Նույնն է, ինչ որեւէ երկրում ՀՀ դեսպանատուն փակեին

Նույնն է, ինչ որեւէ երկրում ՀՀ դեսպանատուն փակեին

ԿԳՄՍՆ-ն կասեցրել է «Հայ գրականությունը՝ թարգմանություններում» ծրագիրը, որով աջակցում էին արտերկրի հրատարակչություններին՝ հրատարակել հայ գրականություն։ Նախարարության որոշմամբ, ծրագիրը կասեցվել է կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված։ Ի դեպ, այս տարի ծրագրի համար նախատեսված էր 14 մլն դրամ։ Թե ինչու, ի թիվս այլ ծրագրերի, այս դրամաշնորհն ավելորդ համարվեց, Մեդիա կենտրոնի առցանց քննարկման ժամանակ ԿԳՄՍՆ գրահրատարակչության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը նշեց, որ քննարկումների արդյունքում բոլոր ոլորտներից եղել են կրճատումներ, իսկ գումարները հատկացվել են կառավարության պահուստային ֆոնդին։ 2021-ին ֆինանսավորումը կվերականգնվի, եւ կֆինանսավորվեն նաեւ այն հայտերը, որոնք դիմել են այս տարի։

«Արի» գրական գործակալության տնօրեն, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի դիտարկմամբ, ակնհայտ է, որ այս պահի դրությամբ դեռ ոչինչ հաստատ չէ։ «Մենք շատ երկար պայքարել ենք այս ծրագրի համար, եւ վերջապես 3 տարի առաջ այն սկսեց իրականացվել»,- ասում է նա ու ընդգծում, որ մեկ տարով կասեցումը հրատարակիչների աշխատանքում լուրջ տարբերություն է առաջ բերելու։ Հատկապես որ այս ծրագիրը ցանկացած շրջափակման մեջ կարող է իրականանալ եւ հայ գրականությունն արտահանել դուրս։   

Մեկ այլ կարեւոր խնդիր․ ըստ Աշխարոյանի՝ բացակայում է երկխոսությունը պետության հետ․ «Մենք գրում ենք նամակներ, որոնց ստանդարտ պատասխաններ ենք ստանում։ Ուզում ենք զրուցել այն մարդկանց հետ, ովքեր որոշումներ են կայացնում, ու ես վստահ եմ, որ այդ մարդիկ՝ լինի նախարար, թե վարչապետ, նույնիսկ տեղյակ չեն այս ծրագրի գոյության մասին։ Մի քիչ չեմ հավատում, որ այդ փոքր ֆոնդն օգուտ կտա մեր երկրին, փոխարենը կվնասի մեր մշակույթի արտահանմանը»։  

Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ով նաեւ ընտրող հանձնաժողովի անդամ է, ասում է, որ ի սկզբանե իրենց առաջ աշխարհը նվաճելու խնդիր չեն դրել, որովհետեւ ե՛ւ գումարն է քիչ, ե՛ւ աշխարհում մեր ճանաչելիությունը, բայց դրամաշնորհային ծրագիրն ունենալով որպես թիկունք՝ հրատարակիչներն ու գրական գործակալներն արել են մեծ աշխատանք, որպեսզի հայ գրականությունը ճանաչելի դառնա։ «Բավական է որեւէ երկրում որեւէ լեզվով  հրատարակվեր հայ հեղինակի գիրք, դա դառնում էր յուրօրինակ լոկոմոտիվ, եւ սկսում էին մեծ հետաքրքրություններ այլ տեղերից»։

Նիկողոսյանը եւս կարծում է, որ խնդրին տեղյակ չեն վերին օղակները, ավելին՝ անձնական նամակով արդեն դիմել է ԿԳՄՍ նախարարին եւ պատրաստվում է նաեւ վարչապետին գրել։ «Ինձ ավելի շատ տանջում է մշակույթի մեր 2 փոխնախարարի՝ Արա Խզմալյանի եւ Նարինե Թուխիկյանի, չասեմ՝ հակագրական, բայց գրականության հանդեպ բացարձակ անտարբերությունը, որն ուղղակի գրական անգործություն է։ Նաեւ մշակույթի գծով փոխնախարարների կողմնապահությունն այն ոլորտների նկատմամբ, որոնց իրենք ավելի լավ են տիրապետում։ Ինձ, օրինակ, հետաքրքիր է՝ թատրոնների, թանգարանների գծով եղե՞լ են նման կրճատումներ, թե՞ մենակ գրականությանը տրված փողերն են, որ կարող են հայ ազգին փրկել կորոնավիրուսի վտանգներից»,- նշեց գրականագետն ու հավելեց, որ նախարարությունը չունի հստակ ռազմավարություն, եւ այստեսակ ծրագրերի կասեցումն ավելի է խորացնում իր ունեցած քաոտիկ պատկերացումները ԿԳՄՍ-ի մասին։   

Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ թե՛ նախարարը, թե՛ փոխնախարարը գիտակցում են ծրագրի կարեւորությունը, որովհետեւ բազմաթիվ զրույցներ են ունեցել ծրագրի արդյունավետության վերաբերյալ։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել՝ հետագայում ավելացնել հատկացվող գումարները։ Իսկ կրճատումներ եղել են բոլոր ծրագրերից։  

«Ես շատ ուրախ եմ, որ Արքմենիկը հնարավորություն ունի անձնական նամակ գրելու նախարարին կամ վարչապետի հետ ուղիղ կապ հաստատել, բայց մենք կարծես դրա համար չենք պայքարել այսքան տարի,- նկատում է Աշխարոյանը,- մենք ուզել ենք, որ ամեն ինչ գնա ճիշտ ճանապարհով եւ ոչ թե նորից ծանոթ-բարեկամի ճանապարհով։ Դու նամակ ես ուղարկում եւ ակնկալում ես պատասխան, ավելին՝ հիմա մենք ուզում ենք այս հարցը բարձրացնել ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում»։ Նրա կարծիքով, ծրագիրը սխալ է իրականացվում՝ պայմանավորված մի քանի հանգամանքով։ «Հենց նրանից, որ Արքմենիկ Նիկողոսյանը հանձնաժողովի մեջ է, լինելով հրատարակչության խմբագիր, այդ հրատարակչությունից հայտեր են գնում, եւ այստեղ շահերի բախում է տեղի ունենում։ Նախարարության կողմից ծրագրի իրականացումը նույնպես սխալ է, աշխարհում ընդունված կարգ կա, որ նման ծրագրերը պետք է իրականացվեն կա՛մ հասարակական կառույցների, կա՛մ պետությանը կից այլ կառույցների կողմից։ Ծրագրի իրականացումը, ընդհանուր առմամբ, պետք է վերանայվի՝ խորհուրդներից սկսած»,-ընդգծում է Աշխարոյանը, ում ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը նշում է, որ դեռեւս դժգոհություն չի եղել մասնագիտական խորհուրդների աշխատանքից։ Ինչ վերաբերում է շահերի բախմանը, ապա. «Հայաստանը փոքր երկիր է, եւ գրեթե հնարավոր չէ գտնել մի մասնագետի, որը կապ չունի որեւէ հրատարակչության, խմբագրության հետ, որովհետեւ բոլոր լավ մասնագետներն ընդգրկված են գործուն աշխատանքներում»։   

Այսօր նախարարության ամենաթերի կողմը, ըստ Նիկողոսյանի, խնդիրները չճանաչելն է․ «Բարձրացվում են խնդիրներ, որոնց պատասխաններ են տրվում շատ շաբլոն ոճով։ Ես ամաչում եմ նրա համար, որ մեր ԿԳՄՍ նախարարությունում այդքան փոխնախարարների, վարչության պետերի մեջ չկա այն ուժը, հիմնավորող մարդը, որ կգնա եւ կկարողանա կառավարությանը հիմնավորել, որ այդ ծրագրերը չկրճատեն։ Սա միայն ֆինանսի խնդիր չէ, սա նշանակում է՝ այն մարդը, որ ներկայացնում է այս ծրագրի կարեւորությունը պաշտոնական մակարդակով, ինքը չի հասկանում այս դրամաշնորհի կարեւորությունը։ Ես վստահ եմ, որ եթե նորմալ հիմնավորվեր այս ծրագրի շարունակականության կարեւորությունը, կառավարությունը չէր մերժի այդ 14 մլն-ն։ Ես այս ծրագրի կասեցումը համարում եմ նույն բանը, ինչ որեւէ երկրում ՀՀ դեսպանատուն փակեին. սա յուրահատուկ դեսպանորդային ծրագիր է»։