Ցավ, որը միշտ մեզ հետ է լինելու

Ցավ, որը միշտ մեզ հետ է լինելու

Էռնեստ Հեմինգուեյը Փարիզում անցկացրած տարիների մասին գիրք է գրել՝ այն վերնագրելով․ «Տոն, որը միշտ քեզ հետ է»։ Հիմա մտածում եմ, որ Արցախը մեզ համար դառնում է «Ցավ, որը միշտ մեզ հետ է լինելու», քնած թե արթուն, հետապնդելու է մեզ` հայերիս։ Ընդգծում եմ` ՀԱՅԵՐԻՍ` Նարեկացու, Քուչակի, Աբովյանի, Րաֆֆու, Շիրվանզադեի, Մուրացանի, Պարոնյանի, Նար-Դոսի, Պատկանյանի, Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի, Անդրանիկ զորավարի, Նժդեհի, Թամանյանի, Թերլեմեզյանի, Սարյանի, Սարոյանի, Արամ Խաչատրյանի հետնորդներին, այլ ոչ թե հայի անվամբ Արցախ ծախող ու Հայաստան վերացնող գարշելի գոյացություններին։

Երեկ ուշ ժամի Ֆեյսբուքում կարդացի իմ հայրենակից Վահե Հարությունյանի գրառումը, վերնագրված` «Պարզ խոսակցություն գաղթից առաջ», եւ ողջ գիշեր չկարողացա քնել։ Շարունակ մտածում էի Վահեի 7-ամյա աղջկա` Եվայի, եւ հարյուր-հազարավոր արցախցի փոքրիկների, եվաների մասին, որոնց նույն ճակատագիրն է բաժին ընկել։ Որոնք հայրենի օջախ, տուն, ունեցվածք, անկրկնելի գեղեցիկ ու թանկ հայրենիք են կորցրել` այնտեղ թողնելով իրենց մանկությունը, կյանքը, հարազատների ու նախնիների գերեզմաններն ու ամեն-ամեն ինչ...

Առանց բառ փոխելու, ուզում եմ մեջբերել այդ զրույցը` գաղթից առաջ, որին կցված լուսանկարներում փոքրիկ Եվան հրաժեշտից առաջ համբուրում է իր պահած, խնամած սիրելի ճագարիկին. «Երբ Եվային ասացի, որ արդեն պիտի գնանք տնից.
Եվա - Պապ, ես էլ օզում չում (չեմ ուզում) հայ ինիմ (լինեմ)։
Ես - Խե՞, բալաս։
Եվա - Որովհետեւ թորքերը միշտ կյամ ըն մեզ նհետ կռեվ անում, հաղթում ու մունք ստիպված մեր տները թողում ընք, քինամ (գնում)։ Ես այդ պահին խոսելու ունակությունս կորցրեցի ու պարզապես լռեցի, սառած հայացքով նայեցի նրան…
Որոշ ժամանակ լռելուց հետո Եվան փորձեց մեղմել իրավիճակն ու կրկին հարց ուղղեց ինձ.
- Պապ, բայց էլի նորից կյալու ընք, չէ՞։

Ես կրկին լռեցի, որովհետեւ չէի կարող պատասխանել, չէի ուզում խաբել… Ու մինչեւ հիմա ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս ու հարցեր տալիս ինքս ինձ, փորձում եմ հասկանալ` ի՞նչն եմ սխալ արել, ի՞նչ պիտի անեի, որպեսզի իմ 7-ամյա աղջիկը չտեսներ գաղթը, չզգար ցեղասպանության վտանգը, չլսեր ռումբերի ձայները, չիմանար, թե ինչ է պարտությունը, հայրենազրկումը, ու նման բան չասեր ինձ։ Ինչո՞ւ… Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել…
Նկարում Եվայի հայրենի օջախում անցկացրած վերջին րոպեներն են։ Հրաժեշտ է տալիս իր ծննդին նվեր ստացած սիրելի ճագարիկին՝ Միային։ Մինչեւ վերջին պահը խնդրում էր, որ բերեինք մեզ հետ, բայց, ավա՜ղ, հնարավորություն չկար…»։ Այսքանը։

Փոքրիկ աղջկա փոքրիկ զրույց հոր հետ եւ` մի ողջ կյանք, մարդկային մեծ ցավ ու ողբերգություն, որ կատարվեց բոլորիս աչքի առաջ, շատերիս մասնակցությամբ կամ լուռ, անտարբեր, սառցե հայացքի ներքո` ասես մի կինոնկար դիտելիս լինեին։ Ավելին, առայսօր ոմանք, եւ սարսափելի շատ են նմանները, ուրախ են, որ «ազատվել» են Արցախի բեռից։ Կարծես Արցախն իրենց ուսերին էր, ու կարծես այն ոչ թե Հայաստան է, հայկական հող, որտեղ հարյուր հազարավոր իրենց հայրենակիցներն էին, այլ հեռավոր, օտար երկիր, որն անձամբ իրենք էին պահում, այլ ոչ թե արցախցի կամավորների շառավիղներն ու հայրենակիցները, որոնք Սարդարապատում թուրքի դեմ կռվող մոտ 6,5 հազար հայ զինվորների կեսից ավելին էին, բայց ոչ մի արցախցի երբեք հայաստանցիների աչքը չի խոթել...

Այդ մասին Արցախ-Ղարաբաղի, նրա զավակների մասին անգամ օտարներն են գրել։ «Այնտեղ՝ Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որոնք Կարսի եւ Սեւանի բարձրավանդակի շարունակությունն են, ավելի քան 2 հազար տարի հայ ժողովուրդը դիմակայել է քոչվոր ցեղերի հարձակումներին՝ պահպանելով իր մշակույթը, պաշտպանելով իր ազգային ինքնությունը: Էթնիկ առումով, տնտեսապես եւ լեզվով լինելով միասնական, Ղարաբաղը դարձավ Հայաստանի միջնաբերդը՝ նրա արեւելյան թեւը: Այդպիսին էր նա նախկինում, այդպիսին է նա այժմ, այդպիսին կլինի միշտ, քանի որ Հայաստանի սիրտը ՝ Արարատյան հովիտը, անհնար է պաշտպանել՝ առանց տիրելու Ղարաբաղին... Աշխարհով մեկ սփռված ղարաբաղցիներին ամենուրեք կարելի է հեշտությամբ ճանաչել: Լայն մտահորիզոն, անձնուրաց քաջություն, ռիսկի դիմելու հակում, ինքնավստահություն, յուրօրինակ հաստատակամություն, անկոտրում համառություն, ավանդապահություն` ընտանեկան կյանքում. սրանք ղարաբաղցու գեղեցիկ հատկանիշներն են, որ կարծես թե խտացնում են հնուց եկող հայկական քաջությունը, որ պատմության դաժանություններից աղճատվել է, բայց անաղարտ պահպանվել Ղարաբաղում... Չկա մի ոլորտ, որտեղ նրանք ցուցադրած չլինեն իրենց ձեռներեցությունն ու տաղանդը: Քաղաքականությունը, գրականությունը, հասարակական գործունեությունը, առեւտուրը՝ այս ամենը նրանց համար ծառայում էր որպես իրենց գործունեության ասպարեզ... Տալով բազում նշանավոր տղամարդկանց՝ Ղարաբաղը ստեղծել, ավելի ճիշտ՝ իր մաքուր տեսքով պահպանել է հին հայուհու տեսակը, որի հոգեբանության եւ առօրյա կյանքում շատ բան է մնացել հին դարերից...»,- սա հատված է Սերգեյ Գորոդեցկու «Ղարաբաղ» աշխատությունից` գրված մեկ դար առաջ։ Սարդարապատում արցախցի կամավորների աներեւակայելի քաջության մասին հերոսամարտի մասնակից մարշալ Հովհաննես Բաղրամյանն է գրել իր հուշերում։

Իսկ մերօրյա երեւանաբնակ պատմաբան Վահե Լոռենցը գրել է. «1918 թվականին, երբ երեւանցին ճողոպրել էր թուրքի ահից, արցախցին չասեց՝ Երեւանը տանք, հանգիստ ապրենք։ Եկավ, Սարդարապատում թուրքի ջարդը տվեց, փրկեց երեւանցու պատիվն էլ, հայի պատիվն առհասարակ»։ Ու այսօր արցախցի-ղարաբաղցին հայրենազուրկ է, մի մասը Հայաստանում է ապաստանել, շատերը մեկնել են Ռուսաստան եւ այլ երկրներ, շատերը նոր են պատրաստվում հեռանալ, որովհետեւ կանխազգում են, որ արդեն Սյունիքը, Գեղարքունիքը, ողջ Հայաստանը կարող են արժանանալ Արցախի ճակատագրին։

Վարդգես Օվյան