Միակողմանի ջանքեր

Միակողմանի ջանքեր

Ճանապարհը չի կարող լինել միակողմանի՝ հատկապես մեր ժամանակներում: Այն պետք է լինի երկկողմանի, որպեսզի ապահովի երկու ուղղությամբ շարժը՝ մարդկանց, մեքենաների, գնացքների: Այլապես այն կդադարի ծառայել իր նպատակին՝ մարդկանց եւ նշված տրանսպորտային միջոցների՝ որեւէ վայր ուղեւորվելուն: Նույնն էլ վերաբերում է որեւէ արդյունքի հասնելու համար ներդրվող ջանքերին: Դրանք չեն կարող լինել միակողմանի, այլապես չի լինի որեւէ արդյունք: Որքան էլ կողմերից մեկը փորձի չիջնել անսասան ուղուց: Հատկապես այն կողմը, որ պարտություն է կրել պատերազմում: Բայց, ինչպես երեւում է, կենցաղային եւ քաղաքագիտական այս պարզ իրողությունը հասու չէ այն անձնավորությանը, որի որոշումներից է կախված այսօր մեր երկրի ճակատագիրը: Դժբախտաբար:

2020 թ․ հուլիսին Տավուշի դիրքային մարտի հաջողությունը Սարդարապատի ճակատամարտի հաղթանակին հավասարեցնել փորձած անձը մի քանի ամիս անց իր «հրամանատարությամբ» հայկական բանակի խայտառակ պարտությունից հետո հանձն առավ միակողմանիորեն խաղաղության դարաշրջան բացելուն: Միակողմանի, քանի որ իր երբեմնի «կիրթ ու կառուցողական» գործընկերն անընդհատ խոսում էր ոչ թե խաղաղությունից, այլ Հայաստանին դաժանորեն պատժելու մասին, եթե մեր երկիրը փորձեր նույնիսկ մտածել ոչ թե ռեւանշի, այլ ինքն իրեն գոնե որոշ չափով պաշտպանելու մասին: Այդ պատճառով էլ խաղաղություն երազող անձը երկու տարի անց դեռեւս դեգերում է դրա մացառուտներում: Եվ որքան ինքն անսասան վարքագիծ է դրսեւորում այդ հարցում, նույնքան ավելանում է թշնամի երկրի ղեկավարի՝ Արցախից կամ Հայաստանից կրկին պատառ պոկելու ախորժակը: Ինչը նշանակում է նորանոր տարածքների հանձնում թշնամուն՝ նորանոր զոհերով, վիրավորներով ու գերիներով հանդերձ: Բայց քանի որ վերը նշված անձը համառությամբ չի զիջում հայտնի կենդանուն, հետեւաբար, մեր կորուստները շարունակում են ավելանալ:

2021 թվականի ընտրությանն ընդառաջ այդ անձին թվաց, թե ինքը գտել է խաղաղության բանալին: Եվ դրա մասին ավետեց իր խոսքը սրտի հուզմունքով լսող բազմությանը. դա հայի ու թուրքի միջեւ ատելության խոսքը բացառելու հրամայականն էր: Բայց քանի որ նրա գործընկերը շարունակում էր նորանոր կորուստներ պատճառել մեզ, ինքը ստիպված էր միառժամանակ մոռանալ իր հերթական «հանճարեղ» գաղափարի մասին: Սակայն ՄԱԿ-ի՝ ցեղասպանության կանխարգելման օրվա կապակցությամբ Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի անցկացումը հարմար առիթ էր՝ նշված գաղափարն ավելի զարգացնելու համար:

Եվ այդ «զարգացումը» մեզ ներկայացվեց «թուրք» ածականից չվիրավորվելու հերոսական (թե՞ մարտիրոսական) մտայնությամբ: Գնահատելով հանդերձ նրա հերոսականությունը (թե՞ մարտիրոսականությունը)՝ չեմ կարող չնկատել, որ այդ հարցում եւս մեզ փորձում է առաջնորդել միակողմանի ճանապարհով: Որովհետեւ, որքան տեղյակ եմ, թուրքերի ու վերջին 20 տարում նաեւ ադրբեջանցիների մոտ նույն բնորոշումն ունի «ermeni»-ն՝ ինչպես մեզանում «թուրք»-ը: Եվ որպեսզի, ինչպես ինքն է ասում, գենետիկ մակարդակում վերացվի ատելության խոսքը, եւ կամ ազգության անվանումը դադարի լինել գերբացասական բնորոշում ու վիրավորանք, պետք են երկկողմանի ջանքեր: Հատկապես որ պարտված կողմի ջանքերը, ինչն ինքը չի ընկալում, ոչ թե իր ծրագրած, այլ հակառակ արդյունքի են բերում: Եվ այս դեպքում նշանակություն չունի՝ խոսքը 21-րդ դարի թուրքի կամ ադրբեջանցո՞ւ մասին է, թե՞ վայրի ցեղերի: Դրանց միջեւ ես տարբերություն չեմ տեսնում՝ որքան էլ ցանկանամ տեսնել այն: