Ալիևի «շառաչուն» ապտա՞կը ԵԽԽՎ-ին, թե՞ ԵԽԽՎ-ի «շառաչուն» ապտակն Ալիեւին

Ալիևի «շառաչուն» ապտա՞կը ԵԽԽՎ-ին, թե՞ ԵԽԽՎ-ի «շառաչուն» ապտակն Ալիեւին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակել է մեկ տարով։ Ի՞նչ պատահեց, որ ԵԽԽՎ-ն նման որոշում կայացրեց` մինչդեռ մենք նման որոշման սպասում էինք վերջին երեք տարիներին: 

Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ նման սահմանափակում կիրառելու առաջարկով հանդես է եկել սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների խմբակցության ներկայացուցիչ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեն։ Գերմանացի պատգամավորն իր առաջարկությունը բացատրել է նրանով, որ Բաքուն 2023 թվականին չի թույլատրել ԵԽԽՎ զեկուցողներին այցելել Բերձորի միջանցք։ Նա շեշտել է՝ հենց ադրբեջանական պատվիրակությունն է պատասխանատու, որ Վեհաժողովի զեկուցողներն անցած տարի առնվազն 3 անգամ չեն կարողացել այցելել արգելափակված Բերձորի միջանցք։ Շվաբեն նաեւ հիշեցրել է Արցախի Հանրապետությունից 120 հազար հայի բռնի տեղահանության մասին, ինչպես նաև հավելել է՝ Բաքվում շատացել են քաղբանտարկյալները։

Փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են կայանելու, իսկ Ալիևը մերժել է ԵԽԽՎ դիտորդական ծառայության այցելությունը Ադրբեջան։ Ոմանք սա «շառաչուն ապտակ» են համարում` ԵԽԽՎ-ի երեսին Ալիևի կողմից: Մինչ եվրոպական կառույցները խոսքով դատապարտում էին Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը Արցախում եւ շարունակում ցեղասպան պետությունից գնել գազ, նա արհամարհում էր նրանց դատապարտումներն ու հորդորները։ Ֆրանկ Շվաբեն իր նախաձեռնությունը ներկայացնելու ժամանակ հայտարարել էր նաև, որ սա համագործակցության կանոնների հստակ և աններելի խախտում է, ինչպես նաև փորձ՝ խարխլելու Եվրոպայի խորհուրդը։ 

Շվաբի նախաձեռնությանը կողմ են քվեարկել 30-ից ավելի պատվիրակներ, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի նկատմամբ այս «պատժամիջոցը» ամենայն հավանականությամբ համաձայնեցված որոշում է: Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության արձագանքին, ապա պատվիրակությունը` հասկանալով, որ կասեցումն անխուսափելի է, փորձել է կանխել դա` առաջ ընկնելով եւ ինքն է հայտարարել, որ դադարեցնում է մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին ու դուրս է եկել դահլիճից, եւ իր «հուժկու» հայտարարության մեջ ասել է. «Այս որոշումը կայացվում է Վեհաժողովում տիրող այլատյացության, ադրբեջանատյացության և իսլամատյացության անտանելի մթնոլորտի պատճառով»։ 

Ինչ խոսք, ադրբեջանցիներն իրենց մեծ եղբայր թուրքերից մանիպուլյացիայի ու real politics-ի դասերը լավ են սերտել։ Եվ այսպես. ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը նրանց մեկ տարով զրկում է վեհաժողովի աշխատանքներին մասնակցությունից, քվեարկելու հնարավորությունից, չեն կարողանալու մասնակցել նիստերին, չեն ունենա ձայնի իրավունք, կզրկվեն բոլոր պաշտոններից։ Կհեշտացնի՞ արդյոք դա պրոհայկական որևէ նախագիծ վեհաժողովում անցկացնելը եւ ինչ կտա մեզ: Ըստ ամենայնի` ոչինչ։ Ադրբեջանական պատվիրակությունը չի լինի, բայց փոխարենը կա Թուրքիայի պատվիրակությունը։ Եւ հույս ունենալ, որ ադրբեջանական պատվիրակության սահմանափակումները մեծ դեր կխաղան պրոհայկական օրակարգն առաջ տանելու հարցում՝ միամտություն է։ 

ԵԽԽՎ նիստի ժամանակ Ադրբեջանի հարցով զեկուցող Մորգան Ենսենն իր հերթին նշել է, որ Ադրբեջանում չկա դատական անկախ համակարգ, իշխանական ճյուղերի տարանջատում և նույնիսկ հստակորեն նշել է Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը, սակայն, այն, որ Ադրբեջանում ապօրինի պահվում են հայ ռազմագերիներ ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Ադրբեջանի հարցերով զեկուցողը մոռացել է նշել։ ԵԽԽՎ-ին խոցել է նաև այն հանգամանքը, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր իրենք չեն ստացել։ 

Անդրադառնալով քվեարկությանը, նշենք, որ ԵԽԽՎ-ում ներկայացված և քվեարկելու իրավունք ունեցող հայկական պատվիրակության չորս անդամները կողմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելուն։ Դեմ է արտահատվել ուկրաինական պատվիրակության պատգամավորը, ով հայտարարել է, որ ԵԽԽՎ-ում սպասում են Ադրբեջանին։ Ի վերջո, արդյոք արդարության մղո՞ւմն է արթնացել ԵԵԽՎ-ում, թե՞ պարզապես վրդովված են Ադրբեջանի կողմից եվրոպական հարթակները մեղմ ասած մերժելու փաստից, ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք, որ 2017 թվականին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի՝ Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ բացահայտման հիմքում կանգնած էր նույն Ֆրանկ Շվաբեն։ Վերջինս առաջարկել էր նաև վեհաժողովում հակակոռուպցիոն կոմիտե ստեղծել, ինչին շատ տրամաբանորեն դեմ էին քվեարկել Ադրբեջանն ու Թուրքիան, անհասկանալի մղումներով` նաեւ Ռուսաստանը։ Ի դեպ, Ագրամունտը պնդաճակատություն էր դրսևորում և հրաժարվում էր խայտառակ սկանդալից հետո հրաժարակ տալ։ Այն ժամանակ ԵԽԽՎ նախագահը կարող էր ժամկետից շուտ հեռանալ միայն իր հրաժարականի համաձայն, իսկ վերջինս համառորեն այդ հրաժարականը չէր գրում։