բ-ն չմասնակցեց, քանի որ «վախենում էր լրագրողների ու ժողովրդի հարցերից»։ Ինչ վերաբերում է արգենտինահայ կնոջ կտակին, ապա. «Մայր Աթոռի ֆինանսական բաժնից տեղեկացանք, որ հաշվապահությունը եւ գավազանակիր Անանիա վարդապետ Ծատուրյանն այս ընթացքում ամեն ինչ փորձում են անել՝ կարգավորելու 600 հազար ԱՄՆ դոլարի ստացման փաստաթղթերը։ Ի դեպ, գավազանակիր Անանիա վարդապետ Ծատուրյանն իր մտերիմներին խոստովանել է, որ իր վարդապետական աստիճանը, իբրեւ նվեր, ստացել է հենց այս 600 հազար ԱՄՆ դոլարի գաղտնիքը պահելու դիմաց։ Իսկ Առեն վարդապետ Շահինյանը՝ Արգենտինայի Հայոց թեմի ներկայիս առաջնորդական տեղապահը, չկարողանալով «փակել արգենտինահայերի բերանը» (Գ․ Բ-ի խոսքերը), դուրս է մնացել այս տարվա եպիսկոպոսական ձեռնադրության ցուցակի մեջ ընդգրկվելուց, քանի որ Արգենտինայի Հայոց թեմում արդեն բոլորը խոսում են 600 հազար ԱՄՆ դոլարի անհետացման ու վարդապետի առեղծվածային մահվան մասին»։ Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի ծննդյան օրվան, ապա նամակագիրը պնդում է, որ կաթողիկոսը ծնվել է ոչ թե օգոստոսի 21-ին է, ինչպես պաշտոնապես նշվում է, այլ ավելի շուտ՝ հուլիսի 8-ին, «համաձայն ՀՀ անձնագրերի ու վիզաների վարչության եւ ՀՀ ընտրողների ռեգիստրի (Ներսիսյան Գարեգին Բ, Ծննդյան ա/թ՝ 08/07/1951, հասցե՝ Մայր Աթոռ, ՏԸՀ՝ 14)։ Կաթողիկոսի անձնագրերն էլ կցված են, որտեղ պարզ երեւում է, որ նրա տարեդարձն օգոստոս 21-ին չէ»։ «Զարմանալին այն է,- նշում է նամակագիրը,- որ այս փաստի մասին իմանալով, ե՛ւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ե՛ւ ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչությունը, ե՛ւ ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչները՝ դեսպանությունները, պաշտոնապես շնորհավորում են կաթողիկոսին օգոստոս 21-ին։ Հետաքրքիր է՝ երբ կաթողիկոսը դիմում է՝ որեւէ երկիր մեկնելու համար արտոնագիր ստանալու, փաստացի ներկայացնում է անձնագիր` կե՞ղծ ծննդյան թվականով, կամ էլ թվականը ճիշտ է, ու այսքան տարի Մայր Աթոռը ստել է կաթողիկոսի տարեդարձի օրվա կապակցությամբ»։