Ինչո՞ւ երեւանցիների 72 տոկոսը չմասնակցեց ընտրությանը

Ինչո՞ւ երեւանցիների 72 տոկոսը չմասնակցեց ընտրությանը

«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն իր խմբագրականում անդրադարձել է Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների ցուցաբերած պասիվությանը։ Կարդալով խմբագրականը՝ ինձ բռնացրի այն մտքի վրա, թե` եթե ես այդ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենայի, ինչպե՞ս կդրսեւորեի ինձ։ Ամենայն հավանականությամբ, կլինեի ընտրություններին չգնացած 72 տոկոսի մեջ, որովհետեւ, ինչպես Ա. Օհանյանն է արձանագրել` «Ինձ համար բոլորովին միեւնույն չէ, թե ում եմ ընտրում, ինձ առաջարկված թեկնածուների մեջ ես չեմ տեսնում իրական ընդդիմադիրի, լավ առաջնորդի, արժանի մարդու, ում հանգիստ խղճով ձայնս կտամ, ինձ այլեւս հնարավոր չէ խաբել «թող Նիկոլը չլինի, ով ուզում է լինի»՝ 2018-ից վարկաբեկված կարգախոսով»:

Այլ կերպ ասած՝ ինչպեսեւ ընտրության չգնացած 72 տոկոսը, ես եւս ընտրություններին իմ չգնալով հայտարարում եմ, որ ես Նիկոլին չեմ ուզում տեսնել որպես իշխանություն, սակայն նաեւ 18 թվից դասեր եմ քաղել ու որեւէ մեկի հետեւից փակ աչքերով, պահի էմոցիոնալ-հուզական ազդեցությամբ գնացողը չեմ։
Այսինքն՝ ինչ է ստացվում. Երեւանում ընտրության չգնացած 72 տոկոսը, ըստ էության, փոխանցել է բավականին լուրջ «մեսիջներ» ողջ քաղաքական դաշտին․

• Նիկոլը մեզ համար այլեւս այն լիդերը չէ, ում կարելի է վստահել։ Այստեղ ոչ միայն հենց Նիկոլի անձն է, այլեւ Նիկոլ ասելով՝ նկատի է առնվում ողջ իշխանական թիմը։ Ու քանի որ նա այլեւս վստահելի լիդեր չէ, որին կամ ում թիմին ես կարող եմ քվե տալ, հետեւաբար, պարզապես կբոյկոտեմ ընտրությունները։ Ոչ մեկը չի կարող ինձ բռնի ընտրատեղամաս տանել։

• Հայաստանյան քաղաքական դաշտում չենք տեսնում այն արժանավոր թեկնածուին կամ ուժին, որի հետեւից կարելի է գնալ։ Այդ թեկնածուն չկա ընդդիմության ներսում՝ լինի դա տիտղոսակիր կամ ոչ տիտղոսակիր ընդդիմությունը։

• Պարզապես այդ 72 տոկոսի մոտ քաղաքական դաշտի հանդեպ վստահության մեծ դեֆիցիտ կա։ Ու դա երեկ ձեւավորված դեֆիցիտ չէ։ Մարդիկ չեն հավատում եւ չգիտեն` օրինակ, ընդդիմադիրն արդյոք իրակա՞ն ընդդիմադիր է, թե՞ «գրպանային» կամ «հաճախորդ»։ Այնքան են խաբվել, որ լավագույն լուծումը տոտալ կերպով բոլորին չվստահելն է։

• Եվ վերջապես, ինչին հատկապես ես եմ կողմնակից՝ գործող ընտրակարգում մարդու, քաղաքացու ամբողջական կամարտահայտման իրավունքն արտացոլված չէ։ Կմասնակցեմ ընտրություններին, անկախ այն հանգամանքից, թե ինչ մակարդակի է, եթե քվեաթերթիկում լինի նաեւ «բոլորին դեմ» տողը։ Ի վերջո՝ եղած քաղաքական ուժերին չընտրելը, նրանց գաղափարները չկիսելը կամ մերժելը եւս քաղաքական դիրքորոշում է, որը պետք է հարգվի։