Չարենցավանի ոստիկանապետի հրահանգով բերման ենթարկեցին Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիներին  (տեսանյութ)

Չարենցավանի ոստիկանապետի հրահանգով բերման ենթարկեցին Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիներին  (տեսանյութ)

Այս պահին լարված իրավիճակ է Երևան-Սևան մայրուղում։ Բազմաթիվ քաղաքացիներ, հիմնականում՝ Չարենցավան քաղաքի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ անհնազանդության ակցիա են իրականացնում Երևան-Սևան մայրուղում՝ փակելով մայրուղին։ Այդպիսով նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության դեմ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Սակայն Չարենցավանի ոստիկանությունը կոշտ միջամտություն է ցուցաբերում ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ պահանջելով բացել ճանապարհը։ Ակցիայի կազմակերպիչներից ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Օհանյանն ասաց, որ սա իրենց խաղաղ բողոքի ակցիան է մեր արժանապատվության, մեր ինքնասիրության համար և ընդդեմ երկրում տիրող դավաճանական քայլերի, ուստի իրենք այս քայլով դրանով պահանջում են վարչապետի հրաժարականը, քանզի նրա՝ մեկ րոպե ավել մնալը վնաս է մեր երկրին ու հայրենիքին։ Բայց ոստիկանները պնդում էին, որ պետք է բացել ճանապարհը։

Դրա համար նրանք երեք րոպե «ողջամիտ» ժամանակ տվեցին ակցիայի մասնակիցներին՝ բացելու մայրուղին։ Հովհաննես Օհանյանն էլ ասաց, որ իրենց իրավունքն է՝ ակցիա անել, ճանապարհը ժամանակավոր են փակել, չեն կարող այս պահին բացել, ակցիան կավարտվի՝ կբացեն։

Նշենք, որ «բերման ենթարկելու» օպերացիան ղեկավարում էր ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Էդուարդ Սիրականյանը՝ ոստիկանության մեկ այլ պաշտոնյանի հետ, ում անունն ու պաշտոնը չկարողացանք ֆիքսել։ Սիրականյանը պարբերաբար պնդում էր, թե խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը՝ պատճառաբանելով, թե «հազար մարդ հազար խնդիր ունի» ու մոռանալով, որ ակցիա անելը ևս քաղաքացիենրի սահմանադրական իրավունքն է, և որ 2018-ին էլ հենց այս ճանապարհով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, և իրենք՝ ոստիկանները, չէին ընդդիմանում դրան, թողնում էին, որ Փաշինյանն ու իր թիմը օրերով հանրապետության փողոցները փակած պահին, պարալիզացնեին երթևեկությունը։ Այսօր նրանք դեմ են գնում այդ սկզբուքններին ու արժեքներին՝ թույլ չտալով, որ քաղաքացիներն իրենց խաղաղ անհնազանդության ակցիան իրականացնեն։

Ի դեպ, ոստիկանները չէին ցանկանում բերման ենթարկել Հովհաննես Օհանյանին և մյուսներին, կանգնել տեղից չէին շարժվում, ու դա տեսնելով՝ ոստիկանության մյուս պաշտոնյան, ով շատ ագրեսիվ էր իրեն պահում, բղավեց իր ենթակաների վրա․ «Ասում եմ՝ բերմա՛ն եք ենթարկում»։ Դրանից հետո նոր շարքային ոստիկանները կատարեցին հրահանգը։

Մանրամասները՝ տեսանյութում