Ով ականջ ունի, թող լսի
Հեղիր սերդ, Տե՛ր, սիրուց ցամաք երկրիս վրա
Երևան. ամեն օր քայլում եմ քո փողոցներով, բակերով, այգիներով. ու ցավում է սիրտս… Անտուն շներ տխուր աչքերով, վախեցած, սոված, հիվանդ. կատուներ՝ հաճախ հղի,նրանցից ոմանք ինչ-որ մեկի օգնության հույսով խանութների մուտքերին հերթապահող: Աղբ. որտեղ հայացքդ շրջես՝ աղբ, ու դարձյալ աղբ: Այստեղ-այնտեղ կիտված շինարարական ավազի բլուրներ՝ աշխատանքի ավարտից հետո /հաճախ կիսատ-պռատ արված/, փնթի, թափթփված տարածք, փոշի: Տասնյակ կարկատաններով խորդուբորդ մայթեր, ծառեր՝ ոչ ճիշտ տեղում տնկած, օրինակ, փարթամ, սլացիկ, ճիշտ հեռավորությամբ ծառերի արանքներում, շատերն էլ՝ տնկած ու մոռացված, չորացման եզրին: Սովորական դարձած պատկեր՝ փողոցն ի վար անտեղի հոսող ջուր: Ահազանգելն, ինչպես և աղբի դեպքում, անիմաստ է: Զանգահարեցի Քաղաքապետարանի թեժ գիծ. եկան, գրեցին, նկարեցին. ամիսներ են անցել, սայլը դեռ իր տեղում է: Երևի եկել էին տեսնելու, էն ով էր, որ չէր ալարել, զանգել էր, կամ՝ որ դեռևս ինչ-որ լավ բանի հույս ուներ: Նախկին իշխանությունների սկսած ու Երևանի հերն անիծած շինարարական բումը, ներկայիններիս օրոք ագրեսիվ կերպով շարունակվում է: Սնկի պես ծլող, երկինք հասնող շենքեր.երևի Հայաստանը 5 միլիոնանոց երկիր դարձնելու նախագիծն է գործի դրվել. նախ շենքեր կառուցենք,հետո կտեսնենք ինչ ենք անում – ազիզ հարևանները յարաբ կօգնեն, կգան, կբազմանան, մեզ հո պոդվոդիտ չե՞ն անի: Իրոք որ, իշխանություն ունենք, աշխա՛րհը չունի – ինչ խոստանա՝ կանի… ճիշտ և ճիշտ հակառակը: Դրանցից ամենաանմեղին /թվացյալ/ առնչվում ենք ամեն օր՝ մտնելով խանութ. խոստացե՛լ էին ցելոֆանե տոպրակների վերջը տալ՝ հազարապատկվել է:
Սուպերմարկետների սննդամթերքի առատությունը տարակուսանք է հարուցում. ինչի է պետք երշիկեղենի, թռչնամսի, ձկնեղենի կամ հրուշակեղենի այդքան մեծ տեսականին. դրանց զգալի մասը փչանում է ու դեն նետվում: Ակամա մտածում ես ամեն օր հարյուրավոր սպանդանոցներում կատարվողի մասին ու սարսռում: Խելամիտ կլիներ կենտրոնանալ առողջ, օգտակար սննդամթերքի արտադրության ու տարածման վրա: Մեծ խանութներում պարտադիր հնչող մոնոտոն, բթացնող երաժշտություն կոչվող աղմուկից գլուխդ ազատելու համար հնարավորինս շուտ խանութից դուրս ես նետվում: Կան խանութներ էլ, որտեղ հարգված է հայկական ռաբիսը. վաճառող աղջիկներն ու տղաները ողջ օրը աշխատում են այդ երգերի սրտակեղեք հնչյունների տակ ու դատելով տեսքերից, գոհ են ու երջանիկ: Սա է լսվում մեքենաների մեծ մասից ևս:
Անցորդներ -- տղամարդիկ, հաճախ տռուզ փորերով, իրենց աղջիկների կամ թոռների շորերով տարեց կանայք, խմբերով անցնող երիտասարդներ… չտեսնող, չարձագանքող, հարազատ քաղաքի բարցիթողի վիճակը /սա պնդելու համար ասվածն էլ բավական է /կարծես իրենց չի վերաբերում: Տագնապեցնող է, որ բակերի տարիների վաղեմության աղբը չի վրդովեցնում անգամ այդ շենքերում ապրողներին: Ամեն օր անցնում են շուրջբոլորը սփռված աղբի կողքով, նստում բակում կայանած մեքենաները ու մեկի մտքով չի անցնում շաբաթօրյակ կազմակերպել,հարևաններով իջնել, մաքրել բակը, որտեղ խաղում են իրենց երեխաները, թոռները. ի՜նչ լավ օրինակ կծառայեին նրանց: «Վախեցեք անտարբեր մարդկանցից… », Այո, անտարբեր, անհաղորդ ինչպես քաղաքի խնդիրներին, այնպես և երկրի քաղաքական խիստ տագնապալի զարգացումներին: Անշուշտ, սա փոխկապակցված է: Ամեն ինչ սկսվում է մաքրությունից: Եթե Հայաստանը ի սկզբանե /անկախությունից ի վեր / հայտնվեր ու մնար «մաքուր ձեռքերում,,, վստահաբար հիմա կունենայինք օրինակելի մայրաքաղաք, հզոր երկիր, մեծաքանակ բնակչություն, ակտիվ, մտածող քաղաքացի: Եթե…
Իսկ այսօր նմանվում ենք քայլող ռոբոտների: Գուցե իրո՞ք արդեն ռոբոտներ ենք. չէ՞ որ այդ ծրագրի վրա /մարդկանց զոմբիացնելու / երկար տարիներ շատ լուրջ աշխատանք է տարվել ու կատաղի ձևով շարունակվում է, վերջին փաստը՝ տոննաներով կոկաինի հասցեատերը Հայաստանն էր…
Հանձնվելու՞ ենք…
Ի՞նչ է եղել քեզ, իմ լավ, իմ տառապած ժողովուրդ: Ինչու՞ այդքան հեշտ եղավ քեզ թակարդը գցելը: Օգտվեցին քո՝ միամիտ Դավթիդ մաքրությունից, դյուրահավատությունից, սիրաշահելով ու խաբելով հորը գցեցին անհատակ:
Օխտը գոմշի կաշի հագավ,
Որ չպատռի իրեն զոռից,
Կանգնեց Օհան,ամպի նման
Գոռաց Սասմա սարի ծերից:
--Հե՜յ-հե՜յ Դավի՜թ, որտե՜ղ ես դու.
Հիշի՜ր խաչը քո աջ բազկի,
Սուրբ Տիրամոր անունը տու՜ր,
ՈՒ դուրս արի լույսն արևի…
Էսպիսի մի պատկեր եմ տեսնում. երկնքից երկու զորեղ ձեռք Հայաստան երկիրս բարձրացնում է ու թափ տալիս – ինչե՜ր չեն թափվում այնտեղից՝ դարեր, գուցե հազարամյակներ կուտակված ու երկրիս շունչը խցանած: Եվ շնչահեղձ եղող Հայաստանը նոր շունչ է առնում: Բայց Աստված գալիս է օգնության, երբ հավատարիմ են Իրեն. այդ մասին բազում օրինակներ կան Աստվածաշնչում: «Դարձիր դեպի Ինձ և Ես դեպի քեզ կդառնամ,, և «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող»:
Հիմա հարց – հավատու՞մ ենք Աստծուն, թե չենք հավատում: Հիշու՞մ ենք պատվիրանները, կատարու՞մ ենք դրանք: Աշխարհից արդարություն ենք պահանջում, բայց մենք մե՛զ նայենք՝ ինչպիսի՞ն ենք որպես երկիր, որպես հասարակություն, ի՞նչ արժեքներ ենք դավանում, ո՞րն են մեր առաջնահերթությունները: Նախ ինքդ մաքրվիր, հետո աշխարհին պահանջներ ներկայացրու:
Արդեն եզրագծին ենք մոտեցել – ցա՞ծ ենք ընկնելու, թե Հայաստանը նոր շունչ առած հառնելու է, կախված է մեզնից յուրաքանչյուրից:
Մռնչալով ելավ տեղից
Էն առյուծի առյուծ որդին,
Իր ձին հեծավ ու փոթորկեց,
Խաղաց, շողաց Թուր–Կեծակին:
Արդ, լսի՛ր Ձենով Օհանի կենարար ձայնը, հիշի՛ր Ով լինելդ, հիշի՛ր քո ուժը և դու՛րս ել Լույս աշխարհ՝ իմաստնացած ու զորացած: Հաղթանակը սպասու՛մ է Մեզ:
Ով ականջ ունի՝ թող լսի:
Հետգրություն. «Արցախի համար» հավաքին, Օպերայի հրապարակում, Մոնթեի և մյուս հերոսների կողքին նկատեցի, օ՜ սարսափ, Ռոբերտի ու Սերժի նկարները: Հիշեցման կարգով. 1999թ.հոկտեմբերի 27-ին Հայաստանի նոր-նոր զորացող թևերը կտրեցին, որից հետո էդպես էլ ուշքի չեկավ. չթողեցին: Մի՞թե չգիտեք, որ հենց սրանց իշխանության օրոք Հայաստանը ավելի ու ավելի խրվեց ճահիճը, որ սրանցից փախչելո՛վ՝ ճարահատյալ նետվեցինք Նիկոլի գիրկը: Սրանց տեղը Նիկոլի կողքին է:
Էսօր լսում էի Աննա Աբրահամյան.13.09.2023.
Խելացի՛ մարդ:
Արփիկ Ինճիկյան
Կարծիքներ