Զորավարժությունները շարքային բնույթ են կրում, սպառնալիք չեն որևէ մեկի համար և ուղղված չեն որևէ մեկի դեմ

Զորավարժությունները շարքային բնույթ են կրում, սպառնալիք չեն որևէ մեկի համար և ուղղված չեն որևէ մեկի դեմ

«Հրապարակի» զրուցակիցն է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։

-Արցախում որոշ խմբեր՝ մասնավորապես Սամվել Բաբայանի հետ փոխկապակցված մարդիկ պահանջում են հումանիտար միջանցք բացել, որպեսզի մարդիկ դուրս գան Արցախից։  Իսկ նախագահ Շահրամանյանն իր հերթին կարգադրել է խստացնել՝ Արցախից այս կամ այն պատրվակով դուրս եկող մարդկանց համար հնարավորությունները։  Արդյո՞ք Շահրամանյանին կհաջողվի վերահսկողության տակ վերցնել իրավիճակը։

-Այն, որ Արցախում քաղաքական ուժերն ու քաղաքականությամբ զբաղվող որոշ բախտախնտիրներ այդ կապակցությամբ հանդես են գալիս իրարամերժ հայտարարություններով ու տարբեր գնահատականներով՝ գաղտնիք չէ:  Այն, որ դա ինչ-որ տեղ յուրովի շահարկումների թեմա է դարձել՝ դա էլ է փաստ: «Հումանիստ-փրկիչ-հերոս» օպերացիայով միջանցք բացողների ու այդ կերպ Արցախը հայաթափողների տրամաբանությունն էլ է բոլորիս հայտնի։ Նախագահի որոշումը՝ Արցախից դուրս գալու որոշակի վերապահումներով թույլտվությունը տրամաբանական են: Իսկ թե արդյոք վերջինիս կհաջողվի վերահսկողության տակ վերցնել իրավիճակը, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա:
Համենայնդեպս փաստ է, որ տարբեր մեթոդներով Արցախն անգամ անվերադարձ լքողներ ցավոք կան: Այդ հանգամանքից օգտվողներն էլ կան, բիզնես գործունեություն ծավալողներ՝ ևս։
Կարծում եմ՝ նախագահ Շահրամանյանը քաջատեղյակ է և որ նրան ամենօրյա ռեժիմով զեկուցում են այդ մասին։Ունի՞ լծակներ այդ ամենը բացառելու՝ կարծում եմ, այո: Ունի անկեղծ ցանկություն բացառել այն՝ հուսամ, այո։

-Հումանիտար միջանցք բացելու կոչերն ինչո՞վ են վտանգավոր։

-Գտնվում են մարդիկ, այդ թվում՝ անգամ ՀՀ վարչապետը, որոնք ցավոք հայտարարում են, թե Արցախում հումանիտար ճգնաժամին պետք չէ տալ քաղաքական գնահատական:
Կատեգորիկ անհամաձայն եմ նման կարծիքի ու նման վտանգավոր հայտարարությունների հետ:
Աբսուրդ է ու նոնսենս այն, որ դա պնդում են մեր իշխանությունները, այն պարագայում, երբ Արցախում տեղի ունեցողը զուտ հումանիտար խնդիր չէ, որի մասին փաստում են թե՛ միջազգային հանրությունը, թե՛ միջազգային գործընկերներն ու տարբեր երկրների լիդերները և թե՛ միջազգային վերպետական կառույցները: Միանշանակ է, որ այն քաղաքական, մի շարք կոմպոնենտներով բաղկացած համընդհանուր խնդիր է: Հետևաբար, հակառակը պնդելը՝ թշնամու ջրաղացին ջուր լցնել է:

-ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններով պայմանավորված Հայաստան են ժամանել ԱՄՆ երկու գեներալներ։ Հարմա՞ր ժամանակ էր արդյոք հիմա ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններ անցկացնելը: Սա ի՞նչ ուղերձ է աշխարհին ՀՀ ներկա իշխանությունների կողմից։

-Խնդիրը հարմար կամ ոչ հարմար ժամանակի համատեքստում չէ…Խնդիրն է հասկանալ այդ համատեղ զորավարժությունների նպատակն ու բովանդակությունը: Ըստ իս՝ այն դիտարկելը որպես ՆԱՏՕ-ի հետ մշտական ու սերտ համագործակցության մեկնարկ կամ առավել ևս այդ ռազմաքաղաքական կառույցին անդամակցելու հեռահար նպատակ կամ հայտ չի համապատասխանում այսօրվա իրականությանն ու տեղի ունեցող գործընթացների տրամաբանությանը: Կարծում եմ, որ պարզապես ֆետիշացված է այս զորավարժությունների անցկացման նպատակն ու բովանդակությունը: Սա շարքային զորավարժություններ են, որոնք բազմիցս անցկացվել են մի շարք հետխորհրդային հանրապետություններում, այդ թվում անգամ ՀԱՊԿ անդամ երկրներում: Ուղղակի՝ աշխարհաքաղաքական նման զարգացումների ֆոնին այն կոնկրետ թիրախավորվում է, մեկնաբանվում ըստ հայեցողության, ճաշակի ու քմահաճուքի, տրվում տարբեր գնահատականներ:
Բայց և փաստ է, որ ներկայումս ՀՀ իշխանություններն ակնհայտ ու դեմոնստրատիվ փոխում են ռազմաքաղաքական վեկտորը, բացահայտ խոսում ՀԱՊԿ-ից եթե ոչ դուրս գալու, ապա այդ կառույցի անկենսունակության մասին: ՀՀ իշխանությունները նաև բազմիցս մերժել են թե՛ ՀԱՊԿ զորավարժություններում մեր մասնակցությունը և թե՛ ըստ կառույցի պլանի Հայաստանում անցկացվելիք զորավարժությունները: Հետևաբար՝ նման վարքն ու տվյալ դեպքում այդ կառույցի հակակշիռ ռազմաքաղաքական ալյանսի հետ ցանկացած տրամաչափի համագործակցությունն բնականաբար արժանանում է սուր քննադատության, դժգոհությունների, մտահոգությունների, խանդի տեսարանների, ավելին՝ անգամ սպառնալիքներ են հնչում: Սա ՀՀ իշխանությունների՝ ինքնիշխանության որոշակի դեմոնստրացիա է, ինչպես նաև ուղերձ, առ այն, որ մենք կաշկանդված չենք համագործակցել ինչպես ցանկացած երկրի, այնպես էլ ցանկացած ռազմաքաղաքական ալյանսի հետ: 

-ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունների վերաբերյալ շատ բացասաբար են արտահայտվել Իրանն ու Ռուսաստանը։ Այս դժգոհությունների հետևանքներն ի՞նչ սցենարներ կարող են զարգացնել։

-Ինչպես արդեն իսկ նշեցի, դժգոհությունների առիթներն ու պատրվակները բազմապիսի են ու բազմաբնույթ:  Յուրաքանչյուր երկիր յուրովի է մեկնաբանում ու գնահատական տալիս այս զորավարժություններին: Գաղտնիք չէ Իրանի դիրքորոշումը, որով մեր հարավային հարևանը կարմիր գիծ է համարում և չի հանդուրժի ցանկացած ռազմաքաղաքական ալյանսի ու մասնավորապես՝ ԱՄՆ-ի ներկայությունը Հարավային Կովկասում։ Դե իսկ ՌԴ-ի դիրքորոշումը կարծում եմ բոլորիս է պարզ, հետևաբար՝ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում: Այս համատեքստում՝ վերոնշյալ երկրների կողմից որևիցե զարգացում չի կարող լինել, քանի որ ինչպես նշեցի, այդ զորավարժությունները շարքային բնույթ են կրում, սպառնալիք չեն որևէ մեկի համար և ուղղված չեն որևէ մեկի դեմ:
Այդ մասին վերջիններս միանշանակ գիտեն: Պարզապես տարբեր ձևաչափերով ու տրամաչափերով պետք է արձագանքեին այդ մասին, որն էլ չուշացավ: Իսկ թե այդուհանդերձ այն իր նեգատիվ հետևանքները կթողնի՞ միջպետական հարաբերությունների վրա, կարծում եմ՝ այո:

-Երբ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը դեմ չէ, որ Ադրբեջանը կապվի Նախիջևանին Հայաստանի տարածքով, ի՞նչ է դա նշանակում։

-Համենայն դեպս, այս հարցի կապակցությամբ ՀՀ վարչապետը միշտ հղում է տալիս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, համաձայն որի՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հիմքերի վրա պետք է ապաշրջափակվեն տարածաշրջանի անխտիր բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները: Այդ համատեքստում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել իր տարածքի Սյունիքի մարզով ճանապարհներ ու երկաթուղի տրամադրել Ադրբեջանին՝ այդկերպ ցամաքային կապ ապահովելով Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածների միջև:  Այլ հարց է, որ Ադրբեջանը ոչ թե ճանապարհներ է ուզում այլ արտատարածքային միջանցք:
Համենայն դեպս՝ ՀՀ իշխանությունները բացառում են միջանցքային տրամաբանությունը, ավելին՝ պնդում, որ այն անգամ քննարկման ենթակա չէ:
Այլ հարց է, թե ՀՀ իշխանություններն արդյո՞ք անվերապահորեն հաստատակամ կմնան ու սկզբունքայնություն կդրսևորեն անգամ ռազմական սպառնալիքի պարագայում, որի մասին բարձրաձայնում է թշնամին:

-Արդյո՞ք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կանգնած է պատերազմի թատերաբեմ դառնալու հեռանկարի առաջ։

-Բազմիցս եմ ասել, որ պարտադրված պատերազմը խիստ հավանական է:
Դրան «խրախուսում» է թե՛ ՀՀ իշխանությունների վարքագիծը և թե առհասարակ թշնամու ծավալապաշտական նկրտումները, որոնց մասին գրեթե ամենօրյա ռեժիմով, անկաշկանդ խոսում է թշնամին: Հայաստանն ապահովագրված չէ պատերազմից:

-Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ արդյո՞ք չի թշնամացնում Ռուսաստանն ու Իրանը Հայաստանի հետ:

-Գործող իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում որոշակի լարվածություն իհարկե կա թե՛ ՌԴ-ի և թե՛ Իրանի հետ հարաբերություններում:  Իհարկե, այդ մասին տվյալ երկրի ղեկավարներն առայժմ բացահայտ չեն խոսում, բայց նրանց փոխարեն խնդիրներն ու տարաձայնությունները բարձրաձայնում են արտաքին գերատեսչական մարմիններն ու բարձրաստիճան պաշտոնատար անձինք: 
Ուստի, ՀՀ իշխանությունները չպետք է գնան արկածախնդրությունների: Այսօրվա հրամայականն է վարել բազմավեկտոր կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն: