Հայի ճակատագիր

Հայի ճակատագիր

Մինչեւ 2018-ն անպտուղ ու անվերջանալի բանակցություններին էինք հետեւում, հիմա՝ եռակողմ անպտուղ հանդիպումներին։ Տասնամյակներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ՀՀ նախագահները մեկնում էին աշխարհի տարբեր կետեր՝ Ադրբեջանի նախագահի հետ բանակցելու, եւ մենք սրտատրոփ սպասում էինք այդ հանդիպումների արդյունքներին, հիմա նույնքան սրտատրոփ հետեւում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մեկնում աշխարհի տարբեր կետեր՝ Իլհամ Ալիեւի ու Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու եւ ինչ-որ համաձայնության հասնելու։ Իհարկե, այս գործընթացների միջեւ մեծ տարբերություն կա՝ առաջ մենք հաղթողի դիրքերից էինք խոսում եւ քննարկում էինք՝ Արցախը հենց առաջին փուլո՞ւմ անկախություն ստանա, թե՞ տարիներ անց՝ հաջորդ փուլերում։

Վիճում էինք, թե Արցախի կարգավիճակը որոշելու համար ձեռնարկվող հանրաքվեն երբ եւ ինչ սկզբունքով պետք է իրականացվի։ Քննարկում էինք մեր տիրապետության տակ գտնվող ադրբեջանական տարածքները հանձնել-չհանձնելու, նաեւ՝ ինչի դիմաց հանձնելու հարցը։ Իսկ հիմա խաղաղություն ենք մուրում եւ խնդրում ենք, որ ադրբեջանցիները մեզ պատկանող ճանապարհներով դեպի Նախիջեւան եւ Թուրքիա երթեւեկելիս մեր իսկ սուվերեն տարածքը թողնեն մնա մեր տնօրինության տակ, մեր զորքերի ու սահմանապահների հսկողության ներքո։ Առաջ Արցախն իսկապես Հայաստան էր, հիմա ոչ մի նշանակալի հայ պաշտոնյա այլեւս Արցախ չի մեկնում։ Հակառակը՝ տարբեր ամբիոններից խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իրենց պատրաստակամության մասին, ինչ-որ մոռացված ու նավթալինոտ համաձայնագրեր ու ակտեր են վեր հանում, որպեսզի համոզեն մեզ, որ Արցախը շանս չուներ Ադրբեջանի կազմում չլինելու, իսկ մեր հողերի մի մասի զավթումը թշնամու կողմից միանգամայն օրինական է։