«Հրապարակ»․ Առաջ ՔՊ-ն հեռահար գաղափարներ իրականացնելու ցանկություն ուներ, հիմա՝ հակահայ ծրագրեր

«Հրապարակ»․ Առաջ ՔՊ-ն հեռահար գաղափարներ իրականացնելու ցանկություն ուներ, հիմա՝ հակահայ ծրագրեր

Հարցազրույց ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ

- Հոկտեմբերի 29-ին ՔՊ կուսակցության 6-րդ համագումարն էր,  նոր վարչություն ընտրվեց: Ոմանք զարմացան, որ վարչապետն ընտրվեց նախագահ: Որպես նախկին պատգամավոր՝ ի՞նչ եք կարծում, սա ի՞նչ որոշում է, եւ ի՞նչ կարծիքի եք վարչության նոր կազմի մասին:

- Իրականում այս ամենն ինձ համար նորություն չէ: Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ էլ ինքն է վարչության նախագահը եղել, պարզապես` ստվերային: Նա երբեք էլ ոչ մեկին չի վստահել, բացի իր նեղ թիմից, իսկ ահա նեղ թիմն էլ վարչապետի հետ այժմ տարաձայնություններ ունի: Զարմանալի էր Սասուն Միքայելյանի հայտնվելը, որը տարաձայնությունների արդյունքում մի պահ հեռացել էր Փաշինյանից:

- Իշխանության սորոսական թեւից որեւէ մեկը չընդգրկվեց վարչության նոր կազմում:

- Գուցե հասարակության կարծիքն առ սորոսականներ վերածվել է ճնշման, եւ հասարակության աչքին թոզ փչելու համար են նման որոշում ընդունել: Սասունին հետ բերելը եւս մարդկանց աչքին թոզ փչելու համար է: Ինչ մնում է «սորոսական» ասվածին, իսկ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու Ռուբեն Ռուբինյանը սորոսական չեն: Ի՞նչ ասել է սորոսական թեւ, եթե նրանց գաղափարը նույնն է:

- 2018-ից մինչեւ մեր օրերը ի՞նչ է փոխվել ՔՊ կուսակցության կյանքում:

- Եթե անկեղծ լինեմ, նրանց գործողություններում գրեթե ոչինչ չի փոխվել, փոխվել են ընկալումները: Եթե նախկինում ասում էինք՝ անփորձ են, էս են, էն են, հիմա ասում ենք, որ դա ոչ մի կապ չունի, նրանք անկաշկանդ գործում են այնպես, ինչպես ցանկանում են: Անցյալում կար հեռահար գաղափարներ իրականացնելու ցանկություն, հիմա կա հակահայ ծրագրեր իրականացնելու անկաշկանդ պրակտիկա….

- Փաշինյանը երեկ Սոչիում էր, այսօր՝ Իրանում, եւ ոչ մի խոսք Արցախի մասին: Այս հանդիպումներն ինչի՞ մասին են:

- Ըստ էության, այն թեզն է ամրապնդվում, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցից դուրս է գալիս՝ Արցախի ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին: Եթե ի սկզբանե նա չխառնվեր Արցախի հարցին, գուցե Արցախն այսօր այլ ճակատագիր ունենար: Եթե պետք է ամեն ինչ տաներ այս ուղղությամբ եւ նոր միայն հրաժարվեր Արցախից, էլ ո՞րն էր այս ամենի նպատակը: Եթե այսօր Արցախին հասցրել է այս վիճակին ու հրաժարվում է ամեն ինչից, ապա ճիշտ կլիներ, որ ի սկզբանե այդ մասին բարձրաձայներ, որպեսզի Արցախն իր անելիքներն իմանար: Ես այժմ Արցախում եմ:

- Ի՞նչ եք անում Արցախում:

- Շատ հաճախ եմ գալիս Արցախ: Ավելի կոնկրետ՝ հիմնականում Արցախում եմ հիմա լինում, իրականացնում եմ տարբեր սոցիալական ծրագրեր:

- Արցախի հանրահավաքին մասնակցեցի՞ք: 

- Այո, իհարկե: Բոլորի հետ միասին ես եւս մասնակցեցի: Շատ կարեւոր մի բան նկատեցի՝ մարդիկ խոսում էին միասնականության եւ դրա կարեւորության մասին: Հայաստանում թերեւս լուրջ հակաարցախյան քարոզ է տարվում, սակայն Արցախում հակահայաստանյան քարոզի մասին խոսք անգամ չկա: Ոչ մի նման վերաբերմունք ես չեմ նկատել: Մարդիկ խոսում են միայն միասնության մասին:

- Հայաստանում ժամ առ ժամ աճում են հակառուսական տրամադրությունները, իսկ Արցախի ու արցախցու վերջին հույսը, կարծես, Ռուսաստանն է: Հայաստանն ու Արցախը չե՞ն հայտնվի հակադրության մեջ:

- Արցախցիների հույսը Ռուսաստանը չէ: Արցախցիներին ստիպում են, որ իրենց վերջին հույսը լինի Ռուսաստանը, սակայն նրանց վերջին հույսը հենց իրենք են: Արցախում Ռուսաստանի ներկայությունն ապահովվել է Հայաստանի վարած քաղաքականության արդյունքում: Այնպես չէ, որ ռուսները երկնքից են իջել: Նիկոլ Փաշինյանն է ստորագրել եւ ռուսին բերել, մտցրել Արցախ: Սա արհեստական ատելություն է, որը գեներացնում է հենց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ասի՝ արցախցիները չցանկացան, որ Հայաստանը մասնակցի բանակցային գործընթացներին: Սա իր հերթական մանիպուլյացիան է: Տարվում է սարսափելի հակաարցախյան քարոզչություն: Այդ տականքագույն մտածողություն ունեցողներն էլ հեշտությամբ տարածում են դա ու ապրում դրանով: Մենք տեսանք, թե Արցախի չլինելու արդյունքում ինչ եղավ նույն Սյունիքի եւ Ջերմուկի հետ, իսկ վաղը հայտնի չէ, թե այլ մարզերում ինչ կլինի: Երազում էին, թե երբ են ձերբազատվելու Արցախից, դե՝ ազատվեցին, թող «վայելեն»: