Դեկանի 71-ամյա համակուրսեցին համալրեց «երիտասարդ» կադրերի շարքը

Դեկանի 71-ամյա համակուրսեցին համալրեց «երիտասարդ» կադրերի շարքը

ՀՀ հաղթանակած ժողովրդավարական հեղափոխությունը, քաղաքականության եւ կառավարման վերափոխումներին զուգահեռ, պետք է ներառի նաեւ տնտեսության զարգացումը՝ ընդհանրապես, եւ գիտության զարգացումը՝ մասնավորապես:

21 -րդ դարում գիտությունը վերաճում է անմիջական արտադրողական ուժի եւ վճռական դեր է խաղում արտադրության զարգացման գործում: Ժամանակակից գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը եւ խորացումը կարող են ապահովել կայուն եւ բարձր տեմպերով տնտեսական աճ եւ բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացում:

Դեռեւս ԽՍՀՄ կազմում Հայաստանն առաջնակարգ տեղ էր զբաղեցնում (10 հազ. բնակչության հաշվով) թե՛ գիտնականների քանակով եւ թե՛ որակական կազմով: Մեծ էր նաեւ հայ գիտնականների ներդրումը խորհրդային գիտության զարգացման գործում: Հատկապես Օրբելի եւ Ալիխանյան եղբայրների, Սերգեյ Մերգելյանի եւ Վիկտոր Համբարձումյանի գիտական ներդրումը: Այս ամենը գլխիվայր շրջվեց, երբ Հայաստանը ձեռք բերեց քաղաքական եւ տնտեսական անկախություն, եւ տեղի ունեցավ անցում պլանային համակարգից շուկայականին: Անցումային ժամանակաշրջանի սկզբնական փուլում Հայաստանի համախառն ներքին արդյունքը կրճատվեց 59 %-ով: Բնակչության կեսից ավելին (57%) դարձավ աղքատ: Հայաստանում տնտեսական ճգնաժամն ուղեկցվեց նաեւ էներգետիկ ճգնաժամով: Հետագայում աճեցին մենաշնորհները (օլիգոպոլական տիրապետության) եւ ստվերային տնտեսությունը: Այս բոլորն ուղեկցվեց նաեւ բնակչության բեւեռացումով․ մի կողմից՝ ապօրինի ճանապարհով հարստության կուտակումը պետական այրերի կողմից, մյուս կողմից՝ բնակչության աղքատ խավերի ձեւավորումը եւ կայացումը: Հայաստանում 8-10 անգամ կրճատվեցին գիտության զարգացմանը հատկացվող ֆինանսական միջոցները: Եթե զարգացած շուկայական տնտեսություններում գիտությանը տրամադրվում էր ՀՆԱ-ի 2-3%-ը, ապա Հայաստանում՝ 0.29%-ը: Այս բոլորի հետ մեկտեղ գիտության զարգացմանն ուղղված բյուջեի սուղ միջոցներն օգտագործվում են ցաքուցրիվ եւ փոփոխություններ չեն առաջացնում գիտության զարգացման գործում: Դեռ ավելին, շատ պետական այրեր գտնում են, որ Հայաստանը փոքր երկիր է, ու պետք չէ գիտության զարգացման ծախսերն ավելացնել: Չնկատել եւ անտեսել գիտության զարգացումը՝ մեղմ ասած, տնտեսական կարճատեսություն է: Հայաստանն ունի մեծ գիտական ներուժ, եւ անհրաժեշտ է այն օգտագործել գիտության զարգացման համար: Դրա համար անհրաժեշտ են որոշակի վերափոխումներ, մասնավորապես՝ կառուցվածքի կատարելագործման եւ գիտական կադրերի արդյունավետ օգտագործման ճանապարհով:

Կառուցվածքային վերափոխման տեսակետից անհրաժեշտ է նաեւ գիտության զարգացման բյուջեի սուղ միջոցները կենտրոնացնել կրթության եւ գիտության նախարարությունում: Գիտության պետական կոմիտեն պետք է դառնա կրթության եւ գիտության ստորաբաժանումներից մեկը, իսկ Գիտությունների ազգային ակադեմիան՝ հասարակական կազմակերպություն, եւ դրան ուղղված ֆինանսական միջոցները եւս կենտրոնացնել կրթության եւ գիտության նախարարությունում: Միաժամանակ որոշակի կառուցվածքային փոփոխությունների պետք է ենթարկվի կրթության եւ գիտության նախարարությունը՝ գիտական հետազոտողների եւ գիտության զարգացման նոր կառույցի ստեղծման ճանապարհով: Եվ երկրորդ․ բարձրացնել գիտական կադրերի օգտագործման արդյունավետությունը բուհական համակարգում, ինչպես կատարվում է զարգացած երկրներում: Գիտության զարգացումը չպետք է ունենա տարիքային սահմանափակումներ: 78 տարեկանում ամերիկյան գիտնականը գործնականում ստացավ, այսպես կոչված՝ «աստծո մասնիկը», որի ուսումնասիրությունը հետագայում թույլ կտա բացահայտելու մարդկության առաջացման իրական պատճառները: Եթե տարեց գիտնականն ունի համապատասխան ունակություններ, ապա չպետք է սահմանափակել նրա սահմանադրական իրավունքները: Մեզանում շատ պետական այրեր պոպուլիստական հայտարարություններ են անում երիտասարդ կադրերի արտահոսքը կրճատելու մասին՝ կոչ անելով ազատվել տարեց գիտնականներից եւ նրանց փոխարեն ներգրավել երիտասարդ կադրերին: Նման դատողությունն անհեթեթություն է, քանի որ հաշվի չեն առնվում մի շարք կարեւոր հանգամանքներ: Օրինակ, ինչպես պետք է ապահովել երիտասարդ կադրերի պատրաստումը եւ ղեկավարումը, որը կատարվում է տարեց դոցենտների եւ պրոֆեսորների կողմից: Այս տեսակետից գիտական կադրերի վերարտադրությունը պետք է ընթանա իր բնական հունով եւ ոչ թե արհեստական ճանապարհով: Դեռեւս ԽՍՀՄ-ում երիտասարդ գիտնական կադրերի արտահոսք չի եղել, հետեւաբար, պետք է փնտրել այդ արտահոսքի իրական պատճառները, ինչպես, օրինակ, աշխատավարձի ցածր մակարդակը: Որպեսզի ուսանողը շարունակի իր ուսուցումը եւ գիտելիքների ձեռքբերումը, առնվազն 10 տարի պետք է սովորի վճարով ուսումնական հաստատությունում, իսկ դա հասանելի չէ բոլորին: Օրինակ, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում տնտեսագիտության տեսության գծով ավելի քան 10 տարի չի ձեւավորվում առկա, իսկ երբեմն հեռակա ուսուցման մագիստրոսական խումբ: Այնուհետեւ երիտասարդ կադրերի արտահոսքի կրճատումը չպետք է փնտրել միայն գիտության ոլորտում, որն ամբողջությամբ վերցված՝ գրեթե անհնարին է: Դա ամենից առաջ պայմանավորված է տնտեսության, մասնավորապես՝ արդյունաբերության զարգացմամբ:

Բուհական համակարգում գիտության զարգացումը եւ կադրերի աշխատանքի արդյունավետության բարձրացումը չպետք է կատարվեն տարեց դոցենտներին եւ պրոֆեսորներին անհիմն կերպով աշխատանքից ազատելու միջոցով: Այնուհետեւ դրանց հրամանագրում են ժամավարձով, որի դեպքում կրճատվում է դասախոսի իրական եկամուտը, եւ նա չի ստանա նաեւ արձակուրդի դիմաց վարձատրություն: Իսկ դրանց փոխարեն Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում աշխատանքի են ընդունվել Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրեն Սամսոն Դավոյանը (71 տարեկան), որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ կաշառակերության համար: ԵՊՀ նույն ֆակուլտետում աշխատանքի է նշանակվել նաեւ (մոտ 70 տարեկան) Ամալյա Սարիբեկյանը: Ընդհանրապես, բուհական համակարգում պրոֆեսորադասախոսական անձնակազմի ընտրությունը պետք է կատարվի անկախ տարիքից՝ մրցութային ճանապարհով եւ առանց խտրականության: Օրինակ, Սամսոն Դավոյանը տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի համակուրսեցին եւ ընկերն է, դրա համար էլ նա դարձավ ֆակուլտետը համալրող «երիտասարդ» կադրերից մեկը: Կամ՝ 90 տարեկան պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանը հրամանագրվում է որպես հիմնական աշխատող, իսկ նրանից 10 տարի փոքր շատ պրոֆեսորներ, ռեկտոր Արամ Սիմոնյանի կամային հրամանով, ազատվում են աշխատանքից: Ընդ որում, 50 տարվա պրոֆեսորներին եւ դոցենտներին ազատելով աշխատանքից՝ նույնիսկ ձեւական շնորհակալություն չի հայտնվում: Մեզանում շատ հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարներ անհիմն կերպով խախտում են մարդկանց սահմանադրական իրավունքները՝ ազատում են աշխատանքից նույնիսկ քաղաքական նկատառումներով եւ ոչ մի պատասխանատվություն չեն կրում:

Ժողովրդավարական հեղափոխությունը չի կարող ունենալ էական հաջողություններ, եթե հասարակությունը եւ նրա առանձին անհատը չփոխի իր մտածելակերպը եւ իր ազնիվ ու նպատակաուղղված աշխատանքով չծառայի հասարակությանը:

Վոլոդյա ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԵՊՀ պրոֆեսոր, տնտեսագետ