Այս տնտեսական աճը կապ չունի մեր տնտեսության հետ

Այս տնտեսական աճը կապ չունի մեր տնտեսության հետ

Ասիական զարգացման բանկի կանխատեսումներով եւ ՀՀ կառավարության հաշվարկներով՝ Հայաստանն այս տարի` 2023-ին, 7% տնտեսական աճ է գրանցելու։ Սա նշանակում է՝ աշխարհի մակարդակով Հայաստանը տնտեսական աճի գծով առաջին տասնյակում է։ Հենց այս թիվն էլ դրվել է պետբյուջեի հիմքում։ Կառավարությունը եւ նրա հետ աշխատող տարբեր միջազգային ֆինանսական կառույցները սա բացատրում են կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներով, կոռուպցիայի դեմ պայքարով, վարչարարության կատարելագործմամբ, ԿԲ ակտիվ դրամավարկային քաղաքականությամբ եւ այլն: Թեեւ կան կասկածներ, որ իրական ցուցանիշը 6 տոկոսից էլ քիչ է։ 

Ասիական բանկը, Փաշինյանի կառավարությունը գոհ են, բայց գոհ չէ Հայաստանի ժողովուրդը։ Չնայած հայտարարվում է, թե գնաճը նվազման միտում ունի  եւ գալիք տարի եռակի կրճատվելու է, մարդիկ չեն զգում, որ ավելի լավ են ապրում, քան նախորդ տարի, երբ նման տնտեսական աճ չկար։ Ճիշտ հակառակը։ Մանավանդ, երբ մտնում են սուպերմարկետ ու զգում են, որ անցյալ տարի մեկ շաբաթում էին ծախսում այն, ինչ այսօր «գնում» են մեկ օրում։ 
Այդ նույն սուպերմարկետային հոգեբանությամբ էլ մսխվում է «աննախադեպ» տնտեսական աճը։ Մենք լսում ենք միայն ՀՀ կառավարության առօրեական ծախսերի մասին, որոնք օր-օրի ավելի «աննախադեպ» են դառնում․ ավտոմեքենաներ՝ պետական պաշտոնյաների եւ ԱԺ ղեկավարի համար, թանկարժեք ավտոշարասյուներ, կառավարական դաչայի ծախսերի ավելացում 73 միլիոնով, գործուղումներ, ամանորյա տոնական զարդարանք, Սնուպ Դոգի համերգ, թանկարժեք աթոռ՝ Ավինյանի համար, նոր վերելակ՝ Արայիկ Հարությունյանի համար, 87 մլն՝ քաղաքապետի երդմնակալության համար, Հանրային հեռուստաընկերության համար, կառավարության եւ պետական այլ շենքերի վերանորոգման համար եւ այլն։ Էլ չենք խոսում անվտանգության, ոստիկանության, ԱԱԾ-ի վրա կատարված ընթացիկ եւ արտահերթ հատկացումների մասին, որոնց սկիզբն ու վերջը չի երեւում, եւ սրան գումարած՝ բյուջեի 10 տոկոսը գնում է պետական պարտքի սպասարկմանը։ Այսինքն, երկարաժամկետ ծրագրերի, կապիտալ ներդրումների, հեռանկարային զարգացման վրա ոչինչ չեն ծախսում։ 

Եվ ի՞նչ ներդրում կարող է լինել մի երկրում, որտեղ մարդուն բռնում են եւ դեռ չդատած, չիմանալով՝ մեղավոր է, թե ոչ, հրապարակում են նրա ամբողջ ունեցվածքը, թե ինչքան գույք ունի, երբ ինչ է գնել, եւ փորձում են պետականացնել։ Ընդ որում, սա արվում է ընտրովի՝ այն գործարարների նկատմամբ միայն, որոնք իշխանական չեն համարվում։ Վերջին այսպիսի հրապարակումը վերաբերում էր Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ունեցվածքին։ Դատախազությունը բռնագանձման պահանջ է ներկայացրել, որը հրապարակվել է Հայրապետյանի գույքի մանրամասն ցուցակով հանդերձ։ Հողամասեր, անշարժ ու շարժական գույք, բանկերում ավանդներ, բնակելի տներ։ Ընդ որում՝ չեն ասում, թե ինչ մեղք է գործել Ռուբեն Հայրապետյանը, ընդամենը ասում են, թե կասկած ունեն, որ այդ ամենն ապօրինի է։ Ո՞ր բիզնեսմենը սրանից հետո կցանկանա այստեղ ներդրում անել։ 

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը բյուջեի քննարկումների ժամանակ խոստանում էր, որ հաջորդ տարի ավելանալու են կապիտալ ծախսերը (կկազմեն 695 միլիարդ դրամ), որ հարկային եկամուտները կավելանան (կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ), բայց հանկարծ պարզվում է, որ հարկերի հավաքագրումը դանդաղել է, հարկ չեն կարողանում հավաքել։ Նոյեմբերին հարկային եկամուտներն ընդամենը 5 տոկոսով են ավելացել։ Տարեսկզբի աշխուժությունը՝ այն, որ հարկերի հավաքագրումը նույնիսկ գերակատարվել էր մոտ կես տոկոսով, կապված էր ռուսների ներգաղթով, ներմուծման-արտահանման աշխուժությամբ, Ռուսաստանի հետ ակտիվ առեւտրով։ Հուլիսից տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին, ներմուծում-արտահանումը Ռուսաստան սահմանափակվեց մասամբ ռուսների կողմից, մասամբ էլ հակառուսական սանկցիաների խստացման արդյունքում։ Օրինակ, Վրաստանը սկսեց սահմանափակել իր տարածքով ամերիկյան մեքենաների արտահանումը Ռուսաստան։ Այս ամենի արդյունքում աճը դանդաղեց։ Փաստորեն, 7 տոկոս տնտեսական աճ ունենք, բայց ՀՀ քաղաքացին այն չի զգում։ Ինչպես ասված է հայտնի սովետական մուլտֆիլմում, սրանք սխալ մեղուներ են, որոնք սխալ մեղր են սարքում։ 

Այս երեւույթին պարբերաբար անդրադառնում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա բացատրում է, որ կա տնտեսական աճ, որից ավելացված արժեքը չի ավելանում։ Ավելացված արժեքի հաշվին է պետությունն աշխատավարձ տալիս, թոշակ ավելացնում եւ այլն, մինչդեռ մեր տնտեսական աճի մեջ ավելի քան 60 տոկոսը ռեէքսպորտն է՝ կախված ռուս-ուկրաինական պատերազմից։ Օրինակ, մի օլիգարխ Դուբայից 10 հատ ավտոմեքենա է գնում, տանում Ռուսաստանում վաճառում, հետո էլի գնում է Դուբայ, նորից մեքենաներ է գնում, տանում ՌԴ։ Այս եկամուտն է նաեւ աճեցնում Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն, բայց մեր տնտեսության հետ այն որեւէ առնչություն չունի։ Այն կարող է պտտվել, պահվել Ռուսաստանում, Դուբայում եւ այլն։ Սա է, ըստ Հրանտ Բագրատյանի, Հայաստանի տնտեսական աճի հիմնական սխեման։ Մյուս գործոնն արտասահմանյան քաղաքացիների գործունեությունն է Հայաստանում։ Նրանք այստեղ ապրում են, աշխատում, ծառայություններից են օգտվում, խանութներից, եւ այս ամենի արդյունքում բյուջե գումար է մտնում։ Բայց այս գումարները չեն կարող Հայաստանի տնտեսության վրա էապես ազդել, քանի որ դրանք չեն դառնում եկամուտ ու աշխատավարձ։ Դրանք նաեւ կարճ փողեր են՝ երկարաժամկետ ներդրումներ չեն։

«7 տոկոս տնտեսական աճի առյուծի բաժինը չի դառնում եկամուտ, այն կուտակվում է մարդկանց առանձին խմբի ձեռքում, որը զբաղված է ռեէքսպորտով։ Տարվա երկրորդ կեսին այս տնտեսական աճը զգալիորեն դանդաղել է, քանի որ նվազել է ներմուծում-արտահանումը՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Տնտեսական աճի վրա զգալիորեն ազդել է նաեւ Հայաստանի կառավարության կողմից թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ։ Իսկ մյուս տարի պրոբլեմատիկ կլինի տնտեսական աճ ունենալը»,- կանխատեսում է Հրանտ Բագրատյանը։