«Հրապարակ»․ Վստահ եմ, որ կաթողիկոսին հեռախոսազանգի միջոցով են հրավիրել գագաթնաժողովին
Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք համաժողովը, որը նոր անվանում ունի` Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Պարզվում է՝ այս տարվա գագաթնաժողովի ոչ միայն անվանումն էր նորություն, այլեւ նպատակն ու ընթացքն էին տարբերվում: Թեպետ սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ասում է, թե սփյուռքի հայտնի գործիչներին անհատապես հրավերներ են ուղարկել, սակայն տպավորություն է, թե սա ոչ թե սփյուռքի համաժողով էր, այլ՝ ՔՊ-ի համակիրների հավաք: Անցյալում, երբ Հայաստանն ուներ սփյուռքի նախարարություն, ինչպե՞ս են համախմբել սփյուռքը, կազմակերպել դրամահավաքներ, համազգային համատեղ միջոցառումներ անցկացրել։ Ի՞նչ է փոխվել այժմ։ Զրուցել ենք ծագումով սփյուռքահայ, «Ազգ» շաբաթաթերթի երկարամյա խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ:
- Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Դուք մասնակցո՞ւմ էիք, հրավեր ստացե՞լ էիք:
- Չեմ ստացել ոչ մի հրավեր, եթե ստանայի էլ, չէի գնա:
- Ինչո՞ւ:
- Այս անգամ, եթե նկատեցիք, հրավիրվածները հիմնականում անհատներ էին, սա եւս նշանակում է թռչել ավանդական բոլոր կառույցների վրայով, առաջին հերթին` եկեղեցու: Եկեղեցու հոգեւոր մասը եթե թողնենք մի կողմ, ապա այն Հայաստանի մեծագույն կառույցն է: Եկեղեցին է, որ համայնքներ է իր շուրջը կառուցում: Սրանք միասնականության մեխանիզմներին, կարծես թե, դեմ են: Եկեղեցին է առաջին կարեւոր եւ ավանդական կառույցը: Կարեւոր են նաեւ հին ու ավանդական կուսակցությունները՝ ռամկավարները, հնչակյանները, դաշնակցականները եւ այլն: Սա անբարվոք վիճակի մասին է փաստում: Բոլոր հրավիրվածներն անխտիր անհատներ էին: Երբ անհատներին ես հրավիրում, նշանակում է` դու պառակտում ես, պառակտում այն կուսակցություններին, որոնք իրենց շուրջն են համախմբում մի ողջ սփյուռք: Սա խիստ վտանգավոր երեւույթ է: Ասեմ, որ նախկինում էլ նման երեւույթներ կային, երբ մասնավոր անձեր էին հրավիրվում գագաթնաժողովին, մարդիկ, որոնք ունեին փող:
- Զարեհ Սինանյանն ասաց, որ անհատական հրավերներ են ուղարկել, այդ թվում` եկեղեցուն: Եկեղեցին մերժել է հրավերը: Ըստ Ձեզ` ինչո՞ւ:
- Եկեղեցին մերժել է, որովհետեւ չի եղել պատշաճ հրավեր: Վստահ եմ, որ կաթողիկոսին հեռախոսազանգի միջոցով են միայն հրավիրել գագաթնաժողովին: Սա է ամբողջ խնդիրը:
- Նախկինում ինչպե՞ս էր հաջողվում նման հավաքները պատշաճ մակարդակով կազմակերպել: Տպավորություն է, թե Զարեհ Սինանյանն այս հարցում եւս անկարող է:
- Անշուշտ, անկարող է: Եկեք փաստենք նաեւ, որ նախկինում եղել են շատ կարեւոր կառույցներ` «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի հիմնադիրները պետության ղեկավարներն էին ու եկեղեցին, կուսակցություններ, որոնք մեծ ազդեցություն եւ ներդրում են ունեցել, ու այսպես երկար կարելի է թվել անուններ, որոնք այժմ չկան: Այսօր կարեւոր նշանակություն ունեցող բոլոր կառույցները ստացել են երկրորդական դերակատարում: Սա շատ վտանգավոր, սարսափելի վտանգավոր իրավիճակ է:
Կարծիքներ