Քաթարը որոշել է զարմացնել աշխարհին. ֆուտբոլի 22-րդ առաջնությունը

Քաթարը որոշել է զարմացնել աշխարհին. ֆուտբոլի 22-րդ առաջնությունը

Խոսքը, հասկանալի է, ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնության մասին է, խոշորագույն մարզական ստուգատեսի, որի մեկնարկը տրվելու է նոյեմբերի 20-ին՝ Քաթար-Էկվադոր հանդիպումով։ Կասկած լինել չի կարող, որ 32 ազգային ընտրանիների մասնակցությամբ մրցաշարն արտակարգ հետաքրքրություն է առաջացնելու, մանավանդ որ առաջին անգամ անցկացվելու է արաբական երկրում` Քաթարում։ Նավթարդյունահանող այս հարուստ երկրում լայնածավալ նախապատրաստական աշխատանք է տարվում՝ այդ հեղինակավոր մրցաշարն ամենաբարձր մակարդակով ու բացառիկ ճոխությամբ անցկացնելու, աշխարհին գերժամանակակից տեսքով ներկայանալու համար։ Ջանք ու միջոցներ չեն խնայվել՝ ներկայացվող պահանջներն անթերի կատարելու համար․ կառուցվել, շքեղ տեսքի են բերվել բոլոր հյուրանոցները, մետրոն, օդանավակայանը, նավահանգիստը, ճանապարհները: Ստեղծվել է մի նոր` Լուսաիլ քաղաք` իր բացառիկ շինություններով, 80 հազար տեղանոց ստադիոնով, որտեղ անցկացվելու է եզրափակիչ հանդիպումը: Այս քաղաքի վրա ծախսվել է, դժվար է երեւակայել՝ 47 միլիարդ դոլար։ Իսկ առաջնությանը պատվով պատրաստվելու համար, ընդհանուր առմամբ, ծախսված ամբողջ գումարը կազմել է 208 միլիարդ դոլար։ Եվ սա՝ մի փոքրիկ երկրում, որն ունի ընդամենը 11 հազար քառակուսի կիլոմետր տարածք եւ 300 հազար բնակիչ։ Ասենք նաեւ, որ այս գումարը 20 անգամ գերազանցում է նման գերտերության ծախսերին, ինչպիսին Ռուսաստանն է, որտեղ չորս տարի առաջ անցկացվեց ֆուտբոլի աշխարհի նախորդ` 21-րդ առաջնությունը։

Բնականաբար, Քաթարում վերջին տարիներին արտակարգ ուշադրություն է դարձվել ժամանակակից բոլոր հարմարություններով ապահովված եւ ֆուտբոլիստների ու հանդիսատեսի պահանջները բավարարող յոթ նոր, հրաշագեղ ստադիոնների կառուցմանը։ Այստեղ հոգացել են նույնիսկ այն մասին, որ հյուրերն առիթ չունենան դժգոհելու անսովոր շոգից։ Իսկ առաջնությունում աչքի ընկած՝ ե՛ւ թիմերի, ե՛ւ անհատ խաղացողների համար նախատեսված մրցանակային ֆոնդը կազմում է ուղիղ մեկ միլիարդ դոլար։ Հաշվարկված է նաեւ, որ մրցումներից ստացվելիք հասույթը կազմելու է 17 միլիարդ դոլար, որի մոտ կեսը հատկացվելու է Քաթարին։ Այն էլ նշենք, որ առաջնության ընթացքին աշխարհի տարբեր ծայրերից հետեւելու հնարավորություն կունենա մոտ 4 միլիարդ մարդ, շուրջ մեկ միլիոնն էլ անմիջականորեն կլինի մրցումների ականատեսը, խաղերը կլուսաբանի 12 հազար լրատվամիջոց։ 

Ինչ վերաբերում է կոնկրետ առաջնությանը, ապա մասնակից 32 հավաքականները բաժանվել են ութ քառյակների, որոնք, նախ, միմյանց միջեւ կանցկացնեն ընտրական հանդիպումներ։ Լավագույն արդյունքների հասած երկուական թիմ իրավունք կստանա շարունակելու պայքարը։ Ապա թիմերը կմրցեն արդեն զույգեր կազմած։ Ահա այդ քառյակները.
A Հոլանդիա, Էկվադոր, Սենեգալ, Քաթար
B Անգլիա, ԱՄՆ, Իրան, Ուելս
C Լեհաստան, Արգենտինա, Մեքսիկա, Սաուդյան Արաբիա 
D Ֆրանսիա, Դանիա, Թունիս, Ավստրալիա
E Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Կոստա-Ռիկա 
F Խորվաթիա, Մարոկկո, Կանադա, Բելգիա
G Շվեյցարիա, Սերբիա, Բրազիլիա, Կամերուն 
H Պորտուգալիա, Ուրուգվայ, Գանա, Հարավային Կորեա

Հավանաբար, ծանոթանալով այս կազմին, նկատեցիք Իտալիայի ընտրանու բացակայությունը` մի երկրի, որը համարվում է աշխարհի քառակի չեմպիոն։ Ոչ պակաս տարօրինակ է եւ այն, որ այս հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ չի կարողանում հաղթահարել նախնական մրցումների արգելքը։ Ի դեպ, առանձին անվանի ֆուտբոլիստներ էլ հիմնականում վնասվածք ստանալու պատճառով չեն մեկնելու Քաթար։ Նրանց թվում են Էռլինգ Հոլանդը (Նորվեգիա), Զլատան Իբրահիմովիչը (Շվեդիա), Պաուլո Դիբալան (Արգենտինա)։ Իսկ ինչ վերաբերում է չեմպիոնական տիտղոսին, ապա առայժմ լավագույն ցուցիչն ունի Բրազիլիայի հավաքականը, որն այդ պատվին արժանացել է հինգ անգամ։ Հատկանշական է նաեւ, որ, դրսեւորելով հասուն վարպետություն եւ անկոտրում կամք, բրազիլացիներն իրենց հաղթարշավը սկսեցին միայն վեցերորդ փորձից հետո, 1958 թվականին, եւ սրանում, շատերի համար անսպասելի, իր դերակատարումն ունեցավ թիմի 18-ամյա նորեկ Էդսոն Արանտես Դու Նասիմենտուն, ով նուրբ հնարքներով գերեց բոլորին եւ շատ շուտով աշխարհին հայտնի դարձավ Պելե անունով։ Նա, ով հետագայում հասավ բացառիկ ցուցանիշների եւ միակն է, որ երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, ավելին՝ հանդես գալով տարբեր խոշոր ասպարեզներում, խփել է ռեկորդային թվով` 1100 գոլ...

Տեղին է հիշեցնել, որ ԽՍՀՄ հավաքականն աշխարհի առաջնություններում իր լավագույն արդյունքին (4-րդ տեղ) հասավ 1966 թվականին, երբ թիմի կազմում հանդես էր գալիս Էդուարդ Մարկարովը, ով հետագայում Բաքվից տեղափոխվեց Երեւան եւ դարձավ «Արարատի» ռմբարկուներից մեկը՝ նպաստելով նրա առաջընթացին։ Ի դեպ, վերջերս նշվեց Մարկարովի 80-ամյակը։

Իսկ չեմպիոնական պատվանդանին, այդուհանդերձ, բոլորիս անասելի հրճվանք պատճառելով, առիթ ունեցել են կանգնել նաեւ հայկական արմատներով ֆուտբոլիստներ Յուրի Ջորկաեֆը (մայրն է հայ) եւ Ալեն Պողոսյանը։ 1998 թվականին նրանք նպաստեցին Ֆրանսիայի հավաքականի հաղթարշավին՝ եզրափակչում էլ 3:0 հաշվով վստահ առավելության հասնելով գործող չեմպիոնների` բրազիլացիների նկատմամբ։

Մարզասերներին, անտարակույս, կհետաքրքրի, թե որ երկրների հավաքականներն են բախտ ունեցել հանդես գալու աշխարհի նախորդ 21 առաջնությունների եզրափակիչներում եւ ինչպիսի արդյունքներ են գրանցել։ Ի դեպ, այդպիսի երկու մրցամարտում ելքը որոշվել է երեսուն րոպեանոց լրացուցիչ խաղի ժամանակ, երկուսում էլ, երբ հավասարությունը պահպանվել է, նշանակվել են 11 մետրանոց հարվածներ։ Եվ այսպես․
1930 թ. Ուրուգվայ - Արգենտինա` 4:2
1934 թ. Իտալիա - Չեխոսլովակիա` 2:1
1938 թ. Իտալիա - Հունգարիա` 4:1
1950 թ. Ուրուգվայ - Բրազիլիա` 2:1
1954 թ. ԳՖՀ - Հունգարիա` 3:2
1958 թ. Բրազիլիա - Շվեդիա` 5:2
1962 թ. Բրազիլիա - Չեխոսլովակիա` 3:1
1966 թ. Անգլիա - ԳՖՀ` 4:2
1970 թ. Բրազիլիա - Իտալիա` 4:1
1974 թ. ԳՖՀ - Հոլանդիա` 2:1
1978 թ. Արգենտինա - Հոլանդիա` 3:1
1982 թ. Իտալիա - ԳՖՀ` 3:1
1986 թ. Արգենտինա - ԳՖՀ` 3:2
1990 թ. ԳՖՀ - Արգենտինա` 1:0
1994 թ. Բրազիլիա - Իտալիա` 0:0, 11 մետր.` 3:2
1998 թ. Ֆրանսիա - Բրազիլիա` 3:0
2002 թ. Բրազիլիա - Գերմանիա` 2:0
2006 թ. Իտալիա - Ֆրանսիա` 1:1, լրաց. ժամ.`1:1, 11 մետր.` 5:3
2010 թ. Իսպանիա - Հոլանդիա` 0:0, լրաց. ժամ.` 1:0
2014 թ. Գերմանիա - Արգենտինա 0:0, լրաց. ժամ.` 1:0
2018 թ. Ֆրանսիա - Խորվաթիա` 4:2

Աշխարհի 22-րդ չեմպիոնը հայտնի կդառնա դեկտեմբերի 18-ին, երբ առաջնության ծրագրով մոտ մեկ ամսվա տեւողությամբ 64 խաղերից կանցկացվի վերջինը, ու կորոշվի աշխարհի չեմպիոնը։