ՔՊ-ական նախկին համայնքապետը դատվում է 280 միլիոն դրամի դեֆիցիտի համար  

ՔՊ-ական նախկին համայնքապետը դատվում է 280 միլիոն դրամի դեֆիցիտի համար  

Սեպտեմբերի 25-ին կայացած Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցանկի առաջին համարն ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, ով, սակայն, ընտրություններից հետո ինքնաբացարկ հայտնեց: Այժմ այդ ցուցակը գլխավորում է Շնողի վարչական ղեկավար Դավիթ Ղումաշյանը, ով մեղադրյալի կարգավիճակ ունի եւ դատվում է: 2021 թվականի մարտի 11-ից Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դավիթ Ղումաշյանի դատավարությունը։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Դավիթ Գեղամի Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017 թվականի նոյեմբերի 13-ին վերընտրվելով Շնող խոշորացված համայնքի ղեկավար եւ լինելով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ իր անունից գրություն է հասցեագրել դատարան՝ հետ վերցնելով իր կողմից ներկայացված թիվ ԼԴ4/0350/02/13 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքը, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառվել Շնող համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին: Ի դեպ, Ղումաշյանը հաշվառված է Երեւանում` Ավան-Առինջ համայնքում: Նկատենք, որ Շնողն այժմ Ալավերդի խոշորացված համայնքի կազմում է ներառված, առանձին համայնք չէ եւ գյուղում ունի համայնքապետի ներկայացուցիչ: Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանի հետ:

- Պարոն Թամազյան, ՏԻՄ ընտրություններից բավականին երկար ժամանակ է անցել: Գործերի ընդունում-հանձնում Շնող համայնքում իրականացվե՞լ է, ե՞րբ:

-  Այս շաբաթվա մեջ հենց գյուղապետարանում հանձնում-ընդունումը կարվի: Դեռ չի արվել: Ըստ գյուղերի՝ գնում ենք առաջ: Բավականին մեծ համայնք է:

- Ո՞վ եւ ինչպե՞ս է կատարում այդ աշխատանքները:

- Համայնքապետարանների աշխատակազմերը եւ նախկին համայնքապետերը: Վերջում ամեն ինչ հանձնում են հանձնաժողովին:

- Այս ընթացքում ո՞ր համայնքների հանձնման եւ ընդունման աշխատանքներն են իրականացվել:

- Այժմ ընթացքի մեջ է: Գյուղերով հերթով առաջ ենք գալիս: Շուտով կավարտվի: Վերջում Շնողում, Ախթալայում եւ Օձունում հանձնում-ընդունում կիրականացվի:

- Շնող համայնքի ՔՊ-ական նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանի դեմ քրեական գործ կա հարուցված: Պաշտոնեական դիրքի չարաշահման, գումարների մասին է խոսքը:

- Փաստացի առկա գույքը եւ փաստաթղթային շրջանառության մեջ եղածն ընդունելու ենք: Մնացածն էլ արդեն իր խնդիրն է: Միայն կարող եմ ասել, որ 280 միլիոն դրամ Շնողում միայն դեֆիցիտ ունենք:

- Ինչի՞ մասին է խոսքը:

- Շինարարական աշխատանքներ են իրականացվել, գումար չունենալով՝ պայմանագրեր են կնքվել, եւ իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր: Այս պահին միայն այդքանը կարող եմ ասել: 105 միլիոն դրամ էլ Թեղուտի մասով խնդիր կա: Թեղուտը պիտի վճարեր, չի վճարել: Մնացած գումարների մասին տեղյակ չեմ:

- Ի՞նչ սուբվենցիոն ծրագրեր են: Թեղուտի 105 միլիոնն ինչի՞ հետ է կապված:

- Պայմանագրեր են կնքվել օրենքի սահմաններում, որի մասին դատարանում կբարձրաձայնվի, սակայն վճարումները չեն արվել: Խնդիրն այն է, որ շինարարություններն ավարտվել են, գումարները չեն վճարվել, եւ այդ ծախսերը մնացել են Ալավերդու համայնքապետարանի վրա:

- Իսկ ի՞նչ շինարարական աշխատանքների մասին է խոսքը:

- Տարբեր. ջրամատակարարում, ասֆալտապատում, լույսեր են քաշել, տարբեր աշխատանքներ:

- Շնողում ինչո՞ւ համայնքի ներկայացուցիչ չի նշանակվում:

- Դեռ չենք նշանակել ներկայացուցիչ, քանի որ հաստիքացուցակները դեռեւս տարածքային կառավարման նախարարությունում չեն հաստատվել:

ՀԳ․ Մենք կապ հաստատեցինք նաեւ Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանի հետ, սակայն նա ասաց, որ լրագրողների ոչ մի հարցի չի պատրաստվում պատասխանել. «Դիմեք Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարին»: