Հայաստանի չորրորդ հանրապետության սիմվոլը, հավանաբար, գինու փառատոնը կլինի

Հայաստանի չորրորդ հանրապետության սիմվոլը, հավանաբար, գինու փառատոնը կլինի

Հարցազրույց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ

- Իշխանություններն ասում են, որ մեր պետականության խնդիրները գալիս են նրանից, որ մենք ճիշտ չենք մոտենում պատմությանը՝ մենք պետք է ուղղենք սխալները։ Օրինակ, Արարատ լեռը մեր սահմաններից դուրս է, պետք չէ այն ֆետիշացնել, Հայաստանի ամենաբարձր սարն Արագածն է։ Արդյոք սրանք անմե՞ղ մտքեր են։ 

- Շատ նման է այն ասացվածքին, որ հոնքն ուղղելու տեղը աչքն են հանում։ Իհարկե, պրագմատիզմը շատ կարեւոր է, եւ կեղծ հայրենասիրությունը, կենացային հայրենասիրությունը, Ստամբուլն արյան ծով սարքելու լոզունգները խանգարում են իրատեսական տեսնել զարգացումները, քաղաքականությունը։ Բայց իշխանությունների արած քայլերը դրա մասին չեն, այդ կատեգորիկ ձեւակերպումները, որ անում են քաղաքական գործիչները՝ նույն Փաշինյանը, հենված չեն գիտական օբյեկտիվության վրա։ Ի՞նչ է նշանակում, որ Արարատը մեր սարը չէ։ Եթե պատմության մասին է խոսքը, ապա պատմությունը մի քանի 1000 տարվա մասին է։ Եթե Հայոց պատմությունը կոչ են անում փոխել Հայաստանի պատմության հետ, նույնպես խնդիր կա, որովհետեւ, օրինակ, Արարատն առաջին հանրապետության ժամանակ եղել է մեր սահմաններում։ Հիմա՝ Հայաստանի պատմության դասագրքում առաջին հանրապետության մասին լինելո՞ւ է, Արարատի մասին ինչպե՞ս կարելի է չխոսել, ինչպե՞ս կարող է այն չլինել։ Ժողովուրդներն ունենում են սիմվոլներ, որոնք երբեմն ժամանակավոր սահմաններով չեն սահմանափակվում։ Արարատը մեր սիմվոլն է, կա եւ լինելու է մի քանի 1000 տարի։ Անգամ սովետական Հայաստանի գերբում Արարատը մեր սիմվոլն էր։ Մեր թվարկությունից առաջ կան թողարկված դրամներ՝ Արտաշեսյան դինաստիայի, որտեղ Արարատ սարը նույնպես նշված է։ Այսինքն՝ դու սիմվոլի հետ գործ ունես։ Սիմվոլը մարդկանց, ժողովրդի էությունն է, մասն է, եւ չի կարող որեւէ իշխանություն, քաղաքական պրագմատիզմից ելնելով, դա փոխել։ Ցավն այն է, որ դա քաղաքական պրագմատիզմ չէ, դրանք թուրքական նախապայմաններ են, որոնք 90-ի սկզբից դրված են քաղաքական օրակարգում, եւ նրանք մեզնից հստակ պահանջել են Արարատ սարը հանել մեր սիմվոլիկայից։ 1992-ից սկսած՝ բազմաթիվ նման պահանջներ, հայտարարություններ են եղել, եւ հիմա դա ներկայացնել որպես սեփական նախաձեռնություն, առնվազն ազնիվ չէ։ 

- Արարատ սարը մեր գերբից հեռացնելը, մեր պատմության դասագրքերը նույնպե՞ս թուրքական նախապայմաններ են։ 

- Թուրքիան ունի բազմաթիվ պահանջներ, եւ դրանցից որեւիցե մեկի բավարարումը չի նշանակում, որ այն չի շարունակվի, դրանք անընդհատ կարող են ի հայտ գալ։ Այդ պահանջները բավարարելով՝ մեր պետությունը չի հասնելու արդյունքի, այլ բախվելու է եւս մեկ պահանջի։ Արարատ սարի նկատմամբ պահանջը բավարարելուց հետո գուցե պահանջեն Արագած սարը վերանվանել Ալագյազ, Երեւանի թաղամասերի անվանումները փոխել, օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա թաղամասը, երկուսն էլ թուրքական նահանգներ են հիմա, Կիլիկիա, Արաբկիր թաղամասերի անունները փոխել, պահանջեն փոխել Խարբերդի անունը, Նոր Հաճնի։ Այսինքն, չկա մի սահման, որ ասեմ՝ այդտեղ թուրքական պահանջները կդադարեն։ Եթե իշխանությունները մտածում են, որ այս մի պահանջը կատարելով հասնելու են խաղաղության, ապա չարաչար սխալվում են, ինքնախաբեության մեջ են եւ չեն պատկերացնում իրական, թուրքական գործելաոճը, նրանց քայլերի տրամաբանությունը։ Նաեւ նման պահանջների բավարարումը նշանակում է քո արժանապատվությունից հրաժարվել։ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ շատ մեծ ջատագովն էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, բայց անգամ նրա ժամանակ որեւէ այս ոճի պահանջ չի եկել քաղաքական օրակարգ, քանի որ Հայաստանի դիրքորոշումը եղել է բավական կոշտ եւ հենված արժանապատվության վրա։ Պետք չէ նոր հեծանիվ հորինել եւ մտածել, որ նախկինները, նույն Տեր-Պետրոսյանը, չէին հասկանում, կամ այն ժամանակվա հմուտ արտգործնախարարները չէին հասկանում, թե ինչպես կարելի է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եւ հայտնվեցին իրենք ու որոշեցին նոր հայկական հեծանիվ հորինել։ 

- Բայց նրանց «հաջողվեց» Հայաստանի երրորդ հանրապետության կարեւոր ձեռքբերումներից հրաժարվել, օրինակ՝ Արցախից, պահանջատիրությունից, այսօր փորձում են փոխել հասարակությանը, որ չհիշեն իրենց պատմությունը, Արցախը, չլինեն պահանջատեր։ Նրանց հաջողվելո՞ւ է հասնել իրենց նպատակին։

- Մենք այսօր ականատես ենք լինում երրորդ հանրապետության ավարտին։ Երրորդ հանրապետությունն ավարտվում է նաեւ իր սիմվոլիկաներով՝ Սահմանադրությամբ, ավարտվում է իր արժեհամակարգով, իր ձեռքբերումներով, իր հերոսներով: Երրորդ հանրապետության անկումը նաեւ նշանակում է մեր ինքնության որեւիցե ժամանակահատվածի ձեւախեղում: Մինչ այս հաջողվել է իշխանություններին անել ամենացավալի խեղումները՝ մեր պետականության, մեր ինքնության մեջ։ Այս ամենը կանգնեցնող ռեալ կանխող ուժ այս պարագայում չի երեւում, եւ չեմ կարող ասել, թե ռեալ ինչը կկանխի այս իշխանությունների կազմաքանդող, պետականակործան քայլերը։ Մտածում եմ, ժողովրդին ավելի ճիշտ բացատրելու դեպքում` լինի հայոց պատմության դասագրքերի մասին, Արարատի, սիմվոլիկաների հետ կապված։ Անգամ Փաշինյանին սատարող քաղաքացիները չեն կարող ընդունել այս փոփոխությունները, քանի որ այս սիմվոլները վերաբերում են յուրաքանչյուրին, յուրաքանչյուրի պատմությանը, յուրաքանչյուրի ընտանիքին։ Միակ ռեալ հույսս այն է, որ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն եւ հանրությանը կարողանան ճիշտ ներկայացնել այս ամենի ողբերգական հետեւանքները։ Նաեւ ողջ են երրորդ հանրապետությունը կերտողները, եւ իրենք պետք է ավելի ակտիվ դաշտ տեղափոխվեն, որովհետեւ կործանվում է իրենց իսկ ստեղծած ամբողջ արժեհամակարգը։ Ըստ էության, փոշիանում է իրենց կյանքի գործը։ Չնայած մենք տեսել ենք, որ իրենց կյանքի ստեղծած կորուստը մինչ օրս տանում են լռությամբ` թե՛ քաղաքական գործիչները, թե՛ ռազմական գործիչները։ Այնպես որ՝ ակնկալել, որ կտեսնենք բեկում, ես այս հարցում վատատես եմ։

- Ըստ Ձեզ, ինչպե՞ս են պատրաստվում կառուցել չորրորդ հանրապետությունը։ Ո՞րն է լինելու այդ հանրապետության սիմվոլը։

- Մոտավոր կարող ենք տեսնել` հաշվի առնելով նրանց մոտեցումները, արժեհամակարգը. գինու փառատոնների հանրապետություն, պայմանական ասված` դրանից բխող տարբեր այլ հետեւանքներով, որտեղ չեն լինելու ազգային հիշողություն, ազգային ատրիբուտիկա, որտեղ կարեւորվելու են կենցաղը, սոցիալական բարեկեցությունը, եւ որտեղ մեր ինքնությունը ձեւավորող բազմաթիվ փաստեր զրո են։ Գուցե այն կոչվի ՀՀ, բայց հայկական պետականություն դժվար կլինի կոչել, որովհետեւ ապրողները կարող են լինել Հայաստանի քաղաքացիներ, բայց հայկական ինքնության շատ քիչ տարրեր կմնան, եթե հաջողվի կառուցել այդ չորրորդ հանրապետությունը։