Հանաքչի նախարարը

Հանաքչի նախարարը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին` «Կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական զեկուցողին, ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը հարց է տալիս, թե առաջարկվող նախագծով բուհերի կառավարման բարձրագույն մարմինները (կառավարման (հոգաբարձուների) խորհուրդները) կազմված են լինելու 9 անդամից, որից 5-ին նշանակելու է լիազոր մարմինը՝ կառավարությունը․ ինչո՞ւ։  Գործող կարգավորումներով՝ գրեթե բոլոր պետական բուհերում կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների (կառավարման) խորհրդի 25%-ը նշանակում էր նախարարությունը, 25%-ը՝ կառավարությունը, 25%-ն ընտրվում էր դասախոսներից, 25%-ը՝ ուսանողներից։ Կառավարման խորհուրդն էլ ընտրում էր ռեկտորին։  

Ինչպես տեսնում ենք՝ մինչ այսօր փաստացի գործել է հավասարության սկզբունքը, որի հիման վրա այդ խորհուրդներում բուհի ղեկավարի ընտրությունը կարող էր ընթանալ հնարավորինս մրցակցային պայմաններում։ Մինչդեռ նոր օրենքով (նախագծով) փոխված է կառավարման խորհուրդների անդամների թվային հարաբերակցությունը՝ հօգուտ կառավարության, եւ պատգամավորի հարցի ենթատեքստը հենց այդ է՝ արդյո՞ք չենք վերադառնում բուհերի ռեկտորների «նշանակովի» տարբերակին, քանի որ կառավարման խորհուրդներում թվային գերակշռություն ունեցող կառավարությունը ժողովրդավարության եւ բուհերի ինքնավարության պատրանք ստեղծելով՝ այնուամենայնիվ նշանակելու է իր ռեկտորին։

Այս պարզ հարցը եւ մտահոգությունը, որը հասարակ մտահոգություն չէ, այլ քննարկվող օրինագծի ամենախոցելի կողմերից մեկը, իր նոր պաշտոնի հանդեպ խիստ բարեհոգաբար տրամադրված ԿԳՄՍ նախարարին, սակայն, ոչ մի կերպ «չհասավ»։ Փոխանակ պատասխանելու բուն մտահոգությանը, մեր մաթեմատիկոս նախարարը նախ հեգնախառը ծանրացավ խորհուրդների կազմերի համար օրենքի նախագծում ամրագրված 9 թվի վրա՝ չափազանց փիլիսոփայական մոտեցմամբ 9 թիվը նույնքան չհիմնավորված համարելով, որքան 7, 8, 10 թվերը։

Ապա համեմատությունը ծավալեց-հասցրեց մինչեւ երկրի խորհրդարանի կազմը՝ ընդգծելով, որ ոչ մի տրամաբանություն չկա նաեւ նրանում, թե ինչու է ՀՀ Ազգային ժողովը կազմված 132 պատգամավորից։ Անշուշտ, չի կարելի չհամաձայնել այդտեղ եւս առկա պայմանականությանը, բայց, եղբայր, խոսքը ոչ թե բուհերի կառավարման խորհուրդների կազմի թվի մասին է՝ ընդհանրապես, այլ՝ այդ թվի մեջ կառավարության ներկայացուցչական գերակշռության՝ մասնավորապես։ Չէ՞ որ վերջինս անթաքույց հուշում է, որ կառավարությունը գնում է բուհերում իրեն ցանկալի կադրին ռեկտոր նշանակելու ճանապարհով։ 

Իսկ այս տրամաբանությունը չի արդարացվում, եւ առաջիկա վտանգներն էլ չեն վերանում նույնիսկ այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարարը շատ հանաքչի է։