Ո՞վ է հաջորդը

Ո՞վ է հաջորդը

Շատ տարիներ առաջ, երբ իշխանության գլուխներից մեկում ծագեց տեսախցիկներ տեղադրելու, կուտակային կենսաթոշակային հիմնելու, կարմիր գծեր քաշելու եւ յուրաքանչյուր քաղաքացուց տարբեր պատրվակներով բռնագանձումներ անելու միտքը, մարդիկ հասկացան, որ պետությունը որոշել է մտնել բոլորի գրպանները եւ պետական գանձարանը լցնել շարքային մարդկանց հաշվին։

Տնտեսական զարգացում ապահովելու, արտադրությունները զարգացնելու, ներդրումներ ապահովելու եւ աճող եկամտից ստացվող հարկերի քանակն ավելացնելու փոխարեն որոշեցին Հայաստանում ապրող քաղաքացիներին հարստահարել։ Մարդիկ, որքան էլ դժգոհեցին, պայքարեցին, ի վերջո ստիպված եղան ենթարկվել՝ դառնալով տուգանքի եւ մուծվելու մատերիալ։ Չէ որ իշխանությունն իր ամենաանհեթեթ, ամենաստոր, ամենաանբարոյական միտքն անգամ կարողանում է կյանքի կոչել՝ խորհրդարանում մեծամասնություն ունենալու, պետական լծակները տնօրինելու շնորհիվ։ Եվ հարկահավաքության բոլոր տեսակները կամաց օրինականացվեցին, ու քաղաքացու հարկային բեռն ավելացավ, բայց եկամուտները չավելացան։

Մարդը սկսեց մուծվել ու վճարել։ Եկանք հասանք 2018 թվական, թվում էր՝ «ժողովրդի իշխանությունը» պետք է մտածեր հարկային բեռը թեթեւացնելու, տույժ-տուգանքները սահմանափակելու, մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին։ Սակայն, պարզվեց, իշխանությունը ժողովրդական չի լինում, եւ հարկերն ավելացնում են բոլոր իշխանություններն ու հատկապես ապաշնորհները, որոնք տնտեսություն զարգացնելու, ներդրումներ բերելու, մարդկանց կյանքը բարելավելու շնորհք ու ծրագիր չունեն։ Հիմա եկել է նոր հարկեր-տուրքեր ավելացնելու ժամանակը։ Մի օր Թուրքիայից ու Չինաստանից հագուստ ներկրողների մաքսային բեռն են ավելացնում, մյուս օրը՝ փուչիկ ու գրիչ վաճառողների։ Ո՞վ է հաջորդը։