Հայեր ջան, քիչ մնաց…

Հայեր ջան, քիչ մնաց…

Մեր այն հույսերը, որ արցախյան հերթական պատերազմը մի քանի օրում կդադարի, եւ բանակցությունները կվերսկսվեն, փաստորեն, չարդարացան: Եվ շատ արագ պարզ դարձավ, որ սա այն պատերազմն է, որի բուն նպատակն Ադրբեջանի համար Արցախի Հանրապետության առանձին շրջանների վերանվաճումը չէ: Գուցեեւ խորքում Ալիեւը մտածում էր հետ բերել տարածքներն ու ըմբոշխնել նախագահի իր կարգավիճակը, բայց պատերազմն առաջին իսկ օրերից դուրս եկավ նրա վերահսկողությունից: Այլ խոսքով՝ Ալիեւին հրեցին մի կողմ: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այդ շրջանների՝ Ադրբեջանին վերադարձնելու հարցը քննարկվում էր նաեւ բանակցությունների սեղանին, ապա կար շանս, որ Ադրբեջանը դա կարող էր անել նաեւ «խաղաղ» ճանապարհով:

Ալիեւը, ամենայն հավանականությամբ, գիտեր նաեւ, որ իր արսենալով չի կարողանալու «հետ բերել» նույնիսկ մեկ թիզ հող եւ այդ իսկ պատճառով մի կողմից էլ ուրախ էր Թուրքիայի աննախադեպ աջակցության համար: Բայց, կրկնեմ, նա չէր հաշվարկել, որ Թուրքիան ամբողջությամբ իր ձեռքն է վերցնելու ամեն ինչ, իսկ իրեն դարձնելու է քավության նոխազ ցանկացած անհաջողության համար: Եվ ահա, պատերազմի այս փուլում մեզ մնում է ենթադրել, որ Արցախի հարցով հայ-ադրբեջանական հակամարտությունը դարձել է առիթ շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական խնդիր, քան ազատագրված տարածքների վերադարձն է, լուծելու համար:
Կհաջողվի՞, արդյոք, այդ առավել մեծ խաղի կազմակերպիչներին հասնել իրենց նպատակներին: Միանգամից պատասխանենք՝ ոչ: Նախ՝ բոլորի համար շատ անակնկալ պարզվեց, որ հայերի համար Արցախն ու Հայաստանը շատ ավելին են, քան պարզապես կենսատարածք, եւ ապա՝ որ Հայոց բանակն ի զորու է լրջագույն խնդիրներ հարուցել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ՆԱՏՕ-ի եւ Իսրայելի սպառազինությամբ կռվող թուրք-ադրբեջանական եւ ահաբեկչական զորամիավորումների համար: Հաղթարշավ, ինչի մասին երազում էր թվային եւ ուժային գերակշռություն ստացած թշնամին, վերջին հաշվով տեղի չունեցավ, եւ այսօր նրա հրոսակախմբերն ստիպված են հետեւակային ծանր մարտեր մղել Արցախի շրջակա ձորակներում եւ անտառներում: Թշնամուն չհաջողվեց հասնել ամենակարեւորին՝ Նախիջեւանի կողմից ճակատ բացելուն, ինչին այնպես ձգտում էր Անկարան՝ Ադրբեջանի հետ ցամաքային սահման ունենալու նպատակով: Ավելին ասենք, Նախիջեւանը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ որպես Թուրքիայի կողմից միլիտարիզացված տարածք, որից կարելի է ամեն պահի վտանգ սպասել: Դա հասկանում են ինչպես տարածաշրջանի երկրները՝ Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ու այլ գերտերություններ, որոնք ուղղակի գլուխ չեն հանում Թուրքիայի բավականին անհավասարակշիռ եւ անկանխատեսելի քայլերից: Արցախյան առաջին պատերազմի տարիներին հնարավորություն կար լուծելու Նախիջեւանի հարցը: Խաղաղ բնակչությունն Արաքսով անցնում էր Իրան, լուր էր տարածվել, որ «դաշնակները վիզ կտրելով գալիս են...»:

Այն ժամանակ ՀՀ իշխանությունների ցուցաբերած աններելի անգործության պատճառով միայն Նախիջեւանը չվերամիավորվեց Հայաստանին: Մենք այսօր աշխատում ենք չհիշել այդ ժամանակները, բայց, կարծում եմ, կրկին հասունացել է պահը՝ Նախիջեւանի խաղաղ բնակչությանը տեղեկացնելու, որ այնտեղ այժմ անվտանգ չէ, եւ Ստեփանակերտում պայթող ամեն ռումբին ի պատասխան՝ կարող են ռումբեր պայթել նաեւ տեղի ռազմական օդանավակայանում եւ թուրքական զորքերի տեղակայման վայրերում: Ալիեւին, անշուշտ, պետք չէր այս փուլում, երբ տակավին հույս կար բանակցություններով ու մինի պատերազմներով վերադարձնելու Արցախում «հայերի գրաված» տարածքները, լարվածության երկրորդ կենտրոն ստանալ Նախիջեւանում: Բայց, ինչպես ասացինք վերեւում, ընթացիկ պատերազմն իր առաջին օրից վերահսկելի չի եղել նրա կողմից եւ ղեկավարվել է առավել մեծ խաղի կազմակերպիչների ձեռամբ: Ալիեւին, հավանաբար, խոստացել էին օգնել լուծել Արցախի հարցը, բայց տեղի ունեցավ ամենաանսպասելին՝ Ադրբեջանը դարձավ ահաբեկչական կառույցների որջ:

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային եւ այս մեծ խաղում նրա մյուս դաշնակիցներին, ապա նրանց համար պարզ է, որ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը եւ նույնիսկ Հյուսիսային Կորեան դեռեւս խաղի մեջ չեն մտել, եւ նույնիսկ հայտնի էլ չէ, թե որտեղ եւ ինչ մասշտաբների հարված է հասցվելու իրենց: Այն էլ կա, որ Վրաստանի, ապա նաեւ Ուկրաինայի դեպքերից հետո սա առաջին անգամն է, որ Եվրոպան միանշանակ չի պաշտպանում Արեւմուտքի եւ նրա ժանդարմի՝ Թուրքիայի արեւելյան քաղաքականությունը: Չնայած արեւմտյան փողային կենտրոնների կոչերին, որ Հարավային Կովկասում պետք է աջակցել Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի, Եվրոպան չի շտապում կուլ տալ այդ հակառուսական խայծը: Այնտեղ վերջապես հասկացել են, որ Ռուսաստանը ոչ թե սպառնալիք է, այլ եվրոպական տնտեսության խաղաղ ու կայուն զարգացման երաշխիք՝ իր պաշարներով, հսկա սպառողական շուկայով եւ դեպի արեւելք ձգվող երկաթուղային, ցամաքային եւ ծովային ճանապարհներով: Եվրոպան հասկանում է, որ Արեւմուտքին եւ Թուրքիային Արեւելքի հարստություններն առաջին հերթին հետաքրքրում են հենց Եվրոպայում դրանք հարստահարիչ գներով վաճառելու տեսանկյունից:

Ի վերջո, բոլորին է այլեւս հասկանալի, որ ռուսական խողովակաշարերի նկատմամբ արդեն տարիներ շարունակ կիրառվող պատժամիջոցներից տուժում են բացառապես Եվրոպան եւ Ռուսաստանը, իսկ Արեւմուտքը միայն ձեռքերն է տաքացնում այդ կրակի վրա:

Այս իրավիճակից կա երկու ելք առայժմ. կա՛մ Արեւմուտքը կանգ է առնում եւ կանգնեցնում է Թուրքիային, կա՛մ մարդկությունն է հայտնվում երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: Միամտություն է կարծելը, որ Ռուսաստանն սպասելու է այնքան, մինչեւ առաջին ռումբերը պայթեն Երեւանում: Այդ երկիրը պարզապես չի կարող հանդուրժել իր բազմամիլիարդ ներդրումների խորտակումը Թուրքիայում, Ուկրաինայում, Բելառուսում, Միջին Ասիայում, Չինաստանի հետ բազմամիլիարդանոց ծրագրերի վրա կախվող սպառնալիքները, իր մահմեդական խաղաղ բնակչության հետագա արմատական թրքացումը:

Ռուսաստանը, անշուշտ, կհարվածի եւ կպայթեցնի մեծթուրանական ծրագիրը: Նրան պարզապես այս պահին անհրաժեշտ են դաշնակիցներ, որոնք առայժմ շարժվում են շատ դանդաղ եւ հաշվենկատ ձեւով: Առայժմ հստակ է միայն Հայաստանի եւ Իրանի դիրքորոշումը: Չինաստանը տակավին պատերազմի պատրաստություններ է տեսնում իր անծայրածիր տարածքներում, ահաբեկչությունների նոր ալիքից սարսափած Եվրոպան շարունակում է մտահոգված մնալ արցախյան պատերազմով, Վրաստանն աստիճանաբար հասկանում է, որ առանց Հայաստանի ու Արցախի ինքն ընդամենը թեթեւ ընթրիք է Թուրքիայի համար: Ի դեպ, Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժություններին, որ անցկացվեցին Նախիջեւանում, Վրաստանը չմասնակցեց եւ ոչ մի ձեւաչափով, թեեւ պետք է ներգրավված լիներ դրանցում՝ որպես Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ռազմական դաշինքի անդամ: Այս ամենը մի գեղեցիկ օր կարող է ի մի գալ, եւ կպարզվի, որ, օրինակ, դեպի Արեւելք Թուրքիայի առաջխաղացման միակ խոչընդոտը ոչ թե չճանաչված Արցախի Հանրապետությունն է կամ Լեռնային Ղարաբաղը, ինչպես իրենք են ասում, այլեւ ՄԱԿ-ի անդամ երկրներ Հայաստանը, Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, դեռ Եվրամիությունն էլ՝ վրադիր:

Ալիեւն իր ամենամղձավանջային երազում անգամ չէր կարող տեսնել, թե ինչի կարող էր վերածվել սեփական հորից ժառանգած Ադրբեջանը, եթե փորձի իրականացնել Արցախը զենքի ուժով յուրացնելու ծրագիրը: Դա չի հաջողվել իր հոր նախորդներին, իր հորը, չի հաջողվելու նաեւ իրեն, որքան էլ կողքից քաջալերեն Թուրքիան, Իսրայելը եւ արեւմտյան փողային կենտրոնները: Ալիեւ կրտսերն ուներ միայն բանակցելու շանս, ինչը նրա ձեռքից վերցրեց Թուրքիան: Այժմ արդեն ոչ ոք, այդ թվում եւ Հայաստանը, չի արձագանքում պատերազմը դադարեցնելու նրա խնդրագրերին: Ալիեւին անցկացրել են «ռուբիկոնը», նա այլեւս Ադրբեջանի քաղաքական ղեկավարը չէ, եւ նրա երգերը, թե մենք վաղուց էինք ասում՝ լուծեք այս հարցը, այլապես մենք զենքի ուժով կպարտադրենք, մեղմ ասած՝ մնացել են երգեր, ավելի ճիշտ՝ մուղամներ, որոնք արդեն մեկ ամսից ավելի է, ինչ կերակուր են բացառապես ներքին լսարանի համար: Մեկ ամսից ավելի է, ինչ Բաքվում այլեւս ոչինչ չի կատարվում, բացի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների «քաջալերիչ» այցերը, որոնք տեղի են ունենում ավելի շուտ Ալիեւին սփոփելու եւ հետագա հաղթանակի մասին ադրբեջանական հասարակության մեջ պատկերացումներ բորբոքելու նպատակով:

Իրականությունն այսօր միանգամայն այլ է, եւ իրականության սահմանները վաղուց ավելի լայն են, քան Արցախի շուրջ ապահովության գոտին, որ Ալիեւը կարող էր «հետ բերել» խաղաղ բանակցություններով՝ առանց ահաբեկչական Թուրքիայի ուժային մասնակցության եւ սեփական երկիրն ահաբեկչության որջի վերածելու: Հավելենք, որ Ալիեւի գործողությունները որեւէ կերպ մեկնաբանելի չեն նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից: Եթե նույնիսկ ընդունենք, որ նա այս պահին «ներքին հարց է կարգավորում», ապա զանգվածային ոչնչացման զենքերով պատերազմը որեւէ ազգային փոքրամասնության դեմ արդեն իսկ հանցագործություն է, մանավանդ որ սպառված չէ խաղաղ բանակցությունների միջոցով այդ հարցը կարգավորելու հնարավորությունը: Նա հիմա մի սովորական քրեական հանցագործ է, մարդասպան, իր երկրի «տարածքում» ապրող ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացրած մարդակեր, որին միայն մահապատիժ է սպասվում: Եվ փառք Աստծու, որ հայ իրավաբաններն ու միջազգային իրավունքի շատ մասնագետներ ամբողջ աշխարհում հասցրել են կուտակել հարուստ նյութ՝ միջազգային դատարանից այդպիսի վճիռ պահանջելու համար:

Մի քիչ էլ մեզնից խոսենք: Խորենացին է դեռ ասել՝ թեեւ մենք ածու ենք փոքր, բայց մեզանում էլ հիշատակելու արժանի շատ բաներ են կատարվել: Արդ, այս պատերազմը հիշատակության արժանի դրվագներից մեկն է, որ ցույց տվեց, թե ինչի է ընդունակ մեր ժողովուրդը: Այսօր ողջ աշխարհն է հետեւում Արցախի շուրջ ընթացող գործողություններին: Մարդկության գլխին կախված վտանգը կանգ է առել Արցախի լեռների ստորոտում, եւ դա արել ենք մենք՝ առանց որեւէ չափազանցության: Ի՞նչ ասել, երեւի մեր ճակատագիրն է ու մեր առաքելություններից մեկը՝ մարդկությանը տալ այն լավագույնը, որ կուտակել ենք մեր հազարամյակների պատմության մեջ, պատվար լինել չարի ու բարու միջեւ: Մենք պատվով հաղթահարեցինք այս պատերազմի առաջին օրերի շոկը, մեր զավակների կյանքով, ունեցած զենքով հարվածեցինք թշնամուն այնպես ու այնքան, որքան կարողացանք, նահանջեցինք պատվով, ամրացանք մեր լեռների մեջ ու աշխարհակործան ուժին ստիպեցինք օջախային մարտերի բռնվել, որոնցում երբեք այդ ուժը հաջողություն չի ունեցել: Թշնամին կանգնած է իր ավերած արոտավայրերում:

Քիչ է մնացել, մի քիչ էլ դիմանանք, ու հաղթանակը մերն է լինելու, որովհետեւ մենք մենակ չենք այլեւս, մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք քաղաքակիրթ մարդկության մեծ ու վերջնական հաղթանակի համար: Մենք շատ, նույնիսկ չափից ավելի խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց այսօր մարդկությունից մի խնդրանք ունենք՝ հետագա բանակցությունների համար Ալիեւ եւ թուրք այլեւս չառաջարկել: