Զոհվածների ծնողներին հաստատ չի ստացվի վախեցնել․Հրանտ Միքայելյան

Զոհվածների ծնողներին հաստատ չի ստացվի վախեցնել․Հրանտ Միքայելյան

«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։

-Անմահացած հերոս Ժորա Մարտիրոսյանը մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումը արդարադատությունի՞ց էր բխում։

-Ես բոլոր մանրամասներին չեմ տիրապետում և շատ վստահ չեմ կարող դատողություններ անել այս քրեական գործի հետ կապված։ Սակայն, այն տպավորությունը, որ ես ունեմ, այնպիսինն է, որ այդտեղ հանցագործության կազմ չկա։ Այն փաստարկները, որ ներկայացվել են, փորձում են ուղղակի ինչ-որ կերպ մեծացնել, ցույց տալ, իբր դա ինչ-որ մեծ մեծ բան է, իբր հանցագործություն է տեղի ունեցել։ Ըստ տեղեկատվության՝ դա ակնհայտ չի երևում։ Կարծում եմ՝ այստեղ քաղաքական կողմնակալության նշույլներ կան։

-Փաշինյանների ընտանիքը, նման հնչեղություն տալով այս գործին, ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել։

-Այս պահին Փաշինյանն ակտիվորեն զբաղված է Արցախի հանձնմամբ և փորձում է Հայաստանում այն մարդկանց, ում որ հուզում է Արցախը՝ շեղել այլ խնդրով, որ մարդիկ ոչ թե զբաղվեն Արցախով, այլ պաշտպանեն այդ հերոսի մորը։ 

-Զոհվածների ծնողների մի խումբ այսօր պայքարի է դուրս եկել։ Հնարավոր համարու՞մ եք, որ այս շարժումը վերածվի Փաշինյանին իշխանությունից հեռացնելու շարժման։

-Այս պահի դրությամբ ես նման պոտենցիալ դեռ չեմ տեսնում։ Նախ այդ գործը անհամացած հերոսի մոր նկատմամբ՝ տիկին Գայանեի նկատմամբ, այդ մարդկանց վախեցնելու նպատակ ունի անշուշտ, բայց ընդհանուր առմամբ, եթե նայենք, թե ինչ է այս շարժումն իրենից ներկայացնում, ապա այստեղ մի քանի խնդիր կա։ Նախ այդ մարդիկ, ովքեր նախաձեռնել են, ցավոք սրտի, դեռ քաղաքական փորձ չունեն։ Ես չեմ բացառում, որ այդ փորձը ձեռք կբերեն, բայց դա ժամանակ է պահանջում, և երկրորդը, երբ մենք տեսնում ենք սպոնտան, շատ տարբեր ակցիաներ, բայց չենք տեսնում մեծ կազմակերպչական ուժեր և կարողություններ ընդդիմության շրջանում։ Հարցն այն չի, որ չկա հակափաշինյանական աջակցություն ակցիաներին, ոչ, Փաշինյանի վարկանիշը ցածր է։ Բայց մյուս կողմից, դա էլ պետք է հաշվի առնենք, վերջինս ոստիկանությունն ու ուժային կառույցները իր օգտին է կիրառում անընդհատ։ Այսինքն, մենք ժողովրդավար միջավայրում չենք, եթե լինեինք, ինքը չէր կարողանա Արցախը հանձնել կամ նման փորձեր անել։ Բայց եթե դրանից վերանանք ու փորձենք միայն քաղաքական ուժի համադրություններ դիտարկել, ապա ամեն դեպքում ես չեմ տեսնում, թե ինչպես այս պահի դրությամբ կարելի է Փաշինյանին հեռացնել փողոցով, այն ուժերով, որոնք այս պահի դրությամբ այս գործի մեջ են։

-Ընդդիմությունը թերանո՞ւմ է։ Կարող են, չէ՞, մարդկանց համախմբել, իրենց եղած ռեսուրսները համախմբել, ոստիկանական ուժերն այլևս անզոր կլինեն Փաշինյանին փրկելու հարցում։

-Դե ընդդիմադիր ուժերը մեզ մոտ թերանում են արդեն հինգ տարի շարունակ։ Շատ հաճախ ընդդիմադիր ուժերը, ասեմ՝ որտեղ են սխալվում՝ սխալվում են միշտ՝ ավելի փոքր շահեր հաշվի առնելով, իրենց անձնական, քաղաքական, ֆինանսական շահերը ավելի առաջ են դնում, քան համապետական շահերը և հանրային շահը՝ ցավոք սրտի, երկրորդը, նրանք տեխնոլոգիաներին չեն տիրապետում և չեն ուզում տիրապետել, և երրորդը՝ նրանք ուղղակի էական թարմացման կարիք ունեն՝ կադրային, տարիքային և այլն։ Բացի այդ, էլի պատճառներ կան՝ օրինակ՝ չեն ուզում աշխատել Հայաստանի այլ գործընկեր երկրների հետ, որովհետև այս պահի դրությամբ բոլոր օտարերկրյա ուժերն աջակցում են Փաշինյանին և  իր իշխանության երկարատևությունն ապահովվում է առաջին հերթին դրանով։ Բայց որպեսզի դա չլինի, նաև ընդդիմությունը պետք է այդ ուժերի հետ աշխատի, իսկ այդ աշխատանքն էլ մենք չենք տեսնում։

-Այս շարժումն ինչպե՞ս կավարտվի։ Կկարողանա՞ն զոհվածների ծնողներին վախեցնել, թե՞ հասնելու ենք մի կետի, երբ մարդիկ այլևս չեն կարողանալու հանդուրժել, ու անվերջ ցույցերի ու հանրահավաքների քաոսային պատկեր կունենանք։

-Ավելի հակված եմ երկրորդ տարբերակին, որովհետև մյուս զոհվածների ծնողներին վախեցնել հաստատ չի ստացվի։ Մարդկանց հանդուրժելու պաշարը սպառվում է, դժգոհությունը լայնածավալ է, բայց դեռ չունի քաղաքական հստակ արտացոլում։ Ունի հատվածական արտացոլում և այդ հատվածական արտացոլումներ մենք ամեն քայլափոխի տեսնում ենք, բայց դա դեռ կազմակերպված չի։

-Իսկ դա կարո՞ղ է ի վերջո ձևավորվել այս ծնողների շուրջ։

-Դա կարող է տեղի ունենալ և կարող է տեղի չունենալ, այստեղ ես որևէ հստակություն չունեմ և չեմ կարող ասել։ Բայց ասեմ, որ թեև, ամեն դեպքւոմ այլ ճանապարհ չկա, քան ընդդիմության մեջ փորձել ինչ-որ փոփոխություններ մտցնել իրենց վարքագծի մեջ կամ սովորեցնել ինչ-որ մի բան, բայց ամեն դեպքում այդ պայքարը շատ է ուշացած։ Այսինքն, մենք ամեն անգամ տեսնում ենք փոքր-փոքր լավացումներ, բարելավումներ ընդդիմության վարքագծի մեջ արդյունավետության տեսանկյունից, բայց դա պետք է լիներ շատ ավելի վաղ, որովհետև ակնհայտ սխալներ են թույլ տրվել սկզբից և հիմա մենք ունենք այդ խնդիրները։