Հրամանատարները զոհված բժշկի ընտանիքին ստել են՝ ասելով, թե նա ողջ է

Հրամանատարները զոհված բժշկի ընտանիքին ստել են՝ ասելով, թե նա ողջ է

«Պատերազի ամենաերիտասարդ բժիշկը»։ Այսպես էին դիմում 19-ամյա ժամկետային զինծառայող Արտյոմ Բաբայանին զինակից ընկերները։ 

Քույրը՝ Աստղիկը պատմում է, որ եղբայրը սովորել է Երեւանի հենակետային քոլեջում, հետո արդեն բանակում ետ է եկել, պատրաստվել որպես բուժակ՝ դառնալով բուժակ կրտսեր սերժանտ։ Նա իր ծառայությունն անցկացրել է Կուբաթլուում, պատերազմին մասնակցել է Ջաբրայիլում․ «Հենց սկզբից մասնակցել է պատերազմին՝ կատարելով բժշկի աշխատանքը։ Զոհվել է հոկտեմբերի 15-ին։ Իր 6 ընկերների հետ է զոհվել, վերջին անգամ տարել են, որ օգնեն վիրավորներին, դուրս բերեն, այդ ընթացքում անօդաչուի հարվածից է զոհվել։ Իրեն թողել են էնտեղ, միգուցե իրեն փրկել հնարավոր լիներ, բայց զոհվել է, մենք ուղիղ 2 ամիս իրեն փնտրել ենք, հուղարկավորությունը եղել է դեկտեմբերի 24-ին, գիտենք, որ իրեն էնտեղ թողել են, իր հետեւից չեն գնացել։ Մեր իմանալով՝ ինքը ողջ է եղել, մնացել, արյունաքամ է եղել»։

Պատերազմի օրերին Արտյոմը զանգահարել է ընտանիքի անդամներին, ասել, որ մենակ է․ 
«Մենք ասում էինք՝ բա մենակ ո՞նց ես կարում, ասում էր՝ գլուխս ահավոր ցավում է վիրավորների գոռոցներից, ինքը միշտ բժշկական օգնություն է ցուցաբերել»։

Խառնվածքով մարդասեր տղա է եղել։ Քույրն այս հանգամանքն է նշում առաջինը եղբոր մասին խոսելիս․ «Նա չէր կարող անտեսել վիրավորներին, չգիտենք՝ իր բժիշկը կամ քույրերը որտեղ են եղել, որովհետեւ անընդհատ շեշտում էինք՝ ինքը 19 տարեկան էր, կյանքում այդպիսի բաներ չի տեսել։ Միշտ ասում էր՝ իմ համար սա մեծ պրակտիկա է, մարդիկ տարիներով գալիս, սովորում են, բայց ես մի քանի օրում դարձա բժիշկ։ Նա նպատակ ուներ, որ գար, կրթությունը բուհում շարունակեր։ Այս ընթացքում միշտ խնդրում էի, որ աչալուրջ լիներ, հետո ինքն էլ կարողանա մյուսներին փրկել։ Նրա բացը լրացնել չի լինում, օրը 2-3 անգամ Եռաբլուր ենք գնում, խոսում ենք, բայց ոչ մի ձեւ չի ստացվում։ Շատ աշխույժ ու կենսախինդ էր, շատ էր սիրում մարդկանց հետ շփվել։ Իրոք դիմանալու չի։ Ամենասկզբից անհավանական պատմություններից է փրկվել, շրջափակումներից դուրս է եկել, հետո իրենց բերել են իր հարազատ Կուբաթլուի զորամաս, որ մի քիչ հանգստանային, անընդհատ խնդրում էինք, որ չգնա, ինքն էլ, քանի որ ամենսկզբից շեշտում էր, ասում էր՝ սա զենքի կռիվ չի, փրկվել հնարավոր չի լինի, երբ տեսնես վրադ են իջնում, չես փրկվի։ Զուտ իր այս խոսքերը հիշելով՝ ասում էին՝ չգնաս, բայց այն էլ գնաց։ Ասաց՝ ապահով տեղ ենք գնում, կզանգեմ ու մինչեւ օրս չի զանգում»։

Քրոջ խոսքով՝ 3 ամիս հրամանատարներն իրենց խաբել են, թե տղան ողջ է․ «Իբր տեսել են, թե ոնց են էրեխեքը անտառ փախնում, բայց սուտ էր, էրեխեքն ի սկզբանե փոսում այդ անօդաչուից մահացել էին։ Մինչև դեկտեմբերի վերջերը մենք իմացել ենք՝ ինքը ողջ է, տարբեր տեղեր ենք իրեն փնտրել, բայց հրամանատարներին ստիպել ենք, որ Կարմիր Խաչի աջակցությամբ մտնենք, որ տեղը ցույց տային, չէին ուզում։ Էրեխեքն արդեն թշնամու տարածքում են եղել։ Եղբորս դեպքում բուժկետի անձնակազմից ենք իմացել, որ զոհվել է»։

Հայրը Արտյոմին ճանաչել է ոտքից․ «Ինքն առանձնահատկություն է ունեցել՝ ոտքի մատերը կպած են, այդպես է հայրը ճանաչել»։