Ուր կտանի ռուս-ուկրաինական պատերազմի խորացումը. ինչ է սպասվում Հայաստանին 

Ուր կտանի ռուս-ուկրաինական պատերազմի խորացումը. ինչ է սպասվում Հայաստանին 

Ռուս-ուկրաինական պատերազմն ու աշխարհի վերաբերմունքն այս պատերազմին, ցավոք սրտի, մեծ ռիսկեր է բերել շատ ու շատ պետություններում՝ արթնացող թե տնտեսական, թե պատերազմական խնդիրների առումով։ Ինչու է Հայաստանի թշնամին ակտիվացել, և ինչու է աշխարհը պատրաստվում պատերազմի, այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ 

- Պարոն Սուրենյանց, կարելի է արձանագրել, որ ինչքան երկարում է ռուս-ուկրաինական պատերազմն, այնքան մեծանում է լարվածությունը Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Երկու օր առաջ էլ միջադեպ տեղի ունեցավ` հայկական զորամասերից մեկում՝ մեկ օրում երկու զինվորի մահ գրանցվեց։ Չնայած նրան, որ ՊՆ-ն հերքեց Ադրբեջանի կողմից սադրանքների հետևանքով զինվորների մահը, այնուամենայնիվ, ինչ կարծիք ունեք Դուք։

-Հակված եմ հիմք ընդունել ՊՆ հաղորդագրությունը, չնայած այդ դեպքում էլ ՊՆ-ն պարտավոր է բացատրություն տալ բարձիթողի վիճակի համար մեր բանակում, որովհետև արտառոց է, նույնիսկ հայաստանյան չափանիշներով մեկ օրվա ընթացքում երկու նման ողբերգական միջադեպի գրանցումը։ Անցնելով հաջորդ հարցին` ասեմ, դեռևս ռուս-ուկրաինական հակադրության էսկալացիայի փուլում, երբ նույնիսկ սկսված չէին պատերազմական գործողությունները, ես բազմիցս կանխատեսել եմ, որ այդ հակադրությունը, եթե խորանա` անխուսափելիորեն հանգեցնելու է  ուժերի բալանսի փոփոխության նաև մեր տարածաշրջանում, ինչի ականատեսն ենք լինում այս օրերին։ Բնականաբար, օգտվելով այն իրավիճակից, որ վերջին հրադադարի հիմնական քաղաքական «մենեջերը»` Ռուսաստանը զբաղված է «ուկրաինական կամպանիայով», Ադրբեջանը պատեհ առիթը օգտագործում է՝ իր օրակարգը գեներացնելու համար, ուժի որոշակի ցուցադրությամբ. Խոսքը թե Արցախ մտնող գազատարի վնասման մասին է, թե Արցախի շփման գծում հայտնված բնակավայրերի բնակչությանը հոգեբանորեն ահաբեկելու։ Մի կողմից Ադրբեջանը հրապարակային ներկայացրել է 5 կետեր, որոնք բավականին գրագետ են ձևակերպված, մյուս կողմից՝ դիմում է ուժի սահմանափակ ցուցադրության։ Որքան ռուս-ուկրաինական հակադրությունը խորանա, այնքան էսկալացիայի բաղադրիչները մեր տարածաշրջանում մեծանալու են, սա անխուսափելի է, որովհետև աշխարհում տեղի են ունենում գլոբալ պրոցեսներ, որոնք չեն կարող ազդեցություն չունենալ մեր տարածաշրջանի վրա։

- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպային կոչ արեց պատրաստվել պատերազմի, ի՞նչ է սա նշանակում՝ ազդարար 3-րդ համաշխարհայինի՞։

-Ես մի քիչ այլ ենթատեքստ եմ, ճիշտն ասած, տեսել Մակրոնի հայտարարության հիմքում։ Իհարկե, Ձեր ասածի մեջ ճշմարտության հատիկ կա։ Որևէ մեկը Արևմուտքում չի կարող կանխատեսել, թե ինչ հետևանքներ կունենան Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները։ Դրանք կարող են իսկապես ավելի գլոբալ հակամարտության վերաճել՝ պատերազմն ավելի ընդարձակվի աշխարհագրորեն։ Նման սցենար, իհարկե կա։ Բայց իմ կարծիքով, Մակրոնի հայտարարության հիմքում հիմնական ուղերձն այն էր, որ եվրոպական երկրները պետք է ավելի խորացնեն իտեգրացիան՝ ավելի ինքնուրույն դառնալու համար։ Ես նրա խոսքի մեջ ավելի շուտ այս մեսիջն եմ տեսել, որովհետև հիմա Եվրոպան, ըստ էության, ավելի նվազ դերակատարությունն ունի գլոբալ հակադրության մեջ, ավելի շատ է դիրքավորված Միացյալ Նահանգների կողմում, ինչը եվրոպական մի քանի առաջատար երկրներին՝ Ֆրանսիային, Գերմանիային անհանգստացնում է, որովհետև Բեռլինում, Փարիզում ավանդաբար միշտ ձգտել են եվրամիության ավելի ինքնուրույն քաղաքականությանը, ավելի մեծ սուբյեկտության։

-Պարոն Սուրենյանց, ինչքան ժամանակ է՝ խոսվում է խաղաղության դարաշրջանի, խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Իրականում ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Ինչու՞ չի նշմարվում այդ խաղաղության սկիզբը՝ գոնե Հայաստանի և Արցախի սահմաններում։

-Գիտեք, այդ խաղաղության պայմանագիրը շատ բարդ գործընթաց է։ Օրինակ, մինչև հիմա Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, Ճապոնիան ու Ռուսաստանը չեն կարողացել գալ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այլ խնդիր է, որ Ճապոնիայի և Ռուսաստանի հարաբերություններում հակադրության այն բաղադրիչները չկան, ինչը կա հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Այսինքն, մեզանում խաղաղության և պատերազմի հարցերը սրված են։ Եթե խաղաղության պայմանագիր չլինի, խաղաղության ինստիտուցիոնալ հիմքեր չստեղծվեն, շատ մեծ է հավանականությունը, որ կարող է բռնկվել նոր պատերազմ։ Ես կարծում եմ Ադրբեջանը ներկայացրել է իր առաջարկները, իսկ Հայաստանի արձագանքը, ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի է, կամ շատ անորոշ, բայց ի վերջո կողմերը գալու են որոշակի լուծումների։ Ժամկետներ կանխատեսելը շատ բարդ է, որովհետև, այսօրվա պրոցեսները պետք է դիտարկել ավելի գլոբալ համատեքստում։ Գոնե, 44-օրյա պատերազմից հետո, մենք տեսնում ենք, որ բոլոր հիմնական զարգացումները տեղի են ունեցել հենց Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունում։ Չեմ կարծում` միտումը կփոխվի։

- Հայտարավեց, որ Հայաստանը պետք է գնա ուղիղ բանակցությունների, դրա մասին անձամբ հենց ինքը Նիկոլ Փաշինյանն ասաց, ինչու այսօր որոշվեց, հայ-ադրբեջանական երկխոսությունը կազմակերպելու խնդրով բանակցություններին հրավիրել 3-րդ կողմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

-Ես Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ դրանք այնքան հակասական են, որ հնարավոր չէ նրա որևէ հայտարարություն ելակետ ընդունել։ Անշնորհակալ գործ եմ համարում մեկնաբանել նրա կողմից արված հայտարարությունները։ Այո, Ադրբեջանը ներկայացրեց 5 նախապայման, Երևանը փորձում է ժամանակ շահել, հենց այդ նպատակով է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ըստ էության, փաստացի ինստիտուցիոնալ չգոյության մեջ է։ Մի կողմից նրա առաքելությունը մերժում է Ադրբեջանը, մյուս կողմից Ռուսասատան-Արևմուտք հակադրության համատեքստում, երբ որ համանախագահ երկրների հարաբերությունները հասել են հակադրության գագաթնակետին, դժվար է պատկերացնել, որ Արցախի հարցում Ֆրանսիան, Միացյալ նահանգները և Ռուսաստանը կարող են գալ կոնսենսուսային լուծումների։ Այս բոլորը հանրագումարի բերելով, Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, որոշել է ժամանակ շահել, դիմելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, սա «մանյովրի» հնարավորություն է։ Բայց Նիկոլ Փաշինյանն այս քայլը անելով չի հաշվարկել հնարավոր ռիսկերը։ Գլոբալ հակադրության պայմաններում Ռուսաստանին, գուցե, այնքան էլ դուր չգա Հայաստանի իշխանության այդ քայլը։

- Ինչպես գիտենք, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան են ժամանել մեծ թվով ռուսներ և ուկրաինացիներ, արդյոք Ադրբեջանը կգնա ռիսկի, թեկուզ ոչ լայնամասշտաբ, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ կսկսի Հայաստանի և Արցախի սահմաններում։

-Ադրբեջանի համար 10-րդական նշանակություն ունի կամ 100-երորդական նույնիսկ ձեր նշած հանգամանքը, որովհետև, ես կարծում եմ 10-20 հազար մարդու մասին ենք մենք խոսում,որոնք Հայաստանում են։ Այդ գործոնը Ադրբեջանին ընդհանմրապես չի հետաքրքրում։ Աշխարհակարգ է փլուզվում, ըստ էության միջազգային հարաբերությունների հին համակարգը, միջազգային իրավունքը չեն գործում։ Նման իրավիճակները պարարտ հող են պատերազմների համար, եթե բանակցությունների միջոցով խնդիրները չեն լուծվում։ Ռուսաստանի և Ադրբեջանի վարքագծային ընդհանությունները նույնպես ակնհայտ են։ Ադրբեջանը հրապարակային ներկայացրել է 5 նախապայման՝ ուժի սահմանափակ ցուցադրությամբ, և ասում է կամ այս առաջարկների շուրջ բանակցեք, կամ առկա է պատերազմի վերսկսման ռիսկը։ Այսինքն, աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը շատ նպաստավոր է մաքսիմալիստական օրակարգեր ունեցող պետությունների համար, ինչպիսին է Ադրբեջանը՝ մեծ կամ փոքր պատերազմ հրահրելու համար։ Բաքվում մտածում են, եթե գլոբալ հարցերում Ռուսաստանը դիմում է զենքի օգնությանը, ինչու պիտի ռեգիոնալ հարցերում իրենք այդ նույնը չանեն։