Արցախում ծանր իրավիճակ է, ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կարմիր խաչը

Արցախում ծանր իրավիճակ է, ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կարմիր խաչը

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները փակել են Հայաստանն ու Արցախը միացնող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը: Արդեն երկու օր է` Արցախի մեր հազարավոր հայրենակիցները շրջափակման մեջ են` զրկված ազատ տեղաշարժի իրավունքից, կանգնած պարենային ճգնաժամի վտանգի առաջ: ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը երեկ «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ Արցախի բուժհաստատություններում ավելի քան չորս քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, և նրանց անհապաղ պետք է Հայաստան տեղափոխել, ինչը խոչընդոտում են ադրբեջանցի ագրեսորները:

Հովսեփյանի պնդմամբ` դեղորայքի պաշարները ևս սպառման եզրին են: Մենք նաև գրել էինք, որ բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ ու կանայք, չեն կարողանում վերադառնալ Արցախ` իրենց տուն, մնացել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին: Արդեն երրորդ օրն է` իրավիճակը մնում է անփոփոխ: Եթե դեկտեմբերի 3-ին ռուս խաղաղապահների բանակցությունների արդյունքում թշնամին հետ քաշվեց, բացելով ճանապարհը, ապա այս անգամ ազերիները վճռական են տրամադրված: 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց փորձեցինք ճշտել, թե ինչով է զբաղված Կարմիր խաչն այս օրերին, ի վերջո` անչափահաս երեխաներ, կանայք, հիվանդներ կան, որոնց մի մասը տունդարձի ճանապարհին է, մյուսներն Արցախի բուժհաստատություններում են` ծայրահեղ ծանր վիճակում, որոնց Հայաստան տեղափոխել չեն կարողանում, դեղի պաշարներն էլ սպառվում են: Ամատունին ասաց. «Այս պահին Ձեզ որևէ հստակ բան ասել չեմ կարող, կարվի՞ ինչ-որ բան, թե՞ չի արվի, այդ հարցերն առաջիկայի համար են: Այս պահի դրությամբ, բնականաբար, մենք հետևում ենք իրավիճակին: Մենք գրասենյակ ունենք ոչ միայն Երևանում, այլև` Ստեփանակերտում: Բնականաբար, տեղի իշխանությունների հետ երկխոսություն կա, որը ստեղծված իրավիճակում ամենահուզիչն է, ինչ վերաբերում է հետագա գործողություններին, այս պահին ես դրանց մասին չեմ կարող խոսել»: 

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչին է սպասում Կարմիր խաչը, քաղաքացիները հիվանդանոցում մահվան շեմին են, Զառա Ամատունին ասաց. «Խնդրում եմ` հիմա մի շարունակեք: Մենք անմիջական կապի մեջ ենք տեղի իշխանությունների և պատասխանատուների հետ: Մնացյալ հարցերը կարող եք իշխանություններից ճշտել, եթե Ձեզ այդքան շատ է հետաքրքրում: Ես շտապում եմ հիմա հանդիպման և Ձեզ ասացի այն, ինչ կարող էի: Ամեն րոպե կարող է նոր բան լինել»: 

Մենք նաև հարց ուղղեցինք, թե իշխանությունները դիմե՞լ են Կարմիր խաչին` աջակցության խնդրով, Զառա Ամատունին ասաց հետևյալը. «Մենք մշտապես կապի մեջ ենք ցանկացած հարցերով, որոնք վերաբերում են մարդասիրությանը: Մենք համապատասխան կառույցների և իշխանությունների հետ մշտապես կապի մեջ ենք»: