Արցախի Հանրապետությունը պատրաստ է բնապահպանական իրական քննարկումների

Արցախի Հանրապետությունը պատրաստ է բնապահպանական իրական քննարկումների

Արցախում ստեղծված իրավիճակի եւ ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից արցախցիներին շրջափակման մեջ պահելու շուրջ զրուցել ենք Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ։

- Պարոն Առաքելյան, ի՞նչ տեղեկություններ ունեք Արցախում ստեղծված իրավիճակից, Ռուբեն Վարդանյանի հետ կապը պահո՞ւմ եք, նա ինչպե՞ս է գնահատում իրավիճակը։

- Ես այս պահին Երեւանում եմ, ու երկու օր է՝ հնարավորություն չունեմ վերադառնալու Արցախ, բայց տեղեկատվությանն ամբողջովին տիրապետում եմ։ Հայտնի է, որ երեկվանից հերթական կեղծ բնապահպանական պատրվակով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախի միակ ճանապարհը Շուշիի հատվածում, մինչեւ այս պահը շարունակում են գտնվել այնտեղ, որն ակնհայտորեն բավականին մեծ հումանիտար աղետ է առաջացնում՝ հնարավորություն չի տալիս ոչ միայն մարդկանց տեղաշարժի համար, այլեւ առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ դեղամիջոցների ապահովման համար։ Ընդ որում, նաեւ լուրջ խնդիր ունենք մի քանի հիվանդների հետ կապված, որոնց Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն կա, այս պահին գտնվում են Ստեփանակերտի հիվանդանոցում։ Ընդհանուր առմամբ, սա Ադրբեջանի հերթական սադրանքն է՝ հերթական կեղծ օրակարգով։ Արցախի իշխանությունները որեւէ զիջման չեն գնում, որովհետեւ նրանց պատրվակներն ամենեւին էլ բնապահպանական չեն։ Այս պահին իշխանության կողմից քայլեր են ձեռնարկվում ե՛ւ ռուս խաղաղապահների հետ աշխատանքով, ե՛ւ նաեւ միջազգային հանրությանը տեղեկացնելով, քանի որ սա ոչ թե միայն ճանապարհի փակման տեխնիկական խնդիր է, այլ փաստացի Արցախի 120 հազար բնակիչներ գտնվում են շրջափակման մեջ, եւ ակնկալում ենք միջազգային հանրության ոչ միայն արձագանքը, այլ նաեւ գործուն քայլերն այս ուղղությամբ։

- Իսկ Ռուբեն Վարդանյանի հետ կապի մե՞ջ եք, ի՞նչ է ասում նա, ինչպե՞ս է պատկերացնում հարցի լուծումը։ Եվ արդյոք գնացել բանակցե՞լ է կամ փորձե՞լ է հանդիպել կողմերի հետ։

- Ե՛վ երեկ, ե՛ւ այսօր Արցախի անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, նաեւ՝ Ազգային ժողովի կողմից հայտարարություն, որը ներկայացվել է հանրությանը։ Այսօր նաեւ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ նիստ է տեղի ունեցել քաղպաշտպանության մասով, որ 24-ժամյա ռեժիմով պաշտոնյաներն ավելի օպերատիվ կերպով կարձագանքեն հնարավոր խնդիրներին։

- Իսկ սննդի պաշարներին, դեղորայքի ու բնականոն կյանքի ապահովմանն ուղղված այլ անհրաժեշտ միջոցների բավարար քանակ կա՞, որով հնարավոր է գոնե որոշ ժամանակ գոյատեւել։

- Առնվազն այս պահին որեւէ խուճապ չկա, բայց բնական է, որ կա դեղորայքի՝ դեպի Արցախ տեղափոխման եւ բնակչությանը դեղորայքով ապահովելու խնդիր, որն օրական ռեժիմով է իրականացվում։ Նաեւ մի քանի հիվանդներ այս պահին Երեւան տեղափոխման հետ կապված բավականին լուրջ խնդրի առջեւ են կանգնած։

- Իսկ անձամբ Ռուբեն Վարդանյանը, ով, վստահաբար, գիտակցում էր, թե ինչ իրավիճակ է տիրում Արցախում, եւ ինչ պայմաններում է ստանձնում այդ պաշտոնը, այսօր ի՞նչ է մտածում ստեղծված իրավիճակի շուրջ, եւ եթե այս իրավիճակը երկար շարունակվի, Արցախի բնակչությունը կկանգնի՞ հումանիտար լուրջ աղետի առջեւ, որի «շահառուն» նաեւ ինքն է։

- Այս պահին Արցախի իշխանություններն անում են առավելագույնը, որ հնարավորինս արագ էս հարցը կարգավորեն՝ առանց Ադրբեջանի ոչ ողջամիտ պահանջները բավարարելու։ Բնապահպանական իրական քննարկումների՝ միջազգային կառույցների մասնակցությամբ, Արցախի Հանրապետությունը պատրաստ է, բայց բնապահպանական պատրվակի ներքո Ադրբեջանի այլ պահանջներին Արցախը եւ Արցախի բնակչությունը չեն ընդառաջելու։

- Իսկ այդ «բնապահպանների» պահանջը ո՞րն է։

- Իրենց «բնապահպանական» պահանջն այն է, որ իբրեւ թե հանքի շահագործումը խոչընդոտում է կից բնակավայրերին, բայց որեւէ պաշտոնական իրավական փաստաթուղթ չի ներկայացվել, թե ինչ պահանջ են նրանք ներկայացնում։ Այդ տեսանկյունից, եթե կլինի նաեւ միջազգային կառույցների մասնակցության անհրաժեշտությունը՝ քննարկելու բնապահպանական ռիսկը՝ Արցախում շահագործվող հանքերի վերաբերյալ, Արցախի իշխանությունը, բնական է, միջազգային կառույցների հետ պատրաստ է իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները։