Գնաճն արդեն չեն էլ հաշվում

Գնաճն արդեն չեն էլ հաշվում

Տնտեսագետներն ամեն օր բարձրաձայնում են գնաճի մասին։ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն, օրինակ, գրել էր․«Ի՞նձ է թվում, թե իրոք բոլոր բանկերում և փոխանակման կետերում դրամ/ դոլար փոխարժեքը վերջին օրերում նույնն է։ Հավանաբար ԿԲ-ն է հրամայել։ Արդյունքում հայտնվել է ստվերային կուրս։ Բա կոռուպցիայի դեմ ենք պայքարո՞ւմ։ Երևի այս քայլին գնացել են նկատի ունենալով 9-ամսյա ահռելի գնաճը` 9.9% պարենային ապրանքների գծով։ Ընտրվել է ամենասխալ և հեշտ ճանապարհը։ Կարո՞ղ է հաջորդ քայլով էլ կոմունիզմ կառուցելու որոշում ընդունվի»։ 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նախկինում տարին մի քանի անգամ նախորդ եռամսյակների, վեցամսյակների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի կտրվածքով սննդամթերքի գների մոնիթորինգ էր անցկացնում և դրանք հրապարակում։ Նման հետազոտություններ Պիպոյանից վերջերս չկան։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ այլևս իմաստ չի տեսնում անելու։

«ԱՎԾ-ն տալիս է․ սպառողական գների 6․7 տոկոս գնաճ ունենք, ու արդեն առանձին ապրանքախումբ նայելու իմաստը չկա»,-մեզ հետ զրույցում ասաց Պիպոյանը։ Իսկ գուցե գնաճը շատ ավելի բա՞րձր է։ Բաբկեն Պիպոյանն ի պատասխան ասաց․ «Քանի որ կառավարելի թվացող  գնաճի տոկոսն ահագին գերազանցել է` 50 տոկոսից ավել է, արդեն իմաստ չկա։ Պարենի մասին էլ չենք խոսում, պարենային ապրանքների միջին ինդեքսը 15 տոկոս է»։ Ընդհանուր 15 տոկոս բարձրացման մեջ եթե ինչ-որ էժանացած ապրանք պեղվի, ասենք՝ նախկինի համեմատ 5 դրամով էժան լինի, ապա սա, ըստ Պիպոյանի՝ որևէ բան չի փոխելու։ Իսկ ամենաբարձր թանկացումները բուսական յուղի շուկայինն են, որտեղ մինչև 100 տոկոս գնաճ կա։

Նախորդ տարվանից՝ պատերազմից առաջ և հետո այս միտումը մշտապես պահպանվել և խորացել է։ Այս տարվա հունվարին գների աճն, օրինակ՝ 2020 թվականի հունվարի համեմատ աճել է  6,4 տոկոսով։ Այս փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գները աճել են 7,8 տոկոսով։

ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը մեզ հետ զրույցում գնաճի և այն իրավիճակի մասին, որում հայտնվել է ՀՀ քաղաքացին, ասաց․

«Մասնագիտական կտրվածքով, երբ տնտեսությունը վատ  է աշխատում, չհիմնավորված  քաղաքականությունն իր հետևից բերում է գնաճ։ Խոշոր առումով, կա պահանջարկ և առաջարկ։ Այն դու կարող ես ապահովել ուրիշի արտադրածով, բայց առաջին հերթին՝ քո ուժերով, և երբ ընդհանուոր սխալ տնտեսական քաղաքականության մեջ առաջանում  է ճեղքվածք, այն  բերում է գնաճի։ Նույնիսկ աննշան  գնաճը, հաշվի առնելով, որ Հայաստանում քաղաքացիների եկամոււտները բարձր չեն, գումարած աղքատության մակարդակը, սա անմիջապես և շատ ուժեղ անդրադառնում է քաղաքացու վրա: Հիմա մենք գտնվում ենք այդ իրավիճակում»։