Մնացել է երկու ստորակետ՝ մինչև պատերազմը

Մնացել է երկու ստորակետ՝ մինչև պատերազմը

Հայաստանի վարչապետի մայիսի 22-ի ասուլիսից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլմետր տարածքի մեջ ներառված է նաև Լեռնային Ղարաբաղը, Արցախում համատարած ալեկոծում ու տագնապ սկսվեց։ 

«Էն ա՝ մարդն ասեց պարզ։ Հիմա էսքան կռվելուց, էսքան զոհերից, էսքան տանջանքից հետո ի՞նչ իմաստ ունի մնալը, ռադներս քաշենք, գնանք», - մեզ հետ զրույցում ասաց Մարտակերտի մի բնակիչ, որի հետ առցանց դիտում էինք Արցախի ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ երեկ երեկոյան 23:00-ին գումարված արտահերթ նիստը։ 

Արցախցի պատգամավորները, որոնք ավելի քան երբևէ միահամուռ էին, խոսում էին այն մասին, որ հայ ժողովուրդն իրավունք ունի կապիտուլյանտին հետ պահելու Արցախը հանձնելուց /ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյան/, որ վարչապետը զրոյացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը, որ չի կարող արցախցիների իրավունքների հարցը քննարկվել Բաքվի հետ /ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան/, որ Արցախի սահմանները արյունով են գծված և արյան հիշողությունն անջնջելի է /Մետաքսե Հակոբյան/։  Նրանք պահանջում էին արցախցիներից հակազդել հայաստանյան իշխանությունների գործողություններին, իսկ սեփական կառավարությունից՝ ջուր չլցնել Նիկոլի ջրաղացին։ 

Արցախի խորհրդարանականները հայտարարություն ընդունեցին, որում ասվում է․ «Նիկոլ Փաշինյանը․․․կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության  Անկախության հռչակագրի  և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես,  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ  «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
Այսօր օրվա երկրորդ կեսից արցախցիները սպասում էին նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձին։ Անոնսում հատնել էին, որ նախագահը խոսելու է ներքին և արտաքին մարտահրավերների մասին։ Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է, որ չի սպասում Արցախի նախագահից կոշտ ու դիպուկ հայտարարություններ։ «Նա ներքին ու արտաքին մարտահրավերների մասին ուղերձ է հղելու, այսինքն՝ ներքինը քննարկել է քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելով ու բերելու է, լղոզելու է, որ հստակ հասկացվածություն չլինի։ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը միասին են, միշտ ասել եմ», - նշում  է պատգամավորը։  Նա համարում է, որ Արցախի խորհրդարանականներն արտահերթ նիստով հստակ մեսիջ ուղարկեցին Նիկոլ Փաշինյանին առ այն, որ ինչ էլ նա ստորագրի, այդ փաստաթուղթը լեգիտիմություն չի ունենալու։ «Նման փաստաթուղթ ստորագրելը լինելու է սահմանադրական կարգի տապալում Նիկոլ Փաշինյանի  կողմից, քանի որ նա Անկախության հռչակագրին ու Սահմանադրությանը հակասող փաստաթուղթ է ստորագրում։ Այսինքն՝ դա լինելու է հակասահմանադրական փաստաթուղթ։ Ինքը այդ պատճառով էլ ձգձգում է ստորագրումը։ Եթե բանը մնար Նիկոլին, նա վաղուց էր ստորագրել, բայց նա գիտի, որ չի կարողանալու դա մարսել»։ 

Արցախցի պատգամավորները արտահայտվեցին, բայց նրանց հայտարարություններում չկան բանաձևեր, ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։ Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը կարծում է, որ այս պահին նախ և առաջ պետք է ունենալ Արցախի հարցում ողջ հայության միասնական տեսլականը։ «Պետք է ընդհանուր մոտեցում լինի, իսկ դրա համար պետք է ճշտենք, ինչ է ուզում Հայաստանի Հանրապետությունը՝ իշխանությունը, որպես այդպիսին, և հանրությունը, բայց այդ կարծիքը պետք է լինի ոչ թե մոտեցումների ու «եթե» ների տեսքով, այլ շատ հստակ, կարճ ու կոնկրետ՝ ստորագրած, փաստաթղթավորված, ԱԺ կողմից բաց քվեարկությամբ վավերացված, որպեսզի տեսնենք հերոսներին։ Հետո պատմությունը նրանց չակերտների մեջ կդնի, թե չէ, դա այլ հարց է, բայց հիմա պետք է տեսնենք, ովքեր են պատրաստ հանձնել Ղարաբաղը, ովքեր՝ պայքարել դրա համար։ Որ որևէ մեկը հետո չասի՝ ես այդպես չեմ ասել, դուք սխալ եք հասկացել։ 

-Այլ կերպ ասած՝ առաջարկում եք հանրաքվե անցկացնել և ԱԺ քվեարկությո՞ւն Արցախի հարցով։

-Այո։ Մի գուցե՝ ժողովուրդը փոխել է իր ԴՆԹ-ն, և այլ ազգ ունենք հիմա, գուցե, էլ Արարատը կարևոր չէ, էլ Արցախն ու Եղեռնը կարևոր չեն։ Տեսնենք, էլի։ Սա շատ կարևոր է ապագայի համար։ 

-Հիմա Արայիկ Հարությունյանից կախվա՞ծ է ինչ որ բան։ 

-Յուրաքանչյուր արցախցուց կախված է։ Պետք է լինի ներքաղաքական կայունություն։ Վերջ պետք է դրվի ներքաղաքական խաղերին, փիառվելուն։ 

- Երեկվա նիստով երևաց, որ ԱԺ-ն միասնական է, այսօր Արցախի նախագահը կխոսի, ՀՀ իշխանության դիրքն արդեն գիտեք։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ կարող է պետք լինի պատերազմով լուծել հարցը, թե՞ դեռ տեղ ունենք քայլելու։   

-  Ամեն ինչ կախված է մի շարք հանգամանքներից։ Առաջինը՝ հայության դիրքորոշումից։ Եթե վաղը ՀՀ-ն հրաժարվի Արցախից, մի՞թե դուք կարծում եք, որ Ադրբեջանը վարանելու է հարցը կարգավորել ուժային տարբերակով, մանավանդ, որ ունի այդ ամենի լեգիտիմացում։ Իհարկե, ոչ։ Դրա համար եմ ասում՝ պետք է ունենանք Հայաստանի, այնուհետև Ռուսաստանի և ԱՄՆ կարծիքը։ Եվրոպան իրենն  ասել է, Ադրբեջանը ասել է, Հայաստանը կարծես թե ասեց, մեկ- երկու ստորակետ է մնացել, ու պետք է հստակ իմանանք, որ որոշ մասսաներ հետո չվնգստան ու չհաչան Արցախի դեմ ու չասեն՝ դուք եք մեղավոր։ Անուն առ անուն պետք է  իմանանք։