«Հրապարակ». Ընդդիմության՝ խորհրդարան վերադարձն ինձ ուրախացնում է

«Հրապարակ». Ընդդիմության՝ խորհրդարան վերադարձն ինձ ուրախացնում է

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ

- Պարոն Ասլանյան, տեղեկություններ կան, որ ընդդիմությունը մտադիր է տեւական դադարից հետո վերադառնալ խորհրդարան: Ճիշտ է՝ անցած նիստերի քվեարկություններին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն արդեն ներկա էին, բայց «Հայաստան» դաշինքից եւս հայտարարություններ են հնչում՝ առաջիկայում նիստերին մասնակցության վերաբերյալ: Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Ձեր գործընկերներին եւ ինչպե՞ս կգնահատեք այդ քայլը:

- Նախեւառաջ խորհրդարանական աշխատանքն իրենց գործն է եւ իրենց պարտականությունն է: Ես դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ ընդդիմությունը ելքեր ու ճանապարհ է փնտրում՝ խորհրդարան վերադառնալու համար, որ նորից հաստատվի իր տեղում: Ասեմ, որ ընդդիմության՝ խորհրդարան վերադարձն ինձ ուրախացնում է, խոսքն անձամբ իմ մասին է եւ ինձ պես մտածողների:

- Ինչո՞ւ:

- Որովհետեւ դա նշանակում է, որ նրանք վերջապես հասկացել են, որ խորհրդարանը խորհրդարանական երկրի այն տեղն է, որտեղ որոշվում են երկրի այսօրն ու վաղը:
Եվ բնական է, որ նրանց ներկայությունը ոչ միայն որեւէ բացասական բան չի բերի, ես կարծում եմ, որ հակառակը՝ շատ ավելի դրական կլինի: Որովհետեւ ե՛ւ փիլիսոփայորեն, ե՛ւ ֆիզիկայի օրենքով՝ շարժումը տեղի է ունենում, երբ ֆիզիկայի մեջ կա ազդեցություն եւ հակազդեցություն, իսկ ֆիզիկայում դա բնութագրվում է որպես հակադրությունների պայքարի միասնություն, իսկ եթե չկա այդ միասնությունը, ապա մենք տեղից դժվար կշարժվենք, եթե չկա հակազդեցություն, էլի դժվար կշարժվենք: Ոչ մեկի մտքով թող չանցնի, որ ՔՊ-ն չի ուզում, որ իրենք վերադառնան:

- Դե, նայած ինչի համար են ուզում, օրինակ, Ձեր թիմակիցներն ակնարկային հայտարարություններ են անում, թե հետ եկեք` տեսեք ինչ ենք անելու, ձեր նախկին հայտարարությունները քթներիցդ բերելու ենք, կամ չարախնդում են՝ խելոք-խելոք կվերադառնաք եւ այլն: Ո՞րն է ՔՊ-ի իրական մոտիվացիան:

- Սրանք շատ սովորական մարդկային հոգեբանության դրսեւորումներ են: Սա կապ չունի շատ լուրջ խնդիրների հետ: Ի վերջո, չմոռանանք՝ երբ գալիս է պետության եւ պետականության համար լուրջ խնդիրների ժամանակը, սրանք դառնում են մանրուքներ: Ես նորից եմ շեշտում, որ ուրախ եմ իրենց վերադարձով, գուցե ինչ-որ հարցեր քննարկելիս մենք չենք մոտեցել ճշմարտությանը, իրենք թող մոտեցնեն, թող փորձեն հակազդել, ստիպեն, որ մենք ավելի խորը մտածենք, որովհետեւ միայն այդ դեպքում է առաջընթացն ապահովվում:

- Այսինքն՝ ընդունում եք, որ ամիսներ շարունակ միայնակ մնալով՝ խորհրդարանում այդ կառույցն անգործության էիք մատնել:

- Մի մանիպուլացրեք՝ ոչ: Խորհրդարանն աշխատել է շատ արդյունավետ, ուղղակի իմ ասածը վերաբերում է նրան, որ հասարակության ստվար մասը, որը ձայն է տվել, որ իր մարդիկ լինեն խորհրդարանում… ինչի՞ եք, ախր, մանիպուլացնում, մեզնից յուրաքանչյուրը լավ էլ գիտի, որ եթե հակազդեցություն չկա, ինքը քիչ թե շատ թուլանում է: Բայց դա այլ բան է, անգործությունը` այլ: Մենք անգամ իրենց բացակայության ժամանակ քանի-քանի ծրագրեր չենք ընդունել, հետ ենք ուղարկել, մենք աշխատել ենք նորմալ:  

- Բայց 20 նախագիծը մի քանի ժամում ափալ-թափալ քննարկում եք ու օրակարգն ավարտում, դա նորմա՞լ է:

- Բայց Դուք չգիտե՞ք, որ մինչեւ օրակարգ մտնելն այդ նախագծերը հանձնաժողովներում են քննարկվում:

- Միշտ էլ այդպես է եղել, բայց օրակարգը ձգվում էր քանի օր:

- Այո, ձգվում էր, որովհետեւ ընդդիմությունը փոխանակ գնար պետականամետության, երկրին օգնելու ճանապարհով, նպատակ էր դրել խառնել, խառնակչություն ստեղծել, ես զարմանում էի, որ օրակարգը դեռ չքննարկած, սկսում էին՝ վարման կարգով, վարման կարգով, եւ գնում էր 20, 30, 40 րոպե: Նույնը իրենք ձգձգեցին, որ երբ սեպտեմբերի 13-ի կապակցությամբ ԱԺ-ն պետք է շուտ հայտարարություն աներ, իրենց ոչ կառուցողական պահվածքի պատճառով ժամը 3-ին մոտ նոր հասցրինք անել, երբ արդեն բանը բանից անցել էր:

- Այսինքն՝ դուք ուզում եք, որ ընդդիմությունը վերադառնա, բայց քննադատական ելույթներ չունենա:

- Ոչ թե վատ, այլ՝ նպատակաուղղված, չառաջնորդվեն միայն իրենց անձնական նպատակներով ու շահերով, գան եւ իմ դեմը կանգնեն ասեն՝ պարոն Ասլանյան, Դուք այս բանը սխալ եք ասում, ես էլ նայեմ ասեմ` եթե ճիշտ են, շնորհակալություն հայտնեմ, ոչ թե դեռ բառ չասած` սկսում են:

- Դուք երեւի մոռացել եք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, ով ժամանակին իշխանություններին ինչ ասես ասում էր: Հիմա ինչո՞ւ չեք հանդուրժում ընդդիմության քննադատությունները:

- Որովհետեւ դրանք քննադատություն չեն, դա աղերս չունի քննադատության հետ: Զարմանալի է, երբ գալիս նստում են, մենք օրենք ենք ընդունում օդի աղտոտության դեմ պայքարի, իրենք դեմ են քննարկում, էդ մարդիկ դեմ են, ուզում են, որ օդն աղտոտված լինի, որ մենք հիվանդանանք, կամ այլ օրենքներ:

- Իրենք ձեր մոտեցումներին են դեմ, որ հետպատերազմական ժամանակներում խորհրդարանում, այսպես ասած, թիթեռ չնկարեք:

- Կյանքը մանրուք չէ, բայց մանրուքներից է բաղկացած, եւ եթե մենք մանրուքները չենք ընդունում, չենք կարող հասկանալ իրական կյանքը: Պետության մեջ ոչ մի հարց մանրուք չէ: Իրենք պարզապես իրենց շահերից են առաջնորդվում: Երեկ էլ էին շարունակում պնդել, թե մեզ իշխանություն է պետք, այդ աթոռի միջոցով իրենք կարող են իրենց ուզածն անել: Սիրելիներս, այդ աթոռը մենք չենք զավթել, այդ աթոռը մեզ տվել է ժողովուրդը, բարի եղեք՝ սուսուփուս աշխատեք, որպեսզի ժողովրդին ապացուցեք, որ դուք ավելի լավն եք, 3 տարի դեռ ունեք, աշխատեք, որ ժողովուրդն ասի` սրանք ավելի լավն են, ձայն տանք սրանց: