Հնարավո՞ր է չճանաչել Արցախի անկախությունը, բայց աջակցել նրան․ հետեւություններ՝ Սենատի լսումներից

Հնարավո՞ր է չճանաչել Արցախի անկախությունը, բայց աջակցել նրան․ հետեւություններ՝ Սենատի լսումներից

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացան «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներ, որին հրավիրվել էր նաեւ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի ԺՊ Յուրի Քիմը։ Վերջինիս ու սենատոր Բոբ Մենենդեսի հարցուպատասխանից պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն լրջորեն մտադիր է կանգնել Արցախի ու Հայաստանի կողքին՝ դատապարտելով Բաքվի ցանկացած ոտնձգություն։ Ի՞նչ սպասել ԱՄՆ-ից առաջիկայում ԼՂ հարցի կարգավորման համատեքստում, որքանո՞վ կիրականանան Վաշինգտոնի հավաստիացումները՝ հատկապես Արցախում եւ ՀՀ-ում նոր էսկալացիայի սպառնալիքի պայմաններում։ Մեր զրուցակիցն ամերիկահայ հասարակական գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանն է։

- Սենատում կայացան ԼՂ ճգնաժամի հարցով լսումներ․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը, ներկայացնելով Վաշինգտոնի դիրքորոշումն ու առաջնայնությունները, 3 ուղերձ փոխանցեց․ ա) Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, բ) ԱՄՆ-ն չի հանդուրժի Արցախի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ռազմական հարձակման որեւէ փորձ, գ) Վաշինգտոնը պետք է մեծացնի Հայաստանին տրվող աջակցությունը, այդ թվում՝ ռազմական։ Ի՞նչ հասկանալ եւ ի՞նչ կոնկրետ քայլեր ակնկալել սրանից։

-  Անշուշտ, միշտ էլ պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ցանկացած պետության՝ հանրայնորեն ներկայացված դիրքորոշումներից այն կողմ կա նաեւ քաղաքականություն, որի մասին չի բարձրաձայնվում։ Առավել քան պարզ է, թե ԱՄՆ-ն վերջին մեկ-երկու տարիներին, բայց հատկապես՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից հետո, ավելի զգայուն եւ ավելի մեծ հետաքրքրությամբ է մոտենում Հարավային Կովկասին։ Այս նոր հետաքրքրության անմիջական նպատակը ռուսական հեղինակությունն ու ազդեցությունը  տկարացնելն է։ Հետեւաբար, Յուրի Քիմի եւ Պետքարտուղարության բոլոր կեցվածքները պետք է հասկանալ այս բովանդակության մեջ։ ԱՄՆ-ն ունի իր շահերը, եւ դրանք, բնականաբար, անպայման չէ, որ համընկնեն մեր՝ հայկական շահերի հետ, սակայն Վաշինգտոնի հետաքրքրությունը մեզ լուրջ պատեհություններ է տալիս՝ օգտվելու։ Ես կարող եմ վկայել, օրինակ, որ, որպես ամերիկահայ համայնք, տասնամյակներ շարունակ փորձ ենք արել ԱՄՆ-ի հետաքրքրությունն ու զորակցությունը հրավիրել դեպի Հայաստան, սակայն մեծ հաջողությունների չենք հասել։ Բայց հիմա իրավիճակը փոխվել է, եւ հիմա ինքը՝ ԱՄՆ-ն է, որ շահեր եւ ակնկալություններ ունի տարածաշրջանի մեջ։ Կկարողանա՞նք օգտվել այս ստեղծված իրավիճակից՝ առանց մեծ ռիսկերի գնալու. ահա՛, այստեղ է հաջողության բանալին։ Ես անձնապես մտածում եմ, որ կարելի է։

- Լսումների ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը հասցեական քննադատություն հնչեցրեց Բաքվի բռնապետական ռեժիմի հասցեին՝ ԱՄՆ-ին եւ միջազգային հանրությանը կոչ անելով մեծացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։ Նրա համոզմամբ՝ Ալիեւը չի ցանկանում բացել Լաչինի միջանցքը, քանի որ փորձում է ստիպել Արցախի հայերին՝ ենթարկվել իրեն՝ սովից դրդված կամ դրա սպառնալիքի պատճառով: Ինչպե՞ս կմեկնաբանեք սենատորի պնդումները եւ ԼՂ հարցում գործունեությունը՝ առհասարակ։

- Սենատոր Մենենդեսն այն եզակի պարագաներեն է, երբ ԱՄՆ քաղաքական կյանքի մեջ կարեւորագույն դիրքերու հասած անձնավորությունը սկզբունքային եւ անզիջող կեցվածք կպահպանե ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի շահերուն։ Մենենդեսի նման կեցվածքները նորություն չեն, անոնք երկու տասնամյակներու վրա կերկարին։ Եթե հետեւեցաք լսումներուն, նույնքան հայանպաստ դիրքերե ելույթ ունեցան սենատոր Քեյնը եւ սենատոր Մըրֆին։ Մեր հավաքական մարտահրավերն է՝ այս կեցվածքներն ու ԱՄՆ պետքարտուղարության հիշածս հետաքրքրությունները զուգորդել եւ առաջ բերել ավելի նպաստավոր եւ ներգործուն ԱՄՆ դերակատարություն թե՛ արցախյան օրակարգով, թե՛ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներու առումով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող տնտեսական եւ ռազմական օժանդակության իմաստով։

- Ի դեպ, Մենենդեսը քննադատեց ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին, երբ վերջինս խուսափեց պատասխանել հարցին, թե ինչու Ալիեւը չի ցանկանում բացել Լաչինի միջանցքը։ Քիմը մասնավորապես շեշտեց, որ կցանկանար այդ հարցն այլ՝ փակ ձեւաչափով քննարկել։ Մինչդեռ սենատորը տարակուսեց, որ Պետքարտուղարությունը երբեմն ասում է բաներ, որոնք ուղղակի զարմանալի են։ Ըստ Ձեզ, տեղի՞ն է նրա այս պնդումը։

- Այո, այդ երկխոսությունն ինքնին շատ բան էր ուզում ասել։ Մասնավորաբար, Քիմը փոխանցելու բաներ ուներ, որոնք Ադրբեջանի համար կարող էին վիրավորական բնույթ ունենալ, ինչը Քիմը չփափագեց հանրայնացնել։ Պարզ է, որ հավելյալ կերպով թեժացած հարաբերություններ կան Ադրբեջանի հետ, որ, հավանաբար։ Պետքարտուղարությունը դեռեւս պատրաստ չէր հանրայնացնելու։

- Ավելի վաղ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում մեկնաբանելով օրերս կայացած Արցախի նախագահական ընտրությունները՝ հայտարարեցին, որ չեն ճանաչում ո՛չ դրանց արդյունքները, ո՛չ էլ ԼՂ-ն՝ իբրեւ «անկախ եւ ինքնիշխան պետություն»։ Նշվեց նաեւ՝ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի (բանակցությունների) համար: Հնարավո՞ր է չճանաչել Արցախն ու լինել նրա կողքին։ 

- Անշուշտ, հնարավոր է, եւ դա է եղել ԱՄՆ-ի դիրքորոշումը վերջին 25 տարիներին։ Առանձին նահանգներ են եղել, որոնք Արցախը ճանաչել են որպես անկախ պետություն, բայց պաշտոնապես ԱՄՆ քաղաքականությունը միշտ էլ այն ընդունել է որպես Ադրբեջանի մաս։ Եվ սա, ի դեպ, միայն ԱՄՆ-ի կեցվածքը չէ, այլ՝ բովանդակ միջազգային հանրությանը՝ ընդհուպ այլապես մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի մոտեցումը։ Ահա այս կնճռոտ պարագան նկատի ունենալով է, որ ես միշտ էլ, բայց վերջին երկու տարիներին ավելի շեշտակիորեն պնդել եմ, թե առաջ պետք է քաշենք «Անջատում՝ հանուն փրկության» (Remedial Secession) բանաձեւը, որպեսզի, հաշվի նստելով հանդերձ տարածքային ամբողջականության համար սրբություն դարձած սկզբունքին, գալու է պաշտպանելու արցախահայության մարդկային, մշակութային եւ անվտանգային շահերը։ Այսօր ԱՄՆ-ն անգամ ընկալելի է  համարում այդ մոտեցումը, քանզի Ադրբեջանը շատ հստակ կերպով փաստեց, որ ինքը թշնամական եւ անմարդկային մոտեցում ունի արցախահայության ուղղությամբ, ինչը բավարար ազդակ է, որ միջազգային ուժերի հսկողությամբ անջատումի միջանկյալ քայլերն առաջնորդի։

Արա Ալոյան