Մեղավոր եմ ոչ թե Արցախը հանձնելու, այլ նախապես դրա մասին չասելու համար

Մեղավոր եմ ոչ թե Արցախը հանձնելու, այլ նախապես դրա մասին չասելու համար

Արդյոք Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից եւ պարտությունից հետո պարտադրված եղա՞վ փոխել Արցախի հարցում իր հռետորաբանությունը, թե նա մինչեւ իշխանության գալն էր Արցախը բեռ համարում Հայաստանի համար, իսկ պատերազմն ու պարտությունը կազմակերպեց՝ որպես այդ բեռից ազատվելու միջոց: Այս հարցի պարզ եւ անկեղծ պատասխանը նա տվեց դեկտեմբերի 9-ին Իջեւանում ունեցած իր ելույթում՝ խոստովանելով, որ Արցախի Հանրապետության հանձնումն իր համար սկզբունքային հարց էր, առանց որի ինքը չի պատկերացնում Հայաստանի Հանրապետության զարգացումը: Փաշինյանը խոստովանեց, որ ինքը միշտ է եղել «Արցախը հանձնենք, որ Հայաստանում լավ ապրենք» մոտեցման կողմնակից, ուղղակի դրա մասին կարող է հանգիստ խոսել միայն այժմ, երբ այդ խնդիրը վերջնականապես լուծված է:

«Մենք մեղավոր ենք, բայց ինչում ենք մենք մեղավոր, մեղադրանքը հնչում է այսպես. իշխանության գալով, մենք շարունակում էինք կրել Լեռնային Ղարաբաղի խնդրի համազգային էմոցիոնալ ընկալումը: Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 90 տոկոսի ընկալումն էր: Էմոցիոնալ ընկալման եւ իրականության միջեւ հսկայական ճեղք կա: Մեր արձանագրումը պետք է լիներ այն, որ այդ էմոցիոնալ ընկալման իրագործումն անհնար է»,- իջեւանյան ելույթում ասում է Փաշինյանը՝ ավելացնելով, որ 30 տարի Հայաստանի Հանրապետության ռեսուրսը ծախսվել է անլուծելի խնդրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման վրա: Հիմա այդ ռեսուրսը կարելի է ավելի արդյունավետ օգտագործել, ինչը եւ անում է՝ ամրապնդելով սեփական իշխանությունը եւ ավելացնելով իր եւ շրջապատի բարեկեցությունը:

Փաշինյանն իր եւ իր իշխանության մեղավորությունը տեսնում է ոչ թե պատերազմում պարտության եւ Արցախն Ադրբեջանին հանձնելու մեջ, նրա տրամաբանությամբ՝ դա, այսպես թե այնպես, պետք է տեղի ունենար, մի տարի առաջ կամ հետո, կարեւոր չէ: Ինքը մեղավոր է, որ իշխանության գալով, չի հայտարարել, որ՝ ժողովուրդ, մենք անիմաստ միջոցներ ենք ծախսում անլուծելի խնդրի վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ, այն պետք է լուծարել: Ինքն ի սկզբանե այդպես է մտածել, բայց ինչո՞ւ դրա մասին չի հայտարարել հենց իշխանության գալու առաջին օրը կամ մինչեւ իշխանության գալը, երբ նախորդ իշխանություններին մեղադրում էր Ադրբեջանին անհարկի զիջումներ անելու համար: Որովհետեւ ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը, իսկ իրականում դրանից էլ ավելին, մտածում էին, որ Արցախը կայացած պետություն է, եւ Հայաստանը պետք է միշտ կանգնած լինի Արցախի կողքին՝ լինելով նրա անվտանգության եւ զարգացման երաշխավորը: Եթե ինքն իշխանության գալուց առաջ հայտարարեր Արցախը պահելու անհնարինության կամ այն լուծարելու մտադրության մասին, բնականաբար, հակասահմանադրական հեղաշրջում իրագործելիս չէր ունենա հանրության առնվազն մի հատվածի աջակցությունը, իսկ եթե դրա մասին խոսեր իշխանության գալուց հետո, ապա նույն հանրությունը կընդվզեր իր դեմ: Հիմա կարելի է խոսել դրա մասին, քանի որ Արցախը հանձնված է, իսկ իր գործունեության շնորհիվ հանրային տրամադրությունները փոխվել են, եւ այլեւս հանրության շատ փոքր մասն է պատրաստ պայքարել կորցրած Արցախը հետ բերելու համար, մեծ մասը համակերպվելով կորստի հետ, իսկ մի մասին էլ ինքը ներշնչել է այն միտքը, որ Արցախն էր այն խոչընդոտներից մեկը, որ թույլ չէր տալիս Հայաստանը զարգանա, իսկ իրենք լավ ապրեն:

Քանի որ հանրային էմոցիոնալ ընկալման եւ իրականության միջեւ կար հսկայական ճեղք, այսինքն՝ հանրությունը պայքարում էր հանուն Արցախի եւ նրա պաշտպանության, իսկ Փաշինյանի ընկալմամբ այդ խնդիրը հնարավոր չէր լուծել, նա որոշեց փակել այդ ճեղքը: «Բանակցային այն իրավիճակը, որը մենք ժառանգել էինք, այդ իրավիճակում առաջ գնալու անխուսափելի ճանապարհը Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը եւ զրոյացումն էր»,- իր թիմակիցներին բացատրում է Փաշինյանը: Իսկ ինչպես կարելի էր լուծարել կամ զրոյացնել Արցախի պետական կարգը` միայն Արցախը թշնամուն հանձնելու միջոցով, որը եւ իրագործվեց․ սկզբում՝ 44-օրյա պատերազմի, հետագայում՝ շրջափակման միջոցով, իսկ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Արցախին որեւէ աջակցություն չցուցաբերելով: Այսպիսով Փաշինյանն ընդամենը երեք տարվա ընթացքում փուլ առ փուլ հասավ Լեռնային Ղարաբաղում հաստատված պետական կարգի լուծարմանը եւ զրոյացմանը:  

Փաշինյանը մի փոքր կեղծում է, երբ ասում է, թե մինչեւ պատերազմը եւ պարտությունը ինքը չի փորձել մարդկանց ներկայացնել Արցախը հանձնելու իր ծրագիրը: Իրականում նա իր կնոջ`Աննա Հակոբյանի միջոցով փորձում էր հանրությանը համոզել, որ Արցախի համար պայքարը եղել է անիմաստ զոհողություն: Երբ Աննա Հակոբյանը 2019 թվականի սկզբին ասում էր․ «Հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց նրանք զոհվել ենք հանուն ոչնչի», դրանով փորձում էր փոխել էմոցիոնալ ֆոնը, համոզել, որ Արցախը, միեւնույն է, հանձնելու ենք, այդ իրողության հետ, միեւնույն է, պետք է հաշտվել: Այն ժամանակ հասարակությունը շատ բուռն արձագանքեց փաշինյանական ընտանիքի՝ Արցախը հանձնելու ծրագրին, ու երբ Փաշինյանն Իջեւանում ասում է, թե․ «Մեր մեղավորությունը եւ մեր մեծագույն սխալն այն էր, որ այս թեմաներով քիչ-քիչ մեր ժողովրդի հետ սկսել ենք խոսել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, եւ եթե մենք մեղավոր ենք կամ ես՝ ինքս մեզ մեղավոր եմ համարում՝ այս խոսակցությունը չտանելու եւ չբացելու համար: Բայց մյուս կողմից այդ խոսակցության հոգեբանական եւ էմոցիոնալ անհնարինության առաջ ենք մենք կանգնած եղել», նա այնքան էլ անկեղծ չէ: 

Իրենք փորձել են Արցախը հանձնելու իրենց ծրագրի մասին խոսակցություն բացել, բայց իսկապես կանգնել են հոգեբանական եւ էմոցիոնալ անհնարինության առաջ: Միայն պատերազմը եւ պարտությունը, Արցախի վերջնական հանձնումն ու հայաթափումը վերացրին այդ հոգեբանական եւ էմոցիոնալ արգելքը, եւ հիմա Փաշինյանն առանց որեւէ արգելքի կարողանում է խոսել միայն Արցախի ոչնչացման իր ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու մասին:
Այսպիսով Փաշինյանն ասում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված բազմահազարանոց հանրության առաջ հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», անձամբ գիտակցում էր, որ Արցախն Ադրբեջան է, եւ ինքն այն հանձնելու է Ադրբեջանին, ուղղակի խաբում էր այդ հանրությանը՝ տուրք տալով նրա էմոցիոնալ մոլորությանը: Փաշինյանի մեղքը ոչ թե պայմանավորված պատերազմ եւ պարտություն կազմակերպելն է, ոչ էլ Արցախի կորստի եւ հարյուր հազար մարդու հայրենազրկմանը մասնակցելը, նրա մեղքն ընդամենը այն է, որ ինքը դրա մասին նախապես չի ասել: Բայց մի՞թե կարելի է մարդուն մեղադրել իր ծրագրերը գաղտնի պահելու մեջ, եթե նա վտանգ է տեսնում, որ բացահայտումը կարող էր խոչընդոտել դրանց իրագործմանը:

Ավետիս Բաբաջանյան