Խոսուն լուսանկար

Խոսուն լուսանկար

Մարզական լրագրողի հուշերից

Թե որքան ահավոր էր ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի ժողովուրդների կենսամակարդակների տարբերությունը, երեւի թե չարժե անգամ հիշեցնել։ Սակայն պատահաբար ձեռքս ընկած այս լուսանկարն ստիպեց ներկայացնել, կարծում եմ, ներկա սերնդի համար անսովոր, բայց հետաքրքիր մի միջադեպ։ Որպես մարզական լրագրող՝ բազմիցս առիթներ եմ ունեցել մոտիկից զգալու եւ հասկանալու այդ ամենի հոգեբանական հետեւանքները, հատկապես այն, թե գլխավոր պարտականություններից զատ, ինչն էր առավել շատ հետաքրքրում դրսի մրցումները լուսաբանողներին եւ ոչ միայն նրանց, ովքեր բախտ էին ունենում թեկուզ կարճ ժամանակով ստանալու արտասահման մեկնելու հաճելի հնարավորություն։

Բոլորին անսքող միավորում էր մի բան՝ առաջին հերթին դեֆիցիտ համարվող սեւ խավիարը, որի շնորհիվ, ավելի ճիշտ՝ խավիարն իրացնելու շնորհիվ ուղեւորության համար նախատեսված ու թույլատրելի գրոշներին հնարավոր էր լինում ավելացնել եւս մեկ-երկուսը, որպեսզի գնումներ անես փտած իմպերիալիզմի այդ երկրում եւ տուն վերադառնալիս գնածդ անսովոր նվերներով մեծ ուրախություն պատճառես հարազատներիդ։ Բայց այդ դեպքում մեծ հնարամտության եւ հրաշագործությունների էր անհրաժեշտ դիմել՝ հայրենիք վերադառնալիս սահմանն անցնելու եւ եղած սահմանափակումները շրջանցելու համար։

Այս առթիվ անկարող եմ մոռանալ մի արտակարգ դեպք, երբ մի անգամ տունդարձի ժամանակ ինքնաթիռում հայտարարեցին, որ շուտով վայրէջք է կատարվելու  Մոսկվայում․ անմիջապես արտակարգ իրարանցում սկսվեց ուղեւորների շրջանում, եւ շատ շուտով երկար հերթ գոյացավ... զուգարանի մոտ։ «Ի՞նչ է պատահել» իմ՝ անփորձի պրիմիտիվ հնչեցրած հարցին ի պատասխան, շատ բան տեսած հարեւան ուղեւորը բացատրեց․ «Իրենց հետ բերած խավիարի հաշվին մեկ-երկու «ավելորդ»՝ ֆիրմային բլուզ-շալվարն են ստիպված հագնում, որ սահմանին խնդիրներ չունենան, հեշտ անցկացնեն մնացած բեռը»…

Իսկ այս խոսուն լուսանկարը ժամանակին, կես դար առաջ, բերել եմ Լյուբլյանայից, որտեղ անցկացվում էր բասկետբոլի աշխարհի հերթական առաջնությունը։ Ի դեպ, ինչպեսեւ սպասվում էր, չեմպիոնների ոսկե մեդալները նվաճեցին ամերիկացիները, որոնք եզրափակիչում վստահ առավելության հասան տեղացիների՝ հարավսլավացիների նկատմամբ։ Առաջնության օրերին ստացվեց այնպես, որ քաղաքի կենտրոնում պատահաբար հանդիպեցին խորհրդային եւ ամերիկյան լրագրողների խմբերը։ Եվ կարծես հատուկ նկարահանվեց նրանց բացառիկ տարբերությունը վկայող եւս մի հարմար, կարելի է ասել՝ այս ծիծաղելի պահը, երբ անդրօվկիանոսյան հյուրերը ֆիզիկապես էլ ցուցադրում են իրենց բացահայտ առավելությունը սովետների նկատմամբ։ Դե, իսկ մեր քառյակի աջից ձեր խոնարհ ծառան է։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ