«Հրապարակ». Փորելով անցյալը՝ դատախազությունն աչքաթող է անում ներկայիս կոռուպցիոն գործարքները

«Հրապարակ». Փորելով անցյալը՝ դատախազությունն աչքաթող է անում ներկայիս կոռուպցիոն գործարքները

Փետրվարին վարչական դատարանը լսելու է խոշոր գործարար, ՔՊ-ական պատգամավոր Սուքիասյանին եւ նրա  ընտանիքի անդամներին «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից զրկելու գործը։ Ինչպես հայտնի է, նման պահանջով «Հետք» պարբերականի հրապարակման հիման վրա հանդես է եկել դատախազությունը։ «Հետքը» գրել էր, որ Աբովյան փողոցում գտնվող «Սիլ  պլազա» բիզնես-կենտրոնի շենքը Սուքիասյանը 1995 թվականին սեփականաշնորհել է՝ վճարելով ընդամենը մոտ 5,5 հազար դոլար։ Տպավորություն է, թե նոր դատախազի ձեռքին ուռկան է, որը նա նետում է ծովը, ասելով՝ բռնվիր, ձկնիկ՝ մեծ ու փոքր։
Հեռու մնալով Գռզոյին յուրայիններից պաշտպանելու մտքից՝ այնուամենայնիվ, չենք կարող չնկատել, որ անցյալում կատարված սեփականաշնորհման ապօրինի, կասկածելի գործընթացները եթե ոչ հարյուրներով, ապա տասնյակներով են հաշվվում։ Հայաստանի անկախության 30 տարում Երեւանի կենտրոնը մի քանի անգամ բաշխվել ու վերաբաշխվել է տարբեր մեծահարուստների, տարբեր թիմերի միջեւ։ Երկրի ամեն նոր ղեկավար իր կարուձեւն է արել մայրաքաղաքում, եւ ներկայիս իշխանությունը բացառություն չէ։ Բավական է հիշատակել փաշինյանական գույքահարկի ռեֆորմը, որը ոչ այլ ինչ էր, քան Կենտրոնի բնակիչներին Երեւանի կենտրոնից դուրս շպրտելու ծրագիր։ 

Բայց, չգիտես ինչու, դատախազության աչքին հենց «Սիլ պլազան» է երեւացել՝ 27 տարի առաջվա մի պատմություն, երբ 6 հազար դոլարն ահռելի կարողություն էր, իսկ Աբովյան փողոցում 3 հազար դոլարով կարելի էր 4 սենյականոց բնակարան գնել։ Ինչո՞ւ հենց «Սիլ»-ը։ Մամուլում տարբեր վարկածներ են հնչում։ Մեկը՝ որ Սուքիասյանը նեղ «կռուգում» հայհոյել է Փաշինյանին, եւ դա Նիկոլի ականջն է ընկել։ Մյուս վարկածով՝ Խաչատուր Սուքիասյանը քաղաքապետի թեկնածու է եւ անգամ Տիգրան Ավինյանի թեկնածությունը հայտարարելուց հետո ձեռք չի քաշել այդ մտքից։ Երրորդ տարբերակն էլ կա՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, թե իր համար չկան յուրայիններ, եւ յուրայիններից ցանկացածի նկատմամբ կարող է վարույթ հարուցել եւ ունեզրկել, որ անաչառ եւ անկաշառ ղեկավարի իմիջն ամրապնդի։ Որքանով է սա վերաբերելի Սուքիասյանին, այլ հարց է։ Ամենայն հավանականությամբ, գործը կավարտվի ոչնչով, ինչպես ցույց է տալիս բազմաթիվ քրեական գործերի ընթացքը, որոնք այդպես էլ դատարան չեն հասնում։ Ինքը՝ Սուքիասյանը, թե հերքել է,  իրեն ինչ-որ բան են հասկացնում՝ ասելով, որ ինքը հասկացող մարդ է եւ առաջնորդվում է օրենքով։ «Հրապարակի» հարցմանն ի պատասխան՝ նա հերքում է նաեւ քաղաքապետ առաջադրվելու մասին լուրը։ «Նման առաջարկ եղել է, սակայն նա մերժել է»,- ասացին Խաչատուր Սուքիասյանի գրասենյակից։

Բայց ակնհայտ է, որ Նիկոլը Գռզոյի հետ կիսելու բան ունի, առնվազն քաղաքական ենթատեքստ ունի այս գործը։ Բայց մեզ հիմա այլ հարց է հուզում, թե ինչու այլ հրապարակումներ՝ կոռուպցիոն ավելի շոշափելի ռիսկեր պարունակող, չեն արժանանում Սուքիասյանի բիզնես-կենտրոնի մասին «Հետքի» հրապարակման ճակատագրին, ինչու դատախազությունը չի նկատում այլ նյութեր, որոնք եւս հանցագործությունների մասին են վկայում։  

Անցյալ տարի «Հրապարակն» անդրադարձել էր Տիգրան Ավինյանի կողմից ղեկավարվող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կնքած մի գործարքին, որով արաբական «Էյր Արաբիա» ընկերությանն ազգային ավիափոխադրողի կարգավիճակ են տվել, ՀՀ կառավարությունն էլ 10 մլն դոլար է հատկացրել։ Գրել էինք, որ սա մի խումբ մարդկանց բիզնես է, որ գործարքը թափանցիկ չէ հանրության համար, կասկածելի է, եւ ազգային ավիափոխադրողը չի ընտրվել մրցույթով։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ «Հրապարակին» տված հարցազրույցում մատնանշել էր այդ գործարքում առկա կոռուպցիոն ռիսկը, քանի որ ազգային ավիափոխադրողի ընտրությունը կատարվել էր առանց մրցույթի։ Թվում էր՝ դատախազությունը պետք է զբաղվի գործարքով, բայց դրա փոխարեն մեր հարգարժան վերին իշխանավորները, ի դեմս Ավինյանի ֆոնդի, դատի տվեցին ե՛ւ «Հրապարակին», ե՛ւ Բագրատյանին։ 

Ի դեպ, ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանին վերաբերող ոչ մի կասկածելի պատմություն իրավապահները չեն ցանկանում բացել, այդ թվում՝ Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ, որոնք, ըստ մամուլում շրջող տեղեկությունների, նա ունեցել է ու վաճառել, բայց ինչի դիմաց են նրան տվել այդ բաժնետոմսերը՝ դատախազությունը չի ուզում խորանալ։ Բավարարվում են Արմեն Սարգսյանի հերքմամբ, որ կապ չունի եւ չի ունեցել Ամուլսարի հանքի շահագործման իրավունքը ստացած «Լիդիանի» հետ։ Այդ դեպքում ինչո՞ւ Սուքիասյանի հերքումները հաշվի չեն առնվում։  
Մեկ այլ դեպք, որի հանդեպ դատախազությունն անտարբեր է․ «168 ժամը» գրել էր  2019 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկով անցկացված ավտոբուսների մրցույթի հետ կապված կոռուպցիոն երեւույթների մասին։ Մրցույթի արդյունքներով, չինական «Ժոնգ Տոնգ» (Zhong Tong) ընկերությունը ներկայացրել էր ամենաշահավետ առաջարկը՝ յուրաքանչյուր ավտոբուսի համար՝ 150 հազար եվրո, իսկ գերմանական «Ման» (MAN Lion's City) ընկերությունը 1 ավտոբուսի համար առաջարկել էր 250 հազար եվրո: Չինական առաջարկը 40 տոկոսով ավելի էժան էր եւ հնարավորություն էր տալիս ահռելի տնտեսում անել, սակայն գերմանական ընկերությանն առավելություն տալու համար մրցույթը չեղարկվեց, նոր մրցույթ հայտարարվեց, եւ նոր պահանջ դրվեց՝ որ հաղթողը եվրոպական որոշ երկրների առնվազն 300 հատ ավտոբուս վաճառած լինի։ Չինական ընկերությունն իր ավտոբուսներն ավելի շատ էր  վաճառել, քան գերմանականը, բայց ոչ այն երկրներին, որոնք նշել էր կառավարությունը, կարծես էական տարբերություն կար, թե որ քաղաքի ասֆալտով են երթեւեկել ընկերության արտադրած ավտոբուսները՝ Փարիզի՞, թե՞ Պեկինի։ Ակնհայտ էր գերմանական ընկերությանն առավելություն տալու կոռուպցիոն ռիսկը, սակայն այս հրապարակումը եւս չարժանացավ իրավապահների ուշադրությանը։ 

Հազարավոր պատմություններից հիշեցինք նաեւ քովիդի հայկական թեստերի պատմությունը, որով եւս նոր աղջիկ-դատախազը չի զբաղվում, թեեւ այն բավականին թարմ է՝ 95 թվականի դեպքերի համեմատ։ Տիգրան Ավինյանը քովիդի ժամանակաշրջանում երբ պարետ էր, առանց մրցույթի, շրջանցելով գնումների մասին օրենքը, Արսեն Առաքելյանի ղեկավարած Միկրոմոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլար հատկացրեց, թե գնացեք, քովիդի ախտորոշման հայկական թեստեր սարքեք։ Մասնագետները թերահավատորեն վերաբերվեցին այս նախաձեռնությանը։ Հասկանալի չէր, թե ինչու պետք է հայկական թեստեր արտադրվեն, այն դեպքում, երբ աշխարհը լցված էր էժան թեստ արտադրողներով, իսկ շուկան՝ մատչելի առաջարկներով։ Ի՞նչ եղավ հետո հայկական թեստերի հետ, հայտնի չէ։ 

ՀԳ․ Անցյալի ստվերների հետեւից վազելով՝ կորցնում ենք արժանապատիվ ներկա ունենալու շանսը։ Պողոս Պողոսյանի գործ ենք բացում՝ մոռանալով, որ երկրի այսօրվա ղեկավարի էսկորտը հղի կին է վրաերթի ենթարկել՝ մահացու ելքով։ Բացելով «Սիլ պլազայի» գործը՝ մոռանում ենք, որ Սուքիասյանը ոչ թե «Սիլ պլազայի» նման շենք է գնել՝ 6 հազար դոլարով, այլ խարխուլ շինություն, որի պատերի տակ անցորդները կարիքներն էին հոգում, հետագայում մոտ 5-6 մլն դոլարի ներդրում է արել, այն էլ՝ այն տարիներին։ Իհարկե, կարելի է անվերջ փորել անցյալը, տեղում դոփելով, թշնամանքի ու ատելության նոր ծովեր գեներացնելով, բայց ո՞ւր ենք այդպես հասնելու։