Ստոր եւ ցածր բնազդների գերի

Ստոր եւ ցածր բնազդների գերի

Այս նյութն անգրագետ պողոսների կամ անուղեղ բիոզանգվածի համար չէ, դրանք կարող են այն բաց թողնել: Եվ այսպես․ իմ կողմից հարգված բազմաթիվ մարդիկ չեն ընդունում 2018-ի ապրիլյան իրադարձությունների հեղափոխական բնույթը՝ անվանելով այն հեղաշրջում, ուղղակի իշխանափոխություն եւ՝ կամ ավելի կոնկրետ՝ էլիտաների իշխանափոխություն: Հիմնվելով մարքսյան տեսության վրա՝ նրանք կարծում են, որ հեղափոխությունն այն իշխանափոխությունն է, որի դեպքում վերափոխվում է հասարակության քաղաքատնտեսական բազիսը՝ կապիտալիզմը փոխարինվում է կոմունիզմով (որպես միջանկյալ օղակ՝ սոցիալիզմով): Բայց դա կարող է ընդունելի լինել (հասարակագիտության մեջ «ճիշտ» ու «սխալ» եզրույթներն ընդունելի չեն), եթե հանրությունն իր ամբողջության մեջ ընդունել է մարքսյան տեսությունը: Իսկ եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ պիտի ընդունելի լինի այդ տեսությունից որեւէ դրույթ՝ ընդունում ես ամբողջը (ինչպես Աստվածաշնչի դեպքում է), կամ, որպես բացարձակ ճշմարտություն, չես ընդունում որեւէ դրույթ:

Իսկ ինչո՞ւ եմ, այնուամենայնիվ, կարծում, որ 2018-ի ապրիլին տեղի ունեցածը հեղափոխություն էր եւ ոչ թե հեղաշրջում, ուղղակի իշխանափոխություն եւ կամ էլ էլիտաների իշխանափոխություն: Հեղաշրջում չէր, քանի որ Նիկոլն իշխանության եկավ երկշաբաթյա անհնազանդության փողոցային ակցիաների միջոցով, իսկ հեղաշրջումը դավադիր միջոցառում է, ինչը կատարվում է թաքուն, արագ եւ ռազմական ուժի միջոցով: Այն նաեւ ուղղակի կամ էլիտաների իշխանափոխություն չէր, քանի որ կառավարող մի էլիտան չփոխարինվեց թեեւ չկառավարող, բայց այդ պահին գոյություն ունեցող մեկ այլ էլիտայով: Ո՞վ էր Նիկոլի շրջապատի էլիտան՝ ինչ-որ Արո, Ալեն, Լենա, Մակունց կամ էլ բազմապիսի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ. դրանք ո՞ր օրվա էլիտան էին, ո՞վ էր դրանց ճանաչում՝ իրենց նեղ շրջապատից բացի: Ի՞նչ մեծ, հասարակական հնչեղություն ստացած գործունեություն էին ծավալել դրանք, որպեսզի ճանաչված եւ ընդունված լինեին հասարակության կողմից: Ոչ մի, բացարձակ ոչ մի, եւ դա գիտեմ ներսից՝ որպես այդ հասարակական կազմակերպություններից մեկի եւ դրա աշխատակազմի անդամ (արդեն նախկին):

Իսկ ի՞նչ էլիտա էր ինքը՝ Նիկոլը՝ դեղին մամուլի ներկայացուցիչ թերթի (որով, ի դեպ, սկսվում էր իմ օրը 15 տարի շարունակ, եւ որին ես վստահում էի, որովհետեւ ընդդիմադիր էի, ու որովհետեւ գործող իշխանությունն այնպիսին էր, որ յուրաքանչյուր նորմալ եւ մտածող անձ, եթե ցանկանում էր պահպանել իր սկզբունքները, կա՛մ դառնում էր ընդդիմադիր եւ/կա՛մ լքում էր երկիրը) գլխավոր խմբագիրը: Եվ պետք է տարիներ անցնեին, որպեսզի պարզվեր, թե ինչպիսի գործունեություն էր ծավալում այդ թերթը, ինչպես էր ինֆորմացիա «սարքում» (այո, հենց այդպես՝ սարքում. վկա՝ Միքայել Մինասյանի նոր ծնված երեխայի թանկարժեք քարերով ծծակի վերաբերյալ նյութը) եւ մատուցում դա իր ընթերցողներին: Ինչեւէ, 2018-ի գարնանը Հայաստանում գոյություն չուներ այլընտրանքային էլիտա, որպեսզի տեղի ունենար իշխանության փոխանցում կամ փոխանակում էլիտաների միջեւ: Դա՝ մեկ: Եվ երկրորդ․ այդ հեղափոխությունը հանրության ստորին շերտերից դեպի իշխանության վերին շերտեր բարձրացրեց մարդկային ցածր որակները, ինչը հենց հեղափոխության ամենացայտուն բնորոշիչներից մեկն է: Մարդկային ամեն բարձր եւ վսեմ զգացմունքներն իրենց տեղը զիջեցին ստոր եւ ցածր բնազդներին, ու այդ երեւույթը սոցիալական ցանցերի միջոցով դարձավ պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս: Եվ հասարակությունը կամ դրա զգալի մասը (համենայնդեպս, մինչեւ խայտառակ կապիտուլյացիան) դարձավ այդ ստոր եւ ցածր բնազդների գերին:

Ի դեպ, հենց նույնանման երեւույթ տեղի ունեցավ 1917-ի հոկտեմբերին բոլշեւիկյան ռազմական հեղաշրջումից հետո․ հասարակության իրական էլիտան՝ կրթված ազնվականությունը եւ հոգեւորականությունը, կա՛մ ոչնչացվեց եւ/կա՛մ հեռացվեց Ռուսաստանից՝ տեղը զիջելով հասարակության միջին եւ ստորին շերտերի ներկայացուցիչներին, ինչը բազմաթիվ տասնամյակներ իր բացասական ազդեցությունն էր թողնում այդ երկրի վրա, որը մի ժամանակ նաեւ մեր հայրենիքն էր:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ