«Դիմադրության գիշեր»՝ Իսրայելում․ բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև 

«Դիմադրության գիշեր»՝ Իսրայելում․ բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև 

Իսրայելում դատաիրավական բարեփոխումների դեմ հանդես եկող հարյուրավոր ցուցարարներ գիշերը Թել Ավիվի կենտրոնում մի քանի փողոց են փակել, ինչպես նաև ժամանակավորապես արգելափակել քաղաքի արևելքում գտնվող գլխավոր մայրուղու հատվածները։ 

Ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են ջրցան մեքենաներ և հեծյալ ոստիկաններ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մի խումբ ցուցարարներ ներխուժել են Այալոն մայրուղու ճանապարհային հատված, որտեղ կրակ են վառել։ Հեծյալ ոստիկանները ետ են մղել ցուցարարներին, ջրցան մեքենաներով մարել կրակ և ցրել հավաքվածներին։
The Times of Israel-ը հայտնում է, որ Թել Ավիվում հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել է վեց ցուցարար, առնվազն մեկ ցուցարար վիրավորվել է։

Հավելենք, որ երեկ երեկոյան Թել Ավիվում սկսվել է զանգվածային բողոքի ցույց՝ ընդդիմության կողմից հայտարարված «դիմադրության գիշերվա» շրջանակներում։ Օրվա առաջին կեսին Իսրայելի տարբեր շրջաններում վերսկսվել են հազարավոր ցույցերը, որոնց հետևանքով ցուցարարները կաթվածահար են արել տրանսպորտային զարկերակները և երթով անցել մայրուղիներով: 

Ցուցարարներն իրենց անհամաձայնությունն են հայտնում վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած երկրի կառավարության քաղաքականությանը և Իսրայելի դատական ​​համակարգի վերափոխման նրա առաջարկած ծրագրին, որը նախատեսում է սահմանափակել Գերագույն դատարանի լիազորությունները և գործադիր իշխանությանը դատավորների ընտրությունը վերահսկելու իրավունք տալ։ 

Նախարարների կաբինետի կողմից տարեսկզբին առաջադրված այս ծրագիրը հարուցեց ընդդիմության բուռն դժգոհությունը, քանի որ, հակակառավարական ուժերի պնդմամբ, նման բարեփոխումը կխաթարի ժողովրդավարության հիմքերը։ Ի դեպ, շուրջ 28 շաբաթ է, ինչ չեն դադարում համազգային ցույցերը։