Մենք ե՞րբ ենք անկախ եղել

Մենք ե՞րբ ենք անկախ եղել

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արտաշես Ալեքսանյանն է:

- Ռուս որոշ մտավորականներ, մշակութային տարբեր գործիչներ ընդդիմացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, վերջինս գործողությունները որակելով` անընդունելի: Ի՞նչ եք կարծում` Պուտինին քննադատելը, ընդդիմանալը ռուս մտավորականի համար վտանգավոր չէ՞:

- Եթե մտավորական է, ուրեմն պետք է իր դիրքորոշումն ունենա: Մտավորականը պետք է գտնի արդարության ճանապարհը: Եթե արվեստագետը ճշմարտության, այլ ոչ թե ճշտի կողմն է բռնում, ուրեմն ճիշտ է: Իրական արվեստագետը պետք է լինի ընդդիմադիր:

- Դուք հետևո՞ւմ եք ՌԴ-Ուկրաինա գործընթացներին:

- Այո, մասամբ:

- Ի՞նչ եք կարծում` ո՞ր կողմն է առավել մեղավոր, ով է հրահրում:

- Ես Ուկրաինային չեմ ընդունում: Եռաբլուր ունենք Ուկրաինայի շնորհիվ:

- Ինչո՞ւ Ուկրաինայի շնորհիվ:

- Որովհետև ծծումբի ռումբը Ուկրաինան է վաճառել Ադրբեջանին: Ո՞վ Ադրբեջանին շնորհավորեց հաղթանակի համար:

- Ռուսաստանն էլ Ադրբեջանի հետ «եղբայրական» պայմանագիր է ստորագրել: Սա վանգավո՞ր չէ:

- Քաղաքականությունից բավականին հեռու եմ, իրենք գիտեն, թե ինչ խաղեր են խաղում, բայց ամեն դեպքում բոլորը՝ Ալիևից, Պուտինից, Փաշինյանից և Զելենսկուց սկսած կատարում են մի քանի մարդու ցանկությունները, որոնք ամբողջ աշխարհն են կառավարում:

- Վլադիմիր Պուտինին համարո՞ւմ եք բռնակալ:

- Չէ, չեմ համարում: Ինչի բռնակալ համարեմ:

- Աշխարհն ինչո՞ւ է Պուտինին բռնակալ համարում:

- Երբ սցենարը գրվել է, եղել է դերաբաշխում: Բայդենը պետք է իր դերը լավ սովորի, որ ասի՝ դու բռնակալ ես, Պուտին, դու սա ես, դու նա ես, մյուսն էլ պետք է այլ բան ասի: Սա շատ լուրջ պատերազմ է: Մեծ թատրոնի լուրջ օպերետ, բալետն էլ հետը:

- Պուտինը ցանկանում է վերականգնել ռուսական կայսրությունը: Դուք այդ գաղափարին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Պուտինը հիմար չի, որ հենց այնպես կանգնի բառեր ասի: Նրա ամեն մի տառն ու բառը մտածված են: Եթե Պուտինը չունենա պատճառ, չի բացահայտվի նաև հետևանքը:

- Եթե Հայաստանը դառնա ՌԴ-ի կամ այդ նոր միության մի մասը, մենք ի՞նչ կշահենք և ի՞նչ կկորցնենք:

- Մենք ե՞րբ ենք անկախ եղել: Ե՞րբ: Թվացյալ անկախություն է սա: Ինչպես Շեքսպիրի «Համլետում» է ասվում. բառեր, բառեր, բառեր:

- Այսինքն` մենք անկախ չե՞նք:

- Մեր երկրի սահմանն ո՞վ է պահում այսօր:

- Հայ զինվորը չէ՞ մեր սահմանը պահողը:

- Ոչ, թուրքի հետ սահմանը պահում է Ռուսաստանը:

- Այդ դեպքում հայ զինվորի անելիքը ո՞րն է, եթե ամեն ինչ ռուս զինվորն է անում:

- Հայ զինվորի դերն այն էր, որ տարան ու կոտորեցին: Դրա համար են հայ զինվորին ստեղծել, որ դարձնեն հաշմանդամ: