Հայաստանի պետական շահով, թե… 

Հայաստանի պետական շահով, թե… 

«Հրապարակ»-ի ընթերցողները ծանոթ են Ուկրաինայի առումով իմ դիրքորոշմանը. այն մնում է բացասական: Ներկայացնեմ պատճառները. ուկրաինացիներն ադրբեջանցիների կողմից մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին: Եթե պետության ղեկավարությունը դեմ լիներ այդ մասնակցությանը՝ դա հաստատ տեղի չէր ունենա: Արցախյան երկու պատերազմների արանքում այդ պետությունը ՎՈՒԱՄ միավորման (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) շրջանակում շարունակ վարում էր ընդգծված ադրբեջանամետ, ու ըստ այդմ՝ հակահայկական քաղաքականություն: Արցախյան երկրորդ պատերազմում նյութապես ու դիվանագիտորեն կրկին եղել է Ադրբեջանի կողքին: Էլ չասած, որ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի խրված լինելն Ադրբեջանի կողմից օգտագործվեց Արցախը հայաթափելու նպատակով: 

Սակայն հաշվի չառնելով Հայաստանի անվտանգության դեռևս գործող համակարգը՝ ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձն անընդհատ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի հետ մերձենալու ուղղությամբ: Եվ տվյալ դեպքում նշանակություն չունի՝ իր ցանկությամբ է դա արվում, թե Արևմուտքի դրդմամբ: Եթե նույնիսկ երկրորդ գործոնը չլիներ՝ ձգտումը, միևնույն է, պետք է լիներ, քանի որ Փաշինյանն ու Զելենսկին (Սահակաշվիլին էլ վերադիր) հակառուսական քաղաքականություն իրականացնողներ են: Բայց ի տարբերություն Սահակաշվիլու և Զելենսկու՝ Փաշինյանն աչքի է ընկնում յուրահատուկ «հայրենասիրությամբ»: Ազգովի երկրի վարչապետ կարգված անձը մտադրություն ուներ հանուն Հայաստանի՝ Հայաստանն «ազատել» Արցախի խնդրից: Այն խնդրից, հանուն որի նույն այդ ազգը մի քանի տարի սկզբում փողոցից տուն չէր գնում: Իսկ հետո էլ մի քանի տարի դիմանում էր Ղարաբաղյան շարժմամբ պայմանավորված՝ մթին, ցրտին ու հացի պակասին:  

Շարունակենք: Յոթ մոր կաթ ծծող գառան նման՝ ՀԱՊԿ-ի առումով անընդհատ խնդիրներ ստեղծելով հանդերձ՝ Փաշինյանը շարունակում էլ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում: Միաժամանակ փորձում է ավելի սերտացնել հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի ու նրա առանձին անդամ երկրների հետ: Միաժամանակ, խնդրում է Եվրամիության ղեկավարությանը՝ հաշվի առնել իր ցանկությունն այդ կառույցին անդամագրվելու առումով: Ասվածի համատեքստում բնական է թվում վարչապետի պաշտոնից կառչած անձի կնոջ այցը Կիև: Ինչպես նաև հենց իր հանդիպումներն Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Իսկ որպես այդ գործընթացի զարգացում՝ պետք է բնական դիտվի նաև վերջինիս այցը Հայաստան: Իհարկե, օբյեկտիվ դիտարկման դեպքում այդ այցն ու Հայաստանի պետական շահը համադրելի լինել չեն կարող: Բայց ողջ հարցն այն է, թե որքան են համադրելի ՀՀ պետական շահը և դրա վերաբերյալ Փաշինյանի պատկերացումները: 

Իսկ վերջինս, ինչպես ասվեց, Հայաստանն իբրև թե Արևմուտքում հայտնվելն է: Սակայն, ինչպես ցույց է տալիս կյանքը, դեպի Արևմուտք ուղղություն բռնած Հայաստանը հայտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի վանդակում: Այսինքն՝ երբեմնի բարեկամ Ռուսաստանը թշնամի դարձնելով և նրանից հեռանալով՝ Փաշինյանը հայտնվում է շատ ավելի վայրագ թնամիների գրկում: Ինչը նշանակում է, որ Հայաստանի պետական շահի փաշինյանական պատկերացումը ոչ միայն առնչություն չունի իրականության հետ, այլև ընդհանրապես հակասում է դրան: Ի «պաշտպանություն» Փաշինյանի ասեմ, որ Հյուսիսի հետ հարաբերությունները խզող ու դեպի Արևմուտք շարժվող Փաշինյանի հայտնվելը Հարավ-արևմուտքում օբյեկտիվ գործընթաց է: Եվ ոչ թե նրա ապաշնորհության արդյունքը՝ ինչպես բազմաթիվ այլ դեպքերում: Որովհետև որքան էլ խաղեր տա Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ նրա ղեկավարած պետությունը մնում է ՆԱՏՕ-ական Եվրոպայի հարավ-արևելյան դարպասը: Այն հարյուրամյա օբյեկտիվորեն տրված հանգամանք է՝ գիտակցեն դա Հայաստանում, թե ոչ: Հայաստան ասելով նկատի ունեմ թե՛ գործող իշխանությանը և թե՛ արևմտյան ուղղվածության անհատներին ու քաղաքական ուժերին: 

Իսկ ասվածի համատեքստում խնդիրը դիտարկելու դեպքում պարզից էլ պարզ է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն Երևան հրավիրելը լավագույն որոշումը չէր: Եվ ոչ միայն լավագույնը չէր, այլև վտանգավոր էր՝ հաշվի առնելով Ուկրաինայի իշխանության նկատմամբ Ռուսաստանի թե՛ ղեկավարության և թե՛ հասարակության բացարձակ մեծամասնության (ավելի քան 75 տոկոսի) բացասական վերաբերմունքը: Ռուսական հասարակության պահը նշում եմ առնվազն 2 միլիոն հայաստանցիների ու ընդհանրապես հայերի՝ Ռուսաստանում բնակվելու կամ այնտեղ գումար վաստակելու գործոնների առումով: Իսկ եթե, այնուամենայնիվ, նման այց տեղի ունենա, ապա ծագելու է տրամաբանական հարցը: Այն է՝ Զելենսկուն Երևան հրավիրողն առաջնորդվում է ՀՀ պետական շահով, թե թշնամական դրդումներով...